Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երբ փորձում ենք միասին սիրել

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ, սոցիալական ծրագրերի շրջանակներում, շարունակում է աջակցել Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Փետրվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Փանոսյան ընտանիքին, ուր մեծանում է արև Զորիկը (2 տ.): Փանոսյան ընտանիքը բնակվում է Օտյան 12 հասցեում: Ընտանիքի մայրը՝ Լիաննա Պետրոսյանը (33 տ.), ասաց, որ Զորիկը տարբեր բուժումներ է ստանում, բայց դեռ չի կարողանում քայլել, քանի որ թույլ մկանային համակարգ ունի: Փանոսյան ընտանիքն այժմ ֆինանսական դժվարության մեջ է գտնվում և փորձում է իր ամենօրյա կարիքները մասամբ լուծել ընտանեկան նպաստի և Զորիկին տրամադրվող հաշմանդամության գումարներով:

Արև Զորիկն իր ընտանիքի ուրախությունն է, նա անմիջապես ընկերացավ Տեր Գրիգորի հետ: Ընտանիքի հետ զրույցից հետո Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց և ընտանիքին հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին ամերիկահայ տեր և տիկին Գյուչուքիանները և սննդի փաթեթ՝  «Արև-երեխաներ» ՀԿ-ի կողմից տրամադրած: Ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց աջակից Գյուչուքիան ընտանիքին, եկեղեցու համայնքին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ ուշադրության և հոգածության համար:

Եկեղեցու հայրերից երանելի Իոանն Կրոնշտադտացին իր կյանքով էր քարոզում ողորմության առաքինության մասին, նրա խոսքը կենդանի գործ էր: Իր օրագրի գրառումներից մեկում կարդում ենք. «Նայելով աշխարհին՝ մենք ամենուր տեսնում ենք աստվածային առատաձեռնությունը. երկրի մակերեսը կարծես ամենաշքեղ սեղանը լինի՝ պատրաստված առատաձեռն տիրոջ կողմից, ով սիրում է լիություն և բազմազանություն, երկրի ընդերքը ևս ծառայում է մարդուն: Աստծո առատաձեռնությանը թիվ ու սահման չկա: Նայե՛ք, թե ինչ է տալիս երկիրը ամռանն ու աշնանը: Այսպես և ամեն քրիստոնյա պետք է նմանվի Աստծուն և օրինակ վերցնի Նրա առատաձեռնությունից, որպեսզի իր սեղանն էլ բաց լինի մարդկանց առջև, քանի որ ագահը թշնամի է Աստծուն: Նայի՛ր մրջյուններին, մեղուներին, աղավնիներին, ոչխարներին, որքան համերաշխ են նրանք: Նայի՛ր ձկան վտառներին, որ սիրում են միասին լողալ, որքան համերաշխ են նրանք: Մտածի՛ր, թե ինչ նախանձախնդրությամբ են նրանք պաշտպանում, օգնում և սիրում միմյանց, և մարդը, որ չի ապրում սիրո մեջ, պետք է օրինակ վերցնի անբաններից»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն