Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Բժիշկ Լեժեն. նոր վերաբերմունքի սկիզբը

Մարդկանց մեծ մասը ճանաչում է միայն մեկ բժշկի, որի անունը կապված է Դաունի համախտանիշի հետ՝ Ջոն Դաունին: Հենց նա է բժշկության մեջ առաջինը ջանք ներդրել՝ նկարագրելու օրգանիզմի զարգացման այդ շեղումը։ Բայց կա մի անուն, որին պարտական ենք համախտանիշի գենետիկ բնույթի բացահայտմամբ, ինչպես նաև յուրահատկություններ ունեցող մարդկանց նկատմամբ հեղաշրջումով՝ ֆրանսիացի մանկաբույժ և գենետիկ Ժերոմ Լեժենին։

Դեռ շատ առաջ, նախքան կդադարեին Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին անհույս համարել, Լեժենը համարձակորեն հաղթահարել է այդ ախտորոշման հետ կապված հասարակական կարծրատիպերը։ 20-րդ դարի կեսերին նա պաշտպանում էր կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող մարդկանց իրավունքները, հեշտացնում նրանց ֆիզիկական տառապանքները և փորձում բարելավել նրանց հոգեբանական վիճակը՝ գիտությանն այդ պահին հասանելի միջոցներով, ինչպես նաև նրանց ճակատագրում իր անկեղծ մասնակցությամբ և անսահման մարդասիրությամբ։

Նույնիսկ համաշխարհային ճանաչում ու փառք ձեռք բերելով՝ բժիշկ Լեժենը մնաց նրբանկատ և կարեկից մարդ՝ շարունակելով իր առանձնահատուկ հիվանդների ընդունելությունները: Հնարավոր չէ բառերով փոխանցել, թե նա ինչպիսի անհավանական հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներին։ Անցյալ դարի կեսերին ախտորոշումը հայտնելու ձևը հեռու էր բավարար լինելուց, և հաճախ ծնողները բժշկի մոտ էին գալիս ամենաճնշված վիճակում և սաստիկ հուսահատ: Բժիշկ Լեժենը նրանց հույս ու հավատ էր տալիս, որ այնքան անհրաժեշտ էին նրանց կյանքի դժվարագույն պահերին։

Ընտանեկան խորհրդակցությունները այս հրաշալի բժշկի ու մարդասերի կողմից կիրառված նորարարություններից մեկն են: Ողջ ընտանիքը՝ ներառյալ բնականոն զարգացում ունեցող երեխաները, ներկա էր լինում դրանց, որպեսզի յուրաքանչյուրը կարողանա հասկանալ յուրահատկություններ ունեցող իրենց ընտանիքի անդամի վարքագծի, զարգացման և առողջության նրբությունները։

Լեժենի անհավանական մարդասիրությունը սահմաններ չգիտեր: Նա կարող էր ցանկացած ընտանեկան տոն ընդհատել և պատասխանել իր հիվանդների անհանգստացած ծնողների կամ նրանց զանգերին, ովքեր առաջին անգամ էին բախվել այս ախտորոշմանը: Հաճախ համեստ հիվանդները, գիտության լուսատուի հեռախոսահամարը ստանալով, չէին համարձակվում զանգահարել նրան, և այդ ժամանակ բժիշկը նախաձեռնությունն իր ձեռքն առնելով՝ ինքն էր հնարավորություն գտնում՝ կապ հաստատելու նրանց հետ, ովքեր այդքան զգում էին նրա կարիքը։

Բժիշկ Լեժենը մահացել է 1994 թվականի ապրիլի 3-ին, 67 տարեկան հասակում, Զատկի կիրակի օրը, զանգերի ղողաջնների ներքո, թողնելով կնոջը, 5 երեխաներին, 27 թոռներին և անհամար մարդկանց, որոնք անչափ երախտապարտ են նրան իրենց և իրենց յուրահատուկ զավակների ճակատագրին մասնակից լինելու համար

 

Ռուսերենից թարգմանեց Անուշ Ասլանյանը

 

 

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *