Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ի՞նչպես հաղթահարել դժվար ժամանակները և չկորցնել միմյանց

Ընտանիքում յուրահատկությունով երեխայի ծնունդը դժվարին ժամանակ է և՛ կնոջ և՛ ամուսնու համար: Մեր ընտանիքները խոսում են այն մասին, որ առաջին տարին ամենադժվարն է (ոմանց մոտ ժամանակահատվածն ավելին է), իսկ այնուհետև, որպես կանոն, ավելի հեշտ է դառնում, մանավանդ, երբ հայրը և մայրը կարողանում են միջանձնային հարաբերություններ կառուցել:

Հոգեբան Եկատերինա Դյոմինան մի քանի խորհուրդ է տալիս ամուսիններին, թե ինչպես հաղթահարել դժվար ժամանակները և չկորցնել միմյանց:

Երեխայի ծնունդից անմիջապես հետո կնոջ ինտուիտիվ գործողությունների հավաքածուն է՝ «բռնել, սեղմել, հոգ տանել»: Հայրն այդ ժամանակ, որպես կանոն, ապշահար է, իրեն կորցրած: Նրա համար դժվար է կիսել կնոջ՝ երեխայի հանդեպ զգացմունքները, տանել նրա էմոցիաները, իսկ սեփական էմոցիաները ջանասիրաբար թաքցնում է, որովհետև տղամարդիկ «չեն լալիս»:

Միանգամայն հստակ է, որ այդ ընթացքում երկու ծնողն էլ շատ ուժգին էմոցիաներ են զգում, սակայն դա կարող է տարբեր կերպով արտահայտվել: Տղամարդու՝ կնոջ վշտին ամենահաճախ հանդիպող արձագանքը. «Թող ես ինչ-որ բան անեմ»։ Տղամարդիկ սկսում են «ելքեր փնտրել»: «Արի բժիշկներ գտնենք, միջոցներ, կլինիկաներ, որտեղ նրան կօգնեն»: Նրանք փորձում են երեխայի հաշմանդամությունը հաղթահարել «արագավազքի» ձևաչափով։ Կանայք ավելի շուտ «մարաթոնցի» են, ավելի համբերատար են, բացի այդ, երեխայի ծնունդից հետո առաջին ամիսներին հորմոնալ մեծ վերալիցքավորում են ունենում: Այսպիսով.

Խորհուրդ առաջին – Խոսե՛ք միմյանց հետ։

Մի՛ հուսացեք, թե զուգընկերը առանց խոսքերի կհասկանա, թե ձեզ հատկապես ինչ է հարկավոր։ Երբեմն կինը փորձում է ծառայություն մատուցել տղամարդուն՝ պարզապես նրան չդիմելով: Կամ նրա հետ չի կիսում իր մտածմունքները, անհանգստություններն ու վախերը։ Նա վարվում է այնպես, ինչպես ինքը կցանկանար, որպեսզի իր հետ վարվեին: Կինն իր համար ավելորդ ծանրաբեռնվածություն չէր ցանկանա, այդ իսկ պատճառով ամբողջ հոգսն իր վրա վերցնելով, կինը զոհաբերության է գնում: Սակայն տղամարդն այդ ընթացքում բոլորովին հակառակը՝ իրեն անջատված ու անպետք է զգում: Եվ ստացվում է, որ դու զոհաբերության գնացիր, իսկ ոչ ոք դա չնկատեց: Եվ ընդամենը հարկավոր էր դիմել տղամարդու օգնությանը։

Խորհուրդ երկրորդ – Գովե՛ք և շնորհակա՛լ եղեք միմյանց:

Այն ամենն, ինչ ձեր զուգընկերը անում է, իր բարի կամքով է անում, ուստի միանգամայն տեղին է նրան շնորհակալ լինելը։

Հարգելի՛ մայրիկներ, աշխատեք չամփոփվել ինքներդ ձեզ մեջ, այլ հնարավորինս հենվեք ձեր ամուսինների վրա՝ հաղթահարելով նրանց շոկը: Որպես կանոն տղամարդիկ խնդիրներից չէ, որ հեռանում են, այլ սեփական անկարողության զգացումից, որն իրենց համար անտանելի է: Բայց եթե կնոջը հաջողվում է կյանքը այնպես կառուցել, որ տղամարդուց շատ բան կախված լինի, որ նրան դրա համար շնորհակալ են, և նա արդյունքը տեսնում է, գոնե կնոջ ժպիտի տեսքով, ապա ընտանիքը պահպանվում է։ Տղամարդու համար շատ կարևոր է իմանալ, որ ինքը գործը հաջողությամբ կատարել է և «կեցցե՛ս»-ի է արժանացել: Այսինքն՝ երբ կանայք, վախենալով տղամարդուն անհանգստացնելուց, ամբողջ հոգսը վերցնում են իրենց վրա, նրանք տղամարդուն մենակ են թողնում իր անհանգստությունների և անկարողության հետ։ Իսկ եթե հայրիկը գումար է վաստակում, երեխայի համար նախատեսված պրոցեդուրաների բարդ ժամանակացույցի հարցում է օգնում, և դա ինչ որ կերպ կարգավորում է շրջապատող քաոսը, ուրեմն «կեցցե՛» նա և դա պետք է բարձրաձայնել։

Կինը պետք է սովորի իր լիազորությունները փոխանցել փոքր ու հասկանալի առաջադրանքների տեսքով և շնորհակալություն հայտնել դրանց կատարման համար։ Տղամարդիկ պետք է սովորեն այդպիսի հանձնարարություններ կատարելու միջոցով մասնակցել ընտանեկան կյանքին՝ նույնպես չմոռանալով շնորհակալ լինել կնոջը:

