Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ամենայն Հայոց Հայրապետի ուրախ նվերը արև երեխաներին

Ամենայն Հայոց Հայրապետի ուրախ նվերը արև երեխաներին

Դեկտեմբերի 25-ին՝ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին ընդառաջ, Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հյուրընկալել էր «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներին, նրանց ծնողներին ու մանկավարժներին՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ:

Ամանորյա տոնակատարությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի և Էջմիածնի Հայորդյաց տան կողմից կազմակերպված միջոցառումը մեծ ուրախություն էր պատճառել արև երեխաներին: Հայորդյաց տան դհոլահարների և պարային դասարանների սաների գեղարվեստական կատարումները տպավորել ու ոգևորել էր դահլիճին՝ խախտելով բեմի և հանդիսատեսի միջև գտնվող ամեն մի սահման:

Միջոցառման ավարտին Մայր Աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Արժանապատիվ Տ. Մարկոս քահանա Մանգասարյանը շնորհակալություն հայտնեց Վեհափառ Հայրապետին, ում հայրական օրհնությամբ ու նախաձեռնությամբ ամանորյա ուրախ ու ջերմ նվեր մատուցվեց երեխաներին: Ամենայն Հայոց Հայրապետին իր երախտագիտությունը հայտնեց նաև Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը և ուրախությամբ նշեց, որ Վեհափառ Հայրապետը Երևան քաղաքում «Արև երեխաներ» ՀԿ-ին տրամադրել է կենտրոն, որ նպաստելու է Դաունի համախտանիշ ունեցող երեխաների կյանքի որակի բարելավմանը:

Այնուհետև իր հայրապետական օրհնությունը փոխանցելով ներկաներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհություն հայտնեց Աստծուն, որ արժանացրեց իրենց Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ համախմբվելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ միասնաբար ուրախանալու և լավատեսական ոգով հայացք ուղղելու դեպի Նոր տարին:

Գարեգին Երկրորդ Հայրապետն իր գնահատանքի խոսքն ուղղեց հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների ծնողներին և խնամակալներին, որ սիրով, հանձնառությամբ, զոհաբերության ոգով ու գիտակցությամբ ամեն ջանք ի գործ են դնում՝ երեխաներին ուրախություն պարգևելու և լիարժեք կյանքի մեջ ներգրավվելու համար: Նորին Սրբությունը գնահատանքի խոսք ուղղեց նաև Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանին, որ իր հովվական առաքելության մեջ լավագույն ծառայությունն է իրականացնում՝ մասնավոր տեղ հատկացնելով արև երեխաներին ու նրանց ընտանիքներին:

«Թող Նոր տարին բարի լինի ձեզ համար, թող Սուրբ Ծննդյան շնորհները զարդարեն ձեր կյանքի ողջ ընթացքը: Աստծով զորացած շարունակեք ձեր կյանքը՝ հարատևելով սիրո մեջ: Իմացեք, որ Եկեղեցին ձեր կողքին է և ձեզ հետ է: Ձեր քայլերը միշտ ուղղեք դեպի եկեղեցի, որտեղ օրհնությունն է, որտեղ հրաշքն է գործում Աստծո միջոցով և հավատքի զորությամբ:

Վստահ ենք, որ Աստված ձեր կյանքում նույնպես այդ հրաշքները պիտի կատարի»,-պատգամեց Հայոց Հովվապետը՝ վերստին փոխանցելով ներկաներին իր օրհնությունը:

Միջոցառումն ավարտվեց «Տերունական աղոթք»-ով և Վեհափառ Հայրապետի «Պահպանիչ»-ով: Այնուհետև տոնակատարությանը ներկա երեխաներին սպասում էին հյուրասիրության սեղանները:

Կարինե Սուգիկյան