Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ինչու՞  պետք է հատուկ զբաղվել երեխայի հետ

Դաունի համախտանիշով երեխաներին ուսուցանելիս մենք նպատակ ենք դնում առավելագույնս զարգացնել նրանց ճանաչողական հմտությունները, նախապատրաստել մանկապարտեզ և դպրոց հաճախելուն, ինչպես նաև ինքնուրույն (կամ համեմատաբար ինքնուրույն) կյանքին: Շատ հաճախ այս ունակությունը կապված է խոսքի զարգացման հետ: Սակայն ինքնուրույն գործելու համար, բացի խոսքը հասկանալու և խոսելու ունակությունից, անհրաժեշտ է՝

  1. Նպատակ դնել,
  2. Պլանավորել գործողություններ, որոնք հանգեցնում են այդ նպատակին,
  3. Կատարել այդ գործողություններից յուրաքանչյուրը առանձին-առանձին:

Օրինակ, եթե ուզում եք հաց գնել, պետք է ընտրեք հագուստ`ըստ սեզոնի, հագնեք այն, գումար վերցնեք, կողպեք դուռը, գտնեք խանութը, հաց ընտրեք, վճարեք, գտնեք տան ճանապարհը, դուռը և փոխեք ձեր շորերը:  Եվ դուք պետք է կարողանաք անել այդ քայլերից յուրաքանչյուրն առանձին-առանձին՝ ճիշտ պլանավորելով անհրաժեշտ գործողությունների կատարման կարգը:

Ճանաչողական գործունեության զարգացման, կամ ինչպես ասում են մասնագետները` կոգնիտիվ զարգացման խնդիրը մտածողության զարգացումը, հասկացողության ձևավորումը և առանձին հմտությունների մշակումն է, ինչպես նաև երեխաներին միաժամանակ մի քանի հասկացություններ կամ հմտություններ յուրացնել սովորեցնելը, որոնք էլ թույլ են տալիս նրանց ավելի լավ վերլուծել իրավիճակը, որոշել նպատակը և պլանավորել իրենց գործողություններն այնպես, որ հասնեն իրենց նպատակակետին:

Մենք կարող ենք երեխաներին սովորեցնել ոչ միայն սեղանի շուրջ հատուկ կազմակերպված պարապմունքների ժամանակ՝ օգտագործելով դիդակտիկ նյութեր, այլ նաև տնային գործերում և խաղի մեջ:

Սեղանի շուրջ երեխայի հետ զբաղվելիս ՝մենք, որպես կանոն, մշակում ենք առանձին հմտություններ, որոնք հետագայում կարող են օգտագործվել կենցաղային իրավիճակում կամ խաղերի ժամանակ:

Սովորաբար կենցաղային իրավիճակներում մենք ինքներս ենք երեխայի առաջ նպատակ դնում՝ հուշելով այն անհրաժեշտ քայլերը, որոնք կհանգեցնեն նրան այդ նպատակին՝ աստիճանաբար նվազեցնելով մեր մասնակցությունը, քանի որ երեխան սովորում է գործողությունների ճիշտ հաջորդականությունը:

Ինքնուրույն նպատակ դնել, պլանավորել և կատարել գործողությունների շղթան երեխայի մոտ հաջողվում է խաղի ժամանակ: Սյուժետային խաղը թույլ է տալիս նաև հասկանալ նպատակը և այն գործողությունների պլանը, որոնց երեխան հանդիպում է իրական կյանքում, քանի որ խաղը թույլ է տալիս բազմիցս կրկնել դրանք մեկնաբանություններով և երեխայի համար անհրաժեշտ տեմպերով: Օրինակ՝ խաղ պոլիկլինիկայում, որի ընթացքում դուք բեմադրում եք այն ամենը, ինչը տեղի է ունեցել (կամ պետք է տեղի ունենա) երեխայի հետ, երբ նա կայցելի բժշկի: Բացի այդ, գործողությունները իրական կյանքից խաղ տեղափոխելու ունակությունը նպաստում է վերացական մտածողության զարգացմանը:

Շատ հաճախ ստացվում է այնպես, որ դասերի ժամանակ մշակված հմտությունները պետք են գալիս միայն այդտեղ, քանի որ կենցաղային առօրյայում դրանք գործածելու համար պետք է ծնողների հատուկ ուշադրությունը այն դեպքում, երբ երեխայի սեփական խաղերն ավելի քիչ են զարգացած, քան նրա «ակադեմիական» հմտությունները: Չնայած նրան, որ երեխան ճիշտ է օգտագործում խաղալիքները, օրինակ, եթե դա մեքենա է, ապա երեխան այն գլորում է, նա չի կարող ինքնուրույն իր խաղի մեջ ներառել նոր և ավելի բարդ հմտություններ, ինչպես նաև ստեղծել մանրամասն սյուժե: Օրինակ՝ արջը պատրաստվում էր այցելել տատիկին: Նա նստեց մեքենան և գնաց: Ճանապարհին մտավ խանութ և տատիկի համար տորթ և 3 նարինջ գնեց: Հետո մեքենան փչացավ, և նա ստիպված եղավ տանել այն վերանորոգման, իսկ ինքը՝  նստել տրամվայ, տոմս գնել և այլն:

Պատահական չէ, որ ես նման ուշադրություն եմ դարձնում սյուժետային խաղերին, որովհետև երեխաները չեն կարողանում ինքնուրույն սովորել՝ ինչպես խաղալ, որքան էլ խաղալիքներ ունենան: Պարզվում է, որ հասակակիցների հետ շփումը բավարար չէ դա սովորելու համար:  Հաճախ ծնողները չեն սիրում խաղալ երեխաների հետ՝ նախընտրելով սովորեցնել նրանց ավելի ֆորմալ մեթոդներով այն դեպքում, երբ հենց խաղն է այն դաշտը, որտեղ տեղի է ունենում ուսուցման զգալի մասը՝ սերտ կապված լինելով գործողությունների նպատակադրման և պլանավորման հետ:

Ճիշտ կազմակերպված ուսուցման ժամանակ պարապմունքների հիման վրա ձևավորված հմտությունները և՛ առօրյայում, և՛ խաղերի ժամանակ պետք է օգտագործվեն բոլոր 3 իրավիճակներում: Օրինակ՝ դասի ժամանակ երեխան սովորում է դասակարգել առարկաներն ըստ իրենց գույնի նմուշի հիման վրա, այսինքն՝ կարմիր շրջանակները դնել կարմիրի վրա, կանաչները՝ կանաչի: Առօրյայում մենք երեխային ասում ենք. «Քո զգեստը կարմիր է, գտիր նմանատիպ կարմիր գուլպաներ: Իսկ հիմա կարմիր գուլպաների մեկ այլ զույգ»: Զինվորիկներով խաղերի ժամանակ. «Իմ զինվորները կլինեն կարմիր, իսկ քոնը՝ կանաչ: Արի աղյուսից պատ կառուցենք: Ես կվերցնեմ իմ զինվորներին, իսկ դու՝ քո, նրանք կկռվեն»:

Հասկացությունը և հմտությունը յուրացվում են երեխայի կողմից միայն այն ժամանակ, երբ նա սկսում է դրանք ինքնուրույն կիրառել:

 

Տ․ Դ․ Մեդվեդևա «Դաունի   համախտանիշով   երեխաների   ճանաչողական գործունեության զարգացումը»

Ռուսերենից թարգմանեցին ՝       Գրիգորյան Անի

                                                           Գրիգորյան Վալյա

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.