Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել»

Ճշմարիտ բարին Աստված է, և Նրա կամքին հնազանվելը բարիք է քրիստոնյայի համար: Բարիքի աղբյուրը մարդն իր սրտում է կրում, քանի որ այն, ըստ Պաիսիոս Աթոսացու, մարդը ժառանգություն է ստացել Աստծուց: Շատ անգամ կրքերը խոչընդոտում են մարդուն բարին գործելու, իսկ առանց բարի գործերի հնարավոր չէ երկնքում գանձեր կուտակել: Ո՛չ հարստությունը և ո՛չ որևէ ունեցվածք չի կարող մարդն իր հետ երկինք տանել, բարի գործերն են, որ հարստացնում են մարդուն և թույլ տալիս հավիտենական կյանքը ժառանգել:

Հոգևոր հարստությունն իրենց սրտում կրողները հոգևոր, լուսավոր ու տևական ուրախություն են ապրում՝ այն փոխանցելով նաև իրենց շրջապատող մարդկանց: «Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել» (Ժող. 3:12), ինչպես նաև՝ ավելի երջանկաբեր է տալը, քան վերցնելը (Գործք Առ. 20:35): Նոյեմբերի 6-ին, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, համայնքի Տիգրանյան ընտանիքի կողմից Սարգսյան Նվերին ( 30 տ.) որպես խրախուսանք հանձնեց հիսուն հազար դրամ: Նվերը Դաունի համախտանիշ ունի, նա հինգ ամիս է, որ հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և թատրոնի լավագույն սաներից է: Նա ցանկանում է դերասան դառնալ: Նվերի բազմանդամ ընտանիքն արդեն երեսուն տարի է, որ բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում: Նա ընտանիքի չորս զավակներից ավագն է, նրա հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսաներկու տարի առաջ: Նվերի մայրը և եղբայրներից մեկն առողջական խնդիրներ ունեն, բայց ֆինանսական խնդրի պատճառով չեն կարողանում բժշկի դիմել: Սարգսյան ընտանիքն անհատ բարերարի կողմից տրամադրած շինանյութով փորձում է փոքր տուն կառուցել իրենց տնակի դիմաց, բայց գումարի սղության պատճառով այն դեռ չի կարողացել ավարտել: Նվերի քույրն ու եղբայրն են ժամանակ առ ժամանակ աշխատում, և բազմանդամ ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ Նվերին հատկացվող հաշմանդամության գումարով: Նվերը շնորհակալություն հայտնեց Տեր Գրիգորին և աջակից Տիգրանյան ընտանիքին՝ ուշադրության և հոգածության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն