Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Մարդու իրավունքների պաշտպանի այցը «Արև-երեխաներ» ՀԿ

Մարդու իրավունքների պաշտպանի այցը «Արև-երեխաներ» ՀԿ

Մարտի 21-ին՝ Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց միջազգային օրվա առթիվ, Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոն» ՀԿ-ի հրավերով այցելել էր կազմակերպություն՝ հանդիպելու աշխատակազմի, շահառուների և նրանց ծնողների հետ:
Այցի ընթացքում «Արև-երեխաներ» ՀԿ-ի հիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պաշտպանին ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, ձեռքբերումները, իրականացվելիք ծրագրերն ու դրանց հետ կապված խնդիրները: Տեր Հայրը նշեց, որ այս պահի դրությամբ կենտրոնում գրանցված է Դաունի համախտանիշով հարյուր հիսուն երեխա, սակայն շենքային պայմանների անբավարարության պատճառով միայն յոթանասունհինգն են կարողանում մշտապես օգտվել կենտրոնի անվճար հիմունքներով մատուցվող ծառայություններից, իսկ մարզերում ապրող երեխաների համար ՀԿ-ն առցանց դասընթացներ է կազմակերպում: Տեր Հայրը նաև անդրադարձավ ՀԿ-ի «Արևային զանգակներ» և «Արևային թատրոն» խմբակային պարապմունքների գործունեությանն ու ձեռք բերված նշանակալի հաջողություններին:
Քրիստիննե Գրիգորյանը ողջունեց «Արև երեխաներ» ՀԿ-ի գործունեությունը և անդրադարձավ հասարակության մեջ Դաունի համախտանիշով երեխաների ներգրավվածության, նրանց իրավունքների պաշտպանվածության և նրանց հանդեպ խտրականության բացառմանը:
Ծնողների հետ հանդիպման ընթացքում Պաշտպանը ծանոթացավ այն խնդիրներին, որոնց առնչվում են իրենք՝ երեխաների խնամքի համար տրամադրվող կարգի, հանրային տրանսպորտից անվճար օգտվելու, նաև մշակութային կյանքին մասնակցելու մատչելիության հետ կապված։
Այցի ավարտին Քրիստիննե Գրիգորյանն արև երեխաներին փոխանցեց նվերներ՝ «Փոքրիկ իշխանը» գրքույկը, գունավոր մատիտներ և իրենց իրավունքների վերաբերյալ գրքույկ, իսկ «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ զարգացնող խաղեր: Ապա Պաշտպանը շրջեց կենտրոնում՝ ծանոթանալով այն բոլոր պայմաններին, որոնց շնորհիվ կենտրոն հաճախող յոթանասունհինգ երեխա անվճար օգտվում է էրգոթերապիստի, ֆիզիոթերապիստի, լոգոպեդի, հատուկ հոգեբան մանկավարժի և հատուկ մանկավարժի անհատական պարապմունքներից:
Բարձր գնահատելով «Արև-երեխաներ» ՀԿ-ի՝ որպես Հայաստանում գործող միակ կազմակերպության գործունեությունը, Քրիստիննե Գրիգորյանը վերահաստատեց հանձնառությունը Պաշտպանի աշխատակազմի և «Արև-երեխաներ» ՀԿ-ի ինստիտուցիոնալ համագործակցությունը շարունակելու վերաբերյալ:

 

Կարինե Սուգիկյան