Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանի հետ կապված կլոր-սեղան քննարկում

Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանի հետ կապված կլոր-սեղան քննարկում

Հոկտեմբերի 29-ին, Երևանի «Անի Պլազա» հյուրանոցի Նաիրի սրահում, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի, ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ, «Դաունի համախտանիշով երեխաների աջակցություն» ծրագրի շրջանակներում, կայացավ Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանի (գործելակարգ) առաջարկի քննարկում: Քննարկմանը ներկա էին ՀՀ կրթության, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/ և ՀՊՄՀ-ի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետի աշխատակիցներ, տարբեր բուժհաստատությունների բժիշկ-մասնագետներ և Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ծնողներ:

Հանդիպմանը բացման խոսքով հանդես եկավ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ով ողջունեց ներկաներին, նրանց փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը և շնորհակալություն հայտնեց՝ քննարկմանը ներկա գտնվելու համար: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց նաև ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան, «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական և «Երևան իմ սեր» հիմնադրամներին՝ «Արև-երեխաներ» ՀԿ-ի ծրագրերին աջակցելու համար: Այնուհետև անդրադառնալով «Արև-երեխաներ» ՀԿ-ի երկամյա գործունեությանը՝ Տեր Գրիգորը նշեց, որ ՀԿ-ում գրանցվել են ընտանիքներում ապրող հարյուր Դաունի համախտանիշով երեխա, որոնցից վաթսունը օգտվում են հատուկ մանկավարժի և լոգոպեդի անհատական աշխատանքներից, երեխաներից որոշները հաճախում են Արևի թատրոն, իսկ ծնողները մասնակցում են հատուկ հոգեբանի անհատական և խմբային հոգեբանական աշխատանքներին: «Այսօրվա հանդիպումն անչափ կարևոր է մեզ համար, քանի որ քննարկվելու է Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանը, որն առողջապահության նախարարության կողմից հաստատվելուց հետո կգործածվի բժիշկների կողմից՝ մեր արև երեխաների առողջության հսկողության համար»,- ասաց Տեր Հայրը:

Այնուհետև հանդիպում-քննարկմանն իր ելույթով հանդես եկավ «ԱրԲեՍ» ԱԿ-ի վերականգնողական ծառայության ղեկավար, ծրագրի փորձագետ Գայանե Զաքարյանը, ով ներկայացրեց զրոյից քսան տարեկան Դաունի համախտանիշով երեխաների ֆիզիկական զարգացման բժշկական վարման պլանի փաթեթները՝ նշելով, որ դրանց գործածման արդյունքում հնարավոր կլինի կանխել շատ հիվանդություններ և վերահսկել երեխաների առողջությունը: Նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն նեղ մասնագետներին, ովքեր իրենց մասնակցությունն են ունեցել Դաունի համախտանիշով երեխաների առողջության վարման ուղեցույցի և զարգացման քարտերի կազմման աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանի հետ կապված բազմաթիվ հարցեր, գործածման արդյունավետ մեթոդներ, քննարկվեց նաև Դաունի համախտանիշով երեխաների խնդիրների իրազեկման հարցը: Կլոր-սեղան քննարկման ընթացքում ներկաներն ողջունեցին և գնահատեցին «Արև-երեխաներ» ՀԿ-ի նախաձեռնությունը՝ մատնանշելով, որ ՀԿ-ն արդյունավետ գործունեություն է ծավալում, քանի որ առկա է ծնողների, հասարակական կազմակերպության և մասնագետների միասնական աշխատանք:

Հանդիպման ավարտին Տեր Գրիգորը կրկին անգամ շնորհակալություն հայտնեց ներկաներին և հայցելով ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության երեխաների առողջության պահպանման բաժնի պետ Նունե Փաշայանի միջնորդությունը՝ հույս հայտնեց, որ Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանի փաթեթները կներկայացվեն առողջապահության նախարարությանը և հաստատվելուց հետո մոտ ապագայում կիրականացվի Դաունի համախտանիշով երեխաների բժշկական վարման պլանը:

Կարինե Սուգիկյան