Խորհուրդ երրորդ — Ձեր հոգսերը վստահե՛ք զուգընկերոջը:

«Ոչ ոք երեխայի մասին չի կարող հոգ տանել այնպես, ինչպես ես». սա նշանակում է միայն այն, որ հայրիկը կարող է հոգ տանել երեխայի մասին այլ կերպ, իր եղանակով: Այստեղ երկու տարբերակ կա. կամ նա կարող է այնքան վաստակել, որպեսզի օգնականներ վարձի, կամ սովորել ամեն ինչ ինքնուրույն անել։ (Պետք է նշել, որ երբ ես իմ երեք առողջ երեխաներին թողնում էի հայրիկի հետ, նույնպես շատ էի անհանգստանում, թե նրանք ինչպես գլուխ կհանեն: Բայց արի ու տես, որ վերադառնալիս պարզվում էր՝ բոլորը ողջ-առողջ էին, միայն տունն էին մի փոքր բարձիթողի արել, սակայն դա էլ հարաբերական է իմ բարձր ստանդարտների պարագայում):

Խորհուրդ չորրորդ — Տղամարդու համար շատ կարևոր է ինքն իրեն հաղթահարել և կնոջը հարցնել, թե ինչ է պետք անել: Լավ, դու չես կարող վերլուծել կնոջդ զգացմունքները, ուրեմն հարցրու, թե ինչ է պետք անել: Եթե նա ասում է «ոչինչ», ապա հինգ անգամ հարցրու: Վերջ ի վերջո սուրհանդակ ուղարկիր՝ քույրերիցդ մեկին, բայց իմացի՛ր։

Խորհուրդ հինգերորդ – Հաճա՛խ գրկախառնվեք։

«Ամեն ինչ կորած է» զգացողությունը խիստ արտահայտվում է ֆիզիկապես. սկսում են ցավել մեջքը, ուսերը, գոտկատեղը, ծնկները։ Այս դեպքում լարվածությունը կարելի է հանել ֆիզիկական շփման՝ անգամ պարզ գրկախառնության միջոցով: Փորձե՛ք «հալչել» գրկախառնության օգնությամբ:

Խորհուրդ վեցերորդ – Հո՛գ տարեք, որպեսզի որպես զույգ մնաք։

Երեխայի խնամքի համար օգնականներ գտեք, որպեսզի հաճախ կարողանաք երկուսով մնալ։

Խորհուրդ յոթերորդ — Բոլորից առանձին ձեզ համար հանգի՛ստ կազմակերպեք։

Տարին մեկ անգամ և՛ տղամարդը, և՛ կինը պետք է մենակ մնան, լիցքաթափվեն: Սակայն արդյունավետ չէ կնոջը ուղարկել հանգստի երեխայի հետ: Իհարկե կենցաղային խնդիրների մի մասից նա ազատվում է, բայց միայնակ մնալ չի կարողանա: Տղամարդը նույնպես պողպատից չէ, նա նույնպես այդ ամբողջ իրավիճակն իր վրա է կրում: Այնպես որ հանգիստը նույնպես պետք է հավասարապես լինի:

Խորհուրդ ութերորդ – Որոշե՛ք ձեր պատասխանատվության սահմանը։

Հաշմանդամ երեխայի ծնունդն ամենից շատն է խորտակում «Ես կառավարում եմ իմ կյանքը» պատրանքը: Նույնիսկ առողջ երեխան օրեցօր չի արդարացնում ձեր սպասումները. կարծում էիր, թե ամեն ինչ գերազանց ես անում, սակայն չես կարողանում երեխային քնեցնել: Կարծում էիր, թե դու մանկավարժության հանճար ես, իսկ նա չի ուզում քեզ հետ այդ խաղը խաղալ:

Դաստիարակությամբ զբաղվելով, յուրաքանչյուր ծնող ամեն օր ստուգում է իր իրական հնարավորությունների սահմանները: Երեխաները մեր մեջ դաստիարակում են հանդուրժողականություն, ստեղծագործելու ունակություն. դու ամեն օր երեխայի համար մի նոր սխեմա ես հորինում և աղոթում, որ այն գործի: Կյանքիս ամենադժվար պահերին ինձ փրկել է դեպի վեր ուղղված խնդրանքը. «Տե՛ր Աստված, ինչ կարող էի՝ արեցի, այժմ Քո հերթն է»: Սա շատ օգնում է հուսահատության պահերին, երբ թվում է, թե այլևս հույս չկա: Օգնությո՛ւն խնդրեք, հնարավոր է, որ այն շատ մոտ է:

Մի բան էլ, որպեսզի երեխան կարողանա երջանիկ մեծանալ, շատ կարևոր է, որ ծնողների համար չլինի այն, ինչ մասնագետներն անվանում են «нарциссическое расширение»: Սա, այն է, երբ երեխան ընկալվում է ոչ թե որպես անհատ՝ Աստծուց տրված, նոր հոգի, այլ երբ նա արժեքավոր է որպես իմ երազանքների և երևակայության իրականացում։ Երբ «երեխան պետք է ավելիին հասնի ինձ համար» կամ «ես կլինեմ մեծանուն մարդու մայր կամ հայր»:

 

Ռուսերենից թարգմանեց «Արև-Երեխաներ» Երեխաների առողջության և զարգացմսն կենտրոն ՀԿ-ի հատուկ մանկավարժ Անուշ Ասլանյանը

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *