Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև-մարդ Մհեր Մինասյանը, որը երազում է ոչնչացնել ավելորդ քրոմոսոմը

#ՄհերՄինասյան Դաունի համախտանիշ ունեցող տղայի ոգեշնչող պատմությունը։ Նա ապացուցեց, որ անհնարինը հնարավոր է, որ այդ համախտանիշն ունեցող մարդը կարող է պաշտոնական աշխատանք գտնել և անգամ դառնալ լավագույն աշխատակից։ Նրա մասին հոդված է նախապատրաստել Sputnik լրատվականը, որը ներկայացնում ենք թարգմանաբար։ 27-ամյա Մհերի տանը բազմաթիվ տարբեր մրցանակներ կան, սակայն նրա համար ամենթանկն ամսվա լավագույն աշխատակցի շնորհակալագիրն է։ Նա Մինսկում Դաունի համախտանիշ ունեցող առաջին մարդն է, որը պաշտոնական աշխատանք է գտել։ Դրանով նա ապացուցել է, որ անհնարինը հնարավոր է։ Նրան հյուր է գնացել Sputnik լրատվականի թղթակիցը։

Շատ սովորական երեխա

Մհերենց տանը միշտ ուրախությամբ են հյուրեր ընդունում, հրավիրում են սեղանի մոտ, որի վրա անուշահոտ բուրում է թխվածքը («Մաման է սարքել, բայց ես էլ եմ կարողանում»)։ Հետո սկսվում է երկարատև զրույցը քաղաքականության, երաժշտության ու թատրոնի և անգամ սիրո մասին։Ինչ-որ պահի ինքդ քեզ բռնացնում ես մտածելիս՝ շատ սովորական մարդ է՝ թեկուզ և ավելորդ քրոմոսոմով։

Մհերը հրաշալի է ֆորտեպիանո նվագում, վալս ու տանգո է պարում, ելույթ է ունենում «Արև-երեխաներ» թատերական ստուդիայում, խոսում է հայերեն։Շատ հարցերում նրա այսօրվա ձեռքբերումները նրա մոր մեծ աշխատանքի արդյունքն են։ Մարիետան միայն երեխայի լույս աշխարհ գալուց հետո է իմացել, որ նա Դաունի համախտանիշ ունի։

«Երկու ամիս սենյակից դուրս չէի գալիս, չէի կարողանում հանգստանալ»,-խոստովանում է Մարիետան։ Ավելի ուշ պարզ դարձավ, որ հնարավոր չէ հավերժ խուսափել ախտորոշումից։ Մնում է միայն ընդունել այն և շարունակել կյանքը։Ոչ ոք երբեք Մհերին որպես հիվանդ երեխայի չի վերաբերվել։ Նա իր ավագ եղբայրներին հավասար ամաններն է լվացել, սովորել է կերակուր պատրաստել, սենյակը հավաքել։ «Երբ բժիշկն ինձ ասաց, որ նա հիվանդ է, նրան պատասխանեցի՝ դա դեռ կտեսնենք, ու որոշեցի երեխայիս մեծացնել այնպես, ինչպես մյուսներին։ «Ի՞նչ է նշանակում չես կարող անել», -ասում էի Մհերին։ -Բոլորը կարողանում են, նշանակում է դու էլ կկարողանաս»,- հիշում է Մարիետան։

