Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևների անակնկալը իրենց լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Արևների անակնկալը իրենց լավագույն բարեկամ Կարեն Վարդանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ

Հուլիսի 17-ին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում, «Արև-երեխաներ» ՀԿ-ի երաժշտական թերապիայի խմբակի սաներն առաջին անգամ հանդես եկան զանգակներով՝ իրենց կատարումները նվիրելով իրենց սիրելի բարեկամ, ամերիկաբնակ բարերար Կարեն Վարդանյանին՝ ծննդյան տարեդարձի առթիվ: Արևները որոշել էին իրենց անակնկալը նախապես՝ բարերարի ծննդյան տարեդարձից մեկ օր առաջ, մատուցել: Նրանք, կենտրոնի երաժշտական թերապիստ Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, նվագակցեցին երգչուհի Սուսաննա Կյուրեղյանին, որ ոչ միայն ազգային երգեր էր կատարում, այլ միաժամանակ ուսուցանում էր ներկաներին՝ նրանց հաղորդ դարձնելով ազգային երաժշտական արվեստի նմուշներին: Եկեղեցու համայնքի անդամներն ու բարերարն իր ընտանիքով ըմբոշխնեցին արևների ջերմ ելույթը:

Արևների ելույթի ավարտին ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արևներին, Մանուշ Հարությունյանին, երգչուհի Սուսաննա Կյուրեղյանին և արևների լավագույն բարեկամ, մշտական աջակից Կարեն Վարդանյանին: Վերջինիս տարեդարձը շնորհավորելով՝ Տեր Հայրը հոգևոր դասի, համայնքի և արևների անունից նրան մաղթեց քաջառողջ կյանքի երկար տարիներ և Տիրոջ անսպառ օրհնությունն իրեն ու իր բարեպաշտ ընտանիքին: «Կարեն Վարդանյանն առաջիններից մեկն էր, որ հավատաց, թե արևները կարող են և իր համոզումն արտահայտեց գործով՝ արևներին նվիրելով պրոֆեսիոնալ զանգակներ: Առանց այդ հավատի և համոզման արևներն այսօր չէին կարողանա ելույթ ունենալ և իրենց ուրախ ու ջերմ անակնկալը մատուցել իրենց սիրելի ու լավագույն բարեկամին՝ ծննդյան տարեդարձի առթիվ»,- ասաց Տեր Գրիգորը:

Արևները կարող են, այդ է փաստում նրանց յուրահատուկ երաժշտական համերգը: «Արև-երեխաներ» ՀԿ-ի երաժշտական թերապիայի խմբակի սաներն աշխարհում առաջինն են, որ ելույթ են ունենում զանգակներով՝ հանդիսատեսին ներկայացնելով այս երաժշտական գործիքների բոլոր նրբություններն ու յուրօրինակ հնչեղությունը և գեղեցկությունը:

 

Կարինե Սուգիկյան