Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Մանկատան սաներն անցան հերթական բուժխորհրդատվություն

Մանկատան սաներն անցան հերթական բուժխորհրդատվություն

Հունիսի 25-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, կազմակերպեցին, որ Մարի Իզմիրյանի անվան մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասնվեց երեխաներ անցնեն էնդոկրինոլոգի խորհրդատվություն:

Նշենք, որ հունիսի 11-ին մանկատան Դաունի համախտանիշ ունեցող տասնվեց երեխաներն անցնել էին արյան ցիտոգենետիկական հետազոտություն, կարիոտիպ, հորմոնալ և արյան կլինիկական հետազոտություններ: Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաները մինչև կյանքի վերջ փոխարինող թերապիայի կարիք ունեն, ուստի նրանց համար պարբերաբար բժշկական հետազոտություն և խորհրդատվություն է անցկացվում: Նախորդ բժշկական հետազոտությունների արդյունքների հիման վրա՝ խորհրդատվությունն անցկացրեց և բուժում նշանակեց «Մուրացան» հիվանդանոցային համալիրի էնդոկրինոլոգիական կլինիկայի մանկական էնդոկրինոլոգ Գայանե Բայբուրդյանը: Այս անգամ երեխաների բուժհետազոտությունների ծախսերը հոգացել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը:

Սիրո կրոն է քրիստոնեական կրոնը: Միմյանց հետ անխզելի շղթայով են կապված սերն առ մարդը և առ Աստված, չկա ճշմարիտ սեր առ Աստված, եթե բացակայում է սերն առ մարդը: «Երանի՜ նրան, ով սրտով մաքուր է, ով սիրում է Աստծուն և իր ընկերոջը, քանզի նա պիտի տեսնի երկնային արքայությունը. երանի՜ նրան, որ թեև օրերը անցկացրած և մազերը ճերմակած է, սակայն տակավին չի կորցրել ճշմարիտ և կատարյալ սերը: Երանի՜ նրան, ով դեռ պատրաստ է անկեղծորեն աշխարհին հայտարարել, որ բարիքներից մեծագույնը և օրհնություններից լավագույնը սերն է: Երանի՜ նրան, ով թեև իր մարմնի կորովը կորցրած, թեև երակներում արյունը պաղած, թեև կրծքի տակ տրոփյունը թուլացած, սակայն սրտի ճրագը մարած չէ»,- ասել է Տեր Ղևոնդ վրդ. Դուրյանը:

 

Կարինե Սուգիկյան