Սովորական դպրոց է գնացել

1999-ին Մինասյանները տեղափոխվեցին Բելոռուսիա․ Մհերի հորն այնտեղ աշխատանք էին առաջարկել։ Տղան նույնպես ինտեգրվեց կոլեկտիվում։Այդ ժամանակ ապրում էին Միխանովիչ գյուղում (Մինսկ), որտեղ հատուկ դպրոցներ չկային, և Մհերին ուղարկեցին սովորական դպրոց։ «Դպրոցում Մհերին աչքի լույսի պես էին պահում։ Նրան սրտի վիրահատություն էին արել, և ուսուցիչը երեխաներին խնդրել էր հոգ տանել նրա մասին»,-պատմում է Մարիետան։«Պատահել է, որ նա ընկել է, ու բոլորն արագ վազել են օգնության։ Երբ ուսուցչուհին հասել է, նրան արդեն նստեցրած են եղել աթոռին»,-ավելացնում է մայրը։Անգամ գնահատականների հարցում Մհերը չի զիջել մյուսներին, ուսուցիչները զարմանում էին ու հիանում նրա ընդունակություններով։ Շուտով ընտանիքը տուն է ստանում Մինսկում և ստիպված լինում երեխայի համար նոր դպրոց փնտրել։ Այդ անգամ ստիպված եղան հատուկ հաստատություն գնալ։ Մհերը ծանր սրտով է հիշում դրա մասին։«Ինտերնատում տարբեր կարողություններով երեխաներ էին ապրում։ Բոլորը հրմշտում էին իրար, խփում։ Մտածում էի՝ ոնց անեմ, որ այդտեղից շուտ դուրս գամ և այլևս չվերադառնամ»,-խոստովանում է Մհերը։Առանց ավելորդ բառերի էլ պարզ է, որ տղան կյանքում առաջին անգամ բախվել է հուսահատությանն ու անզորությանը․ երեխան, որին դաստիարակել են որպես սովորական երեխայի, հայտնվել է հատուկ երեխաների աշխարհում։

Չորս կիլոմետր թիանավով

Մհերը հյուրերին ուղեկցում է իր սենյակ։ Ամենատեսանելի հատվածում դրված է լավագույն աշխատակցին տրված շնորհակալագիրը։ Կողքին կոլեգաների սարքած պլակատն է․ նրան շնորհավորել էին ծննդյան օրվա առթիվ։Մհերի կյանքը հիմնովին փոխվում է 2015 թվականին, երբ նա դառնում է Մինսկում ապրող Դաունի համախտանիշ ունեցող միակ մարդը, որը պաշտոնական աշխատանք ունի։ Թեկուզ այն նախանձելի աշխատանք չէր ըստ համընդհանուր չափանիշների (Մհերն աշխատում էր խոհանոցում), բայց նա ապացուցեց, որ աշխարհը, հետևաբար նաև մենք, փոխվում ենք, դառնում ենք ավելի ընկերասեր ու հանդուրժող։ «Ռենեսանս» հյուրանոցային համալիրում տղան աշխատում է երեք տարի։ Նրան բոլորն են սիրում, իսկ ղեկավարը մի օր անգամ հրավիրել էր թիանավ քշելու։ Չորս կիլոմետր քշել են առանց հանգստանալու։ Մհերի մայրն ստիպված է եղել վերջնակետ հասնել մեքենայով։

Մեկ տարի առաջ տղային օֆտալմոլոգիական լուրջ վիրահատություն են նշանակել, և նա ստիպված է եղել դուրս գալ աշխատանքից։ Այսօր նա կրկին աշխատանք է փնտրում։ Նա պատրաստ է կատարել ցանկացած աշխատանք, իսկ քանի դեռ այն չկա, որոշել է ինքնազարգացմամբ զբաղվել, և հետաքրքրվում է համակարգչային տեխնիկայով։ Մհերը խոստովանում է, որ մի շատ հավակնոտ երազանք ունի՝ ինչ-որ մի օր աշխատել IT (համակարգչային տեխնոլոգիաներ) ոլորտում։

Քրոմոսո՛մ, չքվի՛ր

Մհերը 27 տարեկան է և, բնականաբար, երազում է լուրջ հարաբերությունների, սիրո, ընտանիքի մասին։ Մինչ այժմ, ճիշտ է, չի ստացվել, բայց նա չի էլ պատրաստվում հանձնվել։ Ասում է, որ իր անունը թարգմանաբար նշանակում է «կրակ»։ Հրե սիրտն սպասում է սիրո։Կա մի տեղ, որտեղ Մհերը կարող է հոգին բացել, այդ բեմն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ նա հաճախում է «Արև-երեխաներ» ստուդիա, որը նման է Մոսկվայի Բարեսիրտների թատրոնին, որում Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ խաղում են թատրոնում։ Ըստ էության՝ նրանք ապացուցում են, որ ավելորդ քրոմոսոմ ունեցող մարդը կարող է աշխարհին ավելին տալ։Տանը պարապելուց հետո Մհերը նստում է սինթեզատորի մոտ։ Հնչում են Օգինսկու՝ նրա սիրելի ստեղծագործությունները և անգամ Մոցարտի Թուրքական մարշը, որը նվագելը բարդ է։

