Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երբ անցավորը գործածում ենք հանուն հավիտենականի

Աշխարհն անցողիկ է և այն, ինչ կա այս աշխարհում և ինչին կառչած է մարդը, նույնպես անցողիկ է: Նյութականին գերի դարձած անձը վաղ թե ուշ գիտակցում է, որ «ամեն ինչ ունայնություն է» (Ժող. 2:11): Բայց այլ է այն մարդու վիճակը, որն Աստծո կամքով է ապրում, նրա համար կարևորագույն նպատակ է դեպի Աստված ընթանալը, Ով կատարյալ է և հավիտենական և Ով կարող է միայն հավիտենական երջանկություն պարգևել: Աստծո կամքին հետևողը պարզորեն գիտակցում է անցողիկի և հավիտենականի տարբերությունը, նրա համար աստվածապարգև յուրաքանչյուր օրը հնարավորություն է՝ դեպի հավիտենականն ընթանալու: Հավիտենական կյանքը Աստծո պարգևն է, և այդ պարգևին ձգտողը, բարի գործին հետամուտ լինելով, դեռևս երկրի վրա է խաղաղություն և ուրախություն ձեռք բերում՝ իմանալով, որ իր առջև հավիտենական ուրախությունն է, որին կոչված են բոլորը: Աստծո կամքը կատարողները հաղորդակից են դառնում աստվածային կյանքին՝ իրենց կյանքի մեջ հավիտենական բովանդակություն գտնելով:

Ավստրիայի Ֆորալբերգի մարզում գործող “Armenische Sonne des Bodensees” («Բոդենզեի հայկական արևը») հայկական բարեգործական հիմնադրամը, Աստծո կամքին հետամուտ լինելով, համավարակի այս օրերին հերթական աջակցությունը ցուցաբերեց արև երեխայի ընտանիքին: Մայիսի 19-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Կարապետյան Ժանետային (67 տ.) փոխանցեց հիմնադրամի կողմից տրամադրած դրամական աջակցությունը (100 եվրո): Տիկին Ժանետան իր ամուսնու և տղայի՝ Շավարշի հետ (26 տ.) բնակվում է Նորքի 6-րդ զանգված Բ. Մուրադյան 6/36 հասցեում: Շավարշը Դաունի համախտանիշ ունի: Նա հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և «Զանգակներ» խմբակ: Տիկին Ժանետան իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին և բարեգործական հիմնադրամին՝ աջակցության համար:

Ս. Հովհան Ոսկեբերանը, անցավորն անանցի հետ համեմատելով, նշում է, թե ինչպես է հնարավոր անցավորի միջոցով անանցը ձեռք բերել. «Մի՞թե համեմատելի է անանց բարությունը անցավորի հետ: Չէ՞ որ դու անցավորով ես ողորմում, իսկ Աստված՝ ոչ այդկերպ. Նա անանց գանձերով է փառավորում քեզ: Դու երկու գրոշ պղինձ ես տալիս աղքատին, իսկ Քրիստոս քեզ է շնորհում Արքայությունն ու Անմահությունը: Դու մի բաժակ սառը ջուր ես տալիս ծարավյալին՝ առանց որևէ ծախս անելու, իսկ Քրիստոս բազմապատկում է քո երկնավոր վարձքը և արբեցնում է քեզ անմահական ջրով: Աստծո՛ւն փոխ տուր և փոխարենը Աստծուց էլ կստանաս: Մի՛ մեծամտացիր տալու ժամանակ, որպեսզի քո չնչին տվածի դիմաց մեծամեծ բարիքների արժանանաս»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն