Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Անպիտան է տունն առանց կտուրի

Արարիչ Աստված, Իր պատկերով և նմանությամբ արարելով մարդուն, նրա առջև բաց արեց աստվածճանաչողության, այսինքն՝ սիրո ուղին: Իր ողորմության, օրհնության և բազում պարգևների դիմաց Նա ոչինչ չի պահանջում Իր արարածներից, այլ ցանկանում է, որ նրանցից յուրաքանչյուրը սիրո աղբյուր հանդիսանա: Աստծո հանդեպ սերն արտահայտվում է Նրա կամքը կատարելով: Քրիստոս ասաց. «Եթե սիրում եք Ինձ, կպահեք Իմ պատվիրանները» (Հովհ. 14:15): Եկեղեցու հայրերից մեկը, սիրո առաքինության կարևորությունը շեշտելով, հետևյալ օրինակն է նշել. «Եթե մարդը տուն կառուցի և այն թողնի առանց կտուրի, ապա այդ տունը ոչ մի բանի համար պիտանի չի լինի: Այդպես և մարդը, եթե ձեռք բերի բոլոր առաքինությունները, բացի սիրուց, ապա իր առաքինությունների տունը կմնա առանց կտուրի և կատարելապես անպիտան»:

Երախտագետ անձը չի մոռանում Արարչի կողմից իրեն շնորհված բարիքները, այլ այդ բարիքներից բաժնեկից է դարձնում նաև իր նմանին: Մարտի 18-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Համբարձումյան Նունեին (43 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Նունեն իր մայրիկի, ամուսնու և դստեր հետ բնակվում է Արարատի մարզի գ. Արգավանդի Ս. Սարգիս զորավար փ. 45 տ. հասցեում: Ընտանիքի միակ զավակը՝ Մանեն (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ընտանիքը մի շարք խնդիրներ ունի: «Ամուսինս չի աշխատում. նա վատառողջ է, երկու անգամ սրտի ստենդավորում է անցել, երրորդ վիրահատության կարիքն ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով այն հետաձգվում է: Ես էլ, երեխայի խնամքով զբաղված լինելով, չեմ կարողանում աշխատել: Փորձում ենք մեր նվազագույն կարիքները հոգալ մայրիկիս և Մանեին տրամադրվող թոշակների գումարներով: Շնորհակալ եմ աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար»,- ասաց Նունեն:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.