Դիտեք տեսանյութը՝ Մհերը սինթեզատոր է նվագում

Երաժշտությամբ զբաղվում է երրորդ դասարանից և այժմ էլ ելույթ է ունենում ֆեստիվալներում ամբողջ Բելոռուսիայով մեկ։ Հաճախ հանդիսատեսը չի հավատում, որ Մհերն իսկականից է այդպես լավ նվագում։ Օրինակ մի անգամ մոտեցել են նրա մորը և հարցրել․ «Ձեր որդին ստեղների վրա հուշումնե՞ր է գրել»։ Վոլկովիսկում զավեշտալի այլ դեպք էր եղել։ Կազմակերպիչները կարծել էին, որ Մհերը ֆոնոգրամայով է ելույթ ունենալու և պարզապես չէին միացրել սինթեզատորը։Մհերը երբեմն լաց է լինում։ Ցավոք նրա սիրելի մայրը չի կարող պաշտպանել նրան ամբողջ աշխարհից։ Իսկ կյանքը կրկնում է՝ նա տարբերվում է մյուսներից, որքան էլ որ կիրթ ու տաղանդավոր լինի։ Ապրած ամբողջ կյանքում նա երազել է իր մեջ ոչնչացնել ավելորդ քրոմոսոմը։ «Նրան դուր չի գալիս, երբ նրա հետ ախտորոշման մասին են խոսում։ Երբ նա փոքր էր, փորձեցի բացատրել՝ դու ավելորդ քրոմոսոմ ունես, դու այնպիսին չես, ինչպիսին բոլորն են։ Նա մտածեց-մտածեց և ասաց․ «Կսկսեմ շատ ուժեղ սպորտով զբաղվել, որպեսզի այն ինձնից հեռանա»»,-պատմում է Մարիետան։Մհերին քաղաքում շատերն են ճանաչում, լրագրողները հաճախ են նրանից հարցազրույց վերցնում, բայց նա ինքն ասում է, որ աշխարհում ամեն բան կտար, որ սովորական լիներ, որեսզի ոչ ոք իրեն հարցերով չմոտենար։ Ապրեր բոլորի պես։ Սիրեր բոլորի պես։

Տեղեկագիր

«Դաունի համախտանիշ» երիտասարդական հասարակական կազմակերպության ղեկավար Օլգա Շալկովսկայան պատմեց, որ Մինսկում Դաունի համախտանիշ ունեցող միայն մեկ աշխատունակ մարդ կա։ Մհերի պես նա աշխատում է «Ռենեսանս» հյուրանոցային համալիրում։Հաշմանդամություն ունեցող մարդկանց համար հեշտ չէ Բելոռուսիայում աշխատանք գտնելը։ Կազմակերպությունների մեծամասնությունը դեռ պատրաստ չէ նրանց աշխատանքի ընդունել, չնայած որ Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ բազմաթիվ արժանիքներ ունեն՝ պարտաճանաչ են, մաքրասեր, կատարող։«Աշխարհի բազմաթիվ երկրներում նրանք աշխատունակ են, աշխատում են հյուրանոցային բիզնեսում, փոքր խանութներում։ Վիլնյուսում լավ օրինակներ կան, որ Դաունի համախտանիշ ուեցող մարդիկ աշխատում են մեծ հանրախանութներում և միրգ ու բանջարեղեն են տեղափոխում սայլակով։ Կան տեղեր, որտեղ աշխատելով՝ նրանք մեծ օգուտ կտան և՛ իրենց, և՛ հասարակությանը»,-նշում է Շալկովսկայան։ Աղբյուրը՝ www.sputnik.by Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.