Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

«Գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել, այլ աճեցնել բարին»

Նա, ով իրականում ճշմարտապես հավատում է Աստծուն՝ մարդկության Նախախնամողին, ապա կատարելապես համոզված է, որ իր կյանքն սկիզբ է առել Աստծուց, որ ինքն ապրում է Տիրոջ ամենախնամ կամքի ներքո և որ իր կյանքի յուրաքանչյուր պահը Աստծո կողմից իրեն շնորհված անգնահատելի պարգև է: Այդպիսի մեկն անդադար փառաբանում է Պարգևատուին՝ շնորհված պարգևների համար, փորձում է զգոն լինել և ի չարս չգործածել շնորհվածը, որ տրվել է իրեն՝ ի բարին գործածելու նպատակով: Գոհունակ սրտով ապրող քրիստոնյայի համար մերձավորի երջանկությունը դառնում է իր սեփականը, որովհետև նա մերձավորի մեջ իրեն է տեսնում: Նրա համար կենսակերպ է դառնում Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի այն խոսքը, որ ասում է՝ գուցե ավելի լավ է ոչ թե չարը ոչնչացնել, այլ աճեցնել բարին…:

Բարին աճեցնելու նպատակ է հետապնդում յուրաքանչյուր սոցիալական ծրագիր, որ իրագործվում է եկեղեցու սուրբ հարկից ներս: Հունիսի 28-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ճաhճապանյան Աննային (48 տ.) հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Գոհարը: Աննան իր ամուսնու և երեք զավակների հետ բնակվում է Ք. Աշտարակ Պռոշյան 10 շ. 25 բն. հասցեում: Նազարյան ընտանիքի միջնեկ զավակը՝ Ժենյան (25 տ.), Դաունի համախտանիշ ունի: «Ժենյան ո՛չ դպրոց և ո՛չ էլ այլ տեղ է հաճախել: Աղջիկս տասնհինգ տարի է, ինչ վահանաձև գեղձի խնդիր և շաքարային դիաբետ ունի, ինչի պատճառով իրեն ոչ մի տեղ չենք կարողացել տանել: «Արև-երեխաներ» ՀԿ-ի մասին տեղեկանալուց և գրանցվելուց հետո աղջկաս՝ Ժենյայի կյանքն ամբողջովին փոխվեց. նա մեծ սիրով և ուրախությամբ հաճախում է ՀԿ-ի Արևի թատրոն: Մենք էլ ուրախություն ապրեցինք, որ Ժենյան տանից դուրս է գալիս, երեխաների հետ շփվում»,- ասաց Աննան: Նազարյան ընտանիքը ֆինանսական խնդիրներ ունի, քանի որ ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, իսկ իրենց նվազագույն կարիքները փորձում են հոգալ ընտանեկան նպաստի և Ժենյային հատկացվող հաշմանդամության գումարներով: Աննան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին և «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ օգնության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն