Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Նրանք կարող են. Սուրբ Ծննդյան հրաշքը՝ հրաշք արևների բեմադրմամբ

Նրանք կարող են. Սուրբ Ծննդյան հրաշքը՝ հրաշք արևների բեմադրմամբ

Փետրվարի 9-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոնը հանդես եկավ իր առաջին՝ Չ. Դիքենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը ներկայացմամբ: Բեմադրությունն սկսվեց «Տերունական աղոթք»-ով: Արև երեխաների առաջին բեմադրությանը ներկա էին Զորավոր Ս. Աստվածածին և Ս. Երրորդություն եկեղեցիների հոգևոր հովիվներն ու համայնքների անդամները, «Արև-երեխաներ» ՀԿ-ի աշխատակիցները և արև երեխաների ընկերներն ու հարազատները:

«Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը ներկայացումը մի քանի հարցումներ էր ուղղում հանդիսատեսին, թե արդյո՞ք մարդն ամեն տարի մասնակից է դառնում ամենահրաշքին՝ Ս. Ծննդյան տոնին, արդյո՞ք մարդը կարող է լիարժեք ապրել առանց այդ Հրաշքի: Ի պատասխան այս հարցումների՝ ներկայացվում է Սքրուջի պատմությունը, ով հիմարություն էր համարում Ս. Ծնունդը, բայց նրան օգնության է գալիս յոթ տարի առաջ մահացած իր գործընկերոջ՝ Ջեյքոբ Մարլինի հոգին և վստահեցնում նրան, որ թեև ինքը գործի գիտակ անձ է եղել, բայց իր հիմնական անելիքը պետք է լիներ մարդկությունը, բարեգործությունն ու համբերությունը: Նա Սքրուջին կյանքը փոխելու հնարավորություն է տալիս՝ նրա մոտ ուղարկելով Ս. Ծննդյան անցյալի, ներկայի և ապագայի հոգիներին: Բեմադրության գլխավոր հերոսը հիշում է, թե անցյալում որքան շատ էր սիրում Ս. Ծննդյան տոնը, ապա համեմատելով իր անցյալը, ներկան և սարսափելի ապագան՝ ապրում է Ս. Ծննդյան հրաշքը, որ լիովին փոխում է իր կյանքը: «Թող որ բոլորի սրտերում Ս. Ծննդյան այս հրաշքը տեղի ունենա»՝ հանդիսատեսին ուղղված այս բարեմաղթանքով ավարտվեց ներկայացումը:

Հուզմունքն ու ուրախությունը պատել էր բոլորին՝ թե՛ արևներին և թե՛ հանդիսատեսին: Դահլիճի ջերմ ու անմիջական մթնոլորտը, երկարատև ծափահարությունը վկայում էր, որ հրաշք արևներն իրենց անկեղծ ու անմիջական աշխարհով կարողացան երկխոսել հանդիսատեսի հետ՝ նրան հաղորդ դարձնելով Ս. Ծննդյան հրաշքին: Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր շնորհակալական և շնորհավորանքի խոսքը հղեց արևներին, նրանց ծնողներին, Արևի թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանին և ասաց. «Շնորհակալ եմ նախ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Նավասարդ Սրբազանին, որ իր հայրական օրհնությամբ ինձ ուժ տվեց աշխատելու արև երեխաների հետ: Հայաստանում առաջին անգամ դուք ականատես եղաք արև երեխաների թատերական ներկայացմանը, որ Արևի թատրոնի վեցամսյա աշխատանքային պտուղն էր: Այս այն երեխաներն են, որոնց չեն ընդունում պարի և թատերական խմբակներ, և այսօր արևներն ապացուցեցին, որ իրենք կարող են և կարող են ավելին: Շնորհակալ եմ արևներին, նրանց ծնողներին և Արևիկին, որոնց համատեղ ու տքնաջան աշխատանքի շնորհիվ այսօր նշեցինք և մեր արևների կյանքում գրանցեցինք ևս մեկ հաղթանակ»:

Թե ինչու Արևի թատրոնն իր առաջին ներկայացումն ընտրեց Չ. Դիկենսի «Սուրբ Ծննդյան երգը» հեքիաթը, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկն ասաց. «Ցանկացա, որ սեր ճառագող մեր արևների շուրթերից հնչեր այն ճշմարտությունը, որ մարդն ամեն տարիքում և ամենուր կարող է հաղորդ դառնալ և ապրել Ս. Ծննդյան հրաշքը: Մարդը հեռանում է Աստծուց, կորցնում Նրա ներկայությունը և դժվարությունների ու խնդիրների մեջ հայտնվում սիրո պակասից, իսկ աստվածային համբերատար սերը սպասում է մարդու դարձին՝ իրական հրաշքին»:

Նշենք, որ անցյալ տարի Արևի թատրոնն իր գործունեությունը ծավալել էր ԵՀԽ հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան և «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամների համատեղ աջակցությամբ, իսկ այս տարի շարունակում է իր գործունեությունը «ԱՄՔՈՐ Հայաստան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ: Վեց ամիսների ընթացքում՝ փորձերի ժամանակ, Արևիկն առավել մոտիկից էր բացահայտել արևների մաքուր, գեղեցիկ, աստվածային սիրով ու ջերմությամբ լեցուն աշխարհը. «Արարիչն Աստված, ամեն ինչ կատարյալ ստեղծելով, արարչագործության պսակը համարեց մարդուն, բայց մարդը մեղանչելով հեռացավ այդ պատվից: Մարդն իր բնույթով փնտրում է այն, ինչը կորցրել է և մարդու կյանքի նպատակը վերադառնալն է իր սկզբնական աստվածային պատկերին, իսկ արևները ոչինչ չեն կորցրել. նրանք Աստծո անթերի արարածներն են, Աստծո կողմից նրանց հատուկ շնորհ է տրվել՝ անաղարտ պահելու աստվածային պատկերն ու նմանությունն իրենց մեջ: Նրանցից յուրաքանչյուրն ուսուցանում է, թե որն է մարդու հոգուց բխող իրական գեղեցկությունը, ինչպես հոգով ու սրտով տեսնել, անկեղծ ուրախանալ: Եվ ամենակարևորը այս կարճ ժամանակահատվածում այս բարդ ներկայացումը խաղալով՝ արև երեխաները կոտրեցին մի մեծ կարծրատիպ՝ ի լուր ամենքի հայտնելով, որ իրենք կարող են և կարող են ավելին, քան մենք ենք ակնկալում»:

 

Կարինե Սուգիկյան