Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Հնչյունահնչութային կողմի զարգացումը օնտոգենեզում

2 շաբաթական երեխան սկսում է արձագանքել խոսողի ձայնին, դադարում է լացելուց, ականջ է դնում ձայներին։ Առաջին ամսվա վերջում երեխային կարելի է հանգստացնել մեղեդային երգերով։ Երկրորդ ամսվա վերջում երեխան կարողանում է որոշել ձայնի ուղղությունը, կարողանում է աչքերով հետևել խոսողին, թեքում է գլուխը նրա կողմը։

2-3 ամսականում երեխանները սկսում են գղգղալ, 5-6 ամսականում՝ թոթովել։

3-6 ամսականում իմաստային կողմը ամբողջությամբ հիմնված է լինում ինտոնացիայի վրա։ Այս շրջանում երեխան կարողանում է տարբերակել ինտոնացիան և արտահայտել իր հուզումները։ Մեղմ ինտոնացիայի դեպքում երեխաները ժպտում են, իսկ խիստ ինտոնացիայի դեպքում՝ լացում։ 6 ամսականում երեխայի թոթովանքում հայտնվում են պարզ ձայներ, բայց դրանք ունեն անբավարար կայունություն։ Նրանց մեջ ձայնավորներից հստակ հնչում է ա ձայնավորը, իսկ բաղաձայներից՝ պ, բ, մ, կ, տ հնչյունները։

Կյանքի առաջին տարվա հաջորդ ամիսների ընթացքում տեղի է ունենում լսողական վերլուծչի հետագա զարգացում։

1 տարեկան երեխան ճիշտ արտաբերում է պարզ արտաբերություն ունեցող

· Ձայնավորները՝ ա, ու, ի

· Բաղաձայները՝ պ, բ, մ, ն, տ, դ, կ, գ

2 տարեկանին մոտ, երեխան կարողանում է տարբերակել մայրենի լեզվի բոլոր հնչյունները, հասկանալ և ճիշտ արձագանքել նույնիսկ մեկ հնչույթով տարբերվող բառերին (օր.՝ ձի, ձու)։ Այսպես ձևավորվում է հնչութային լսողությունը։

3-4 տարեկանում երեխայի հնչութային ընկալումը այնքան է բարելավվում, որ սկսում է տարբերակել սկզբում՝ ձայնավոր և բաղաձայն հնչյունները, ապա նաև ձայնեղ բաղաձայները շնչեղ և խուլ բաղաձայներից, ապա նաև ձայնորդները, շչականներն ու սուլականները։

4 տարեկանին մոտ նորմայում երեխան պետք է կարողանա տարբերակել բոլոր հնչյունները, այսինքն նրա մոտ պետք է ձևավորված լինի հնչութային ընկալումը։ 5 տարեկանում նորմայում ավարտվում է բոլոր հնչյունների ճիշտ արտաբերման կարողության ձևավորումը։

Վերլուծահամադրական գործունեության շնորհիվ երեխան համեմատում է իր ոչ լիարժեք խոսքը մեծահասակների խոսքի հետ և ձևավորվում է հնչարտաբերումը։

6 տարեկանում երեխաները կարող են ճիշտ արտաբերել մայրենի լեզվի բոլոր հնչյունները և տարբերակել իրար մոտ հնչյունների հնչողությունները։

7 տարեկանում երեխայի արտաբերումը առավելագույնս պետք է մոտ լինի մեծահասակի խոսքին։ Որպես կանոն երեխան ունի բավարար հնչյունային ընկալման համակարգ, ունակ է կատարելու հնչյունային վերլուծություն, կարողանում է տարբերակել բառերի հնչյունային կազմը և քանակը, ինչը նպաստում է քերականության տիրապետմանը։ Այսպիսով դպրոցական երեխայի մոտ հստակ ձևավորված է հնչարտաբերումը, խոսքի բոլոր կողմերը ճիշտ բաշխված են, ինչը հնարավորություն է տալիս լավ տիրապետելու դպրոցական գիտելիքներին։

Ժամանակակից մանկավարժության, հոգեբանության և մեթոդական գրականության մեջ հնչութային լսողության տարբերակման համար օգտագործվում են տարբեր տերմիններ՝ խոսքային լսողություն, հնչյունային լսողություն, հնչութային ընկալում։

Խոսքային լսողությունը հնարավորություն է տալիս տարբերակելու խոսքում տարբեր հնչյուններ։ Առանց խոսքային լսողության բանավոր շփումը անհնար է։ Երեխաների մոտ խոսքային լսողությունը սկսում է ձևավորվել միջավայրում՝ մարդկանց հետ շփման ժամանակ։ Խոսքային լսողությունը իրենից ներկայացնում է խոսքի ձևավորման բաղադրիչ մաս։

Այսպիսով սկզբում ի հայտ է գալիս հնչութային լսողությունը, որի հիման վրա ձևավորվում է հնչութային ընկալումը՝ այսինքն հնչութային ճանաչումը ու տարբերակումը։ Ավելի ուշ երեխաները սկսում են տիրապետել հնչույթների վերլուծությանն ու համադրությանը, հետագայում նաև հնչութային պատկերացմանը։

 

Օգտագործված գրականություն՝ Под ред. Волковой Л. С и Шаховской С.Н. ,,Логопедия,, Москва, 1999

 

Նյութը պատրաստեց «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի լոգոպեդ Գոհար Մնացականյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *