Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Երջանկանալու և երջանկացնելու ամենապարզ ուղին

Մարտի 21-ին Դաունի համախտանիշով մարդկանց միջազգային օրվա կապացկությամբ կայացած «Ես կարող եմ» խորագիրը կրող բարեգործական համերգին ներկա գտնվողներից յուրաքանչյուրն իր աջակցությունն ունեցավ՝ ի նպաստ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների: Ոմանք էլ, սիմվոլիկ տոմսեր գնելով, իրենց սիրո լուման ներդրեցին այն սիրո առաքելության մեջ, որ ջանում է արև երեխայի դեմքին միշտ արև ժպիտ տեսնել: «Զոհաբերության մեջ լուման էլ արժեք ունի և նվիրաբերության ժամանակ հաշվի է առնվում նվիրողի սիրտը, քան նվերի արժանավորությունը»,- ասել է Մուրացանը:

Նշենք, որ բարեգործական համերգի ողջ հասույթը կազմել էր 1 300 000 դրամ: Հասույթից 300 000 դրամը մարտի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը փոխանցեց օրեր առաջ իր մայրիկին կորցրած Հատուկ Օլիմպիադայի աշխարհի խաղերի լողի երկակի չեմպիոն Դաունի համախտանիշ ունեցող Տիգրան Գևորգյանին: Իսկ հասույթի մնացյալ գումարը փոխանցվեց «Արև երեխաներ» ՀԿ-ի ֆոնդին՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների առողջության և զարգացման հիմնախնդիրները լուծելու համար: Տեր Գրիգորը նշեց, որ արև Տիգրանին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը «Արև երեխաներ» ՀԿ-ի հետ համատեղ ամեն ամիս դրամական օգնություն կտրամադրի: Արև Տիգրանն իր շնորհակալությունը հայտնեց Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքին և «Արև երեխաներ» ՀԿ-ին՝ ուշադրության և աջակցության համար:

Երջանկանալու և երջանկացնելու ամենապարզ ուղին մատնանշել է Մայր Թերեզան՝ ասելով. «Օրը մեկ անգամ, մեծ սիրով, շատ սովորական մի բան արա՛: Մենք զգում ենք, որ մեր արածը պարզապես մի կաթիլ ջուր է օվկիանոսում: Բայց եթե այդ կաթիլը չլինի, կարծում եմ, օվկիանոսը կզգա այդ կաթիլի պակասը: Հարկավոր չէ թվերով մտածել: Կարող ենք մի անձի միաժամանակ սիրել, կարող ենք մի անձի միաժամանակ ծառայել»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն