Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արև երեխաների ջերմ ու հեքիաթային օրը

Արև երեխաների ջերմ ու հեքիաթային օրը

Ապրիլի 15-ին Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում Ա. Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները հանդես եկան «Նեապոլիտանական հեքիաթ» բարեգործական համերգով, որ նվիրված էր «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի սաներին: «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի հրավերով համերգին ներկա էին նաև «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի սաները: Ինչպես բոլոր հեքիաթները, այնպես էլ Իտալիայի շունչը ներկայացնող այս հեքիաթը, որին երեխաները հաղոդ դարձան երաժշտաթատերական բեմականացմամբ, բարու մասին էր պատմում, հորդորում էր բարության լեզվով խոսել և բարին արարել: Հեքիաթում բարության փոքրիկ դրսևորումն անգամ ծլարձակում էր, տարածվում: Բեմականացմանը մասնակից սիմֆոնիկ նվագախումբը, երգչախումբը, մենակատարներն ու դերասաններն իրենց անկեղծ ու անմիջական երգով, պարով ու դերախաղով մեծ ոգևորություն էին պատճառել դահլիճին:  Բեմից դեպի դահլիճ բարություն էր հորդում, հեքիաթը յուրաքանչյուրին կարծես այս պատգամն էր հղում՝ որքան ավելի շատ սեր, իմաստություն, գեղեցկություն, բարություն ունենաք ձեր մեջ, այնքան ավելի շատ կնկատեք դրանք ձեզ շրջապատող աշխարհում:

«Ջերմիկ Անկյուն» հիմնադրամն իրապես երեխաների օրը դարձրեց ջերմ և հեքիաթային: Արև երեխաների ծնողները ևս տպավորված էին: «Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Ջերմիկ Անկյուն» հիմնադրամի զարգացման գծով պատասխանատու Հասմիկ Կարապետյանին հրավերի համար և նշեց, որ հետագայում ևս հիմնադրամի հետ համագործակցության եզրեր կգտնվեն:

Կարինե Սուգիկյան