Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ճգնաժամեր. վարքի և հնազանդության խնդիրներ. ծնողական հեղինակություն

Սովորաբար ծնողները լավ գիտեն իրենց երեխայի բնավորությունն ու սովորությունները: Նրանք գիտեն, թե երեխային ինչն է դուր գալիս, իսկ ինչը՝ ոչ, ինչով է սիրում զբաղվել և ինչն է, որ չի անի ոչ մի դեպքում: Նրանք ծանոթ են երեխայի ճաշակին, նախասիրություններին ու բարքերին: Նրանք գիտեն, թե ինչպես ազդել երեխայի վարքի վրա…

Հե՞շտ է արդյոք պայմանավորվել երեխայի հետ: Հանգի՞ստ է նա, թե՞ կամակոր, փակվա՞ծ է իր մեջ, թե՞ շփվող է, քմահա՞ճ է, թե՞ համբերատար: Երեխայի աճին և զարգացմանը զուգընթաց, երբ նա օրեցօր ավելի ու ավելի շատ բան է իմանում իր մասին, իր ցանկությունների, հնարավորությունների, շրջապատող աշխարհի մասին, նրա մոտ միանգամայն օրինաչափ պահանջ է առաջանում՝ ծնողների կողմից տրված ավելի շատ ինքնավարություն:

Երեխայի հետ սովորական դարձած հարաբերությունները, և նրա հանդեպ հոգածությունը պայքարի մեջ են մտնում երեխայի ինքնուրույնության պահանջի հետ, և գալիս է մի շրջան, որին հոգեբանության մեջ անվանում են «տարիքային ճգնաժամ»: Ճգնաժամային շրջանի ընթացքում, երբ երեխան դառնում է մեկ, երկու, երեք տարեկան, փոքրիկի վարքն ակնհայտորեն փոխվում է: Այս տեսանկյունից ավելի արտահայտված են երեք տարեկանի և դեռահասության ճգնաժամերը: Երեխան կարող է երկյուղել մի բանից, ինչից նախկինում չէր վախենում, դառնալ քիչ կանխատեսելի, քմահաճ, համառ, կարող է հանկարծ դառնալ «վնասատու» և «ժլատ»: Այդ փոփոխությունները կապված են այն բանի հետ, որ երեխան աճում է և մեծանալով՝ ձգտում վարվել այնպես, ինչպես ինքն է ուզում: Դա ամենևին էլ վատ չէ, այդ փոփոխությունները խոսում են նրա մասին, որ երեխան զգում է իր ցանկությունները, համառություն ցուցաբերելով՝ պաշտպանում է իր շահերը: Այդպիսի շրջանում երեխայի վարքի փոփոխություններն ազդարարում են, որ այլևս հնարավոր չէ առանց «վերափոխման» բավարար չափով պահպանել երեխա-ծնող փոխհարաբերությունները: Ստացվում է այնպես, ասես «իշխանությունն» ավելի շատ ազատություն տա «ժողովրդին»: Բնականաբար, դա ծնողների մոտ տագնապ է առաջացնում՝ իսկ ի՞նչ կլինի, երբ «ժողովուրդը» համտեսի ազատությունը և այլևս «իշխանությունը» չընդունի: Այստեղ է, որ պետք է հստակ գիտակցել, որ երեխային անսահման ազատություն պետք չէ: Նրան միանգամայն բավարարում է իր պահանջմունքներին ուշադիր, խելամիտ, իր ուժերին վստահ «իշխանությունը», ով կապահովի նաև երեխայի պաշտպանվածության զգացումը: Հարցն այն է, թե ինչպես «իշխանությունը», այսինքն՝ ծնողները, իրենց հեղինակությունը պահպանեն առանց «ժողովրդի», այսինքն՝ երեխայի ազատությունը սահմանափակելու:

Երեխայի անձի և նրա ցանկությունների նկատմամբ մեծերի կողմից ցուցաբերած ուշադրությունն ու հարգանքը նկատելիորեն թուլացնում են բացասական դրսևորումների սրությունը: Սակայն սա չի նշանակում, որ փոքրիկին սահմանափակումներ պետք չեն, ընդհակառակը՝ դրանք անհրաժեշտ են: Ծնողը պետք է լինի որպես հեղինակավոր «իշխանություն», բայց ոչ նա, ով կամայականություններ է անում, պատժում կամ ներում՝ կախված տրամադրությունից: Ծնողը պետք է լինի այն «իշխանությունը», որը պատրաստ է հարգել փոքրիկի պահանջներն ու հետաքրքրությունները՝ միաժամանակ ցուցաբերելով կոշտություն, եթե դրա անհրաժեշությունը կա:

Օրինակ՝ ուզո՞ւմ է երեխան քնել, թե՞ ոչ, դա իր գործն է, բայց այ քնելու գնալու ժամը որոշում է ծնողը՝ հաշվի առնելով երեխայի կենսաբանական ռիթմը և օրվա ռեժիմը:

Երեխային ներկայացվող պահանջները պետք է լինեն հնարավորինս կանոնավոր և կանխատեսելի, իսկ պատիժը կամ կշտամբանքը՝ այսինքն՝ հետևանքը, որը սպառնում է երեխային, երբ նա խախտում է կանոնները, նույնպես պետք է լինեն անբեկանելի, կանխատեսելի և ձանձրալի: Ձանձրալի, ինչպես ավտոբուսի հսկիչն է, որը մտնում է ներս, հարգալից խնդրում ներկայացնել տոմսը, բացակայության դեպքում անպայման տուգանում: Եթե այդ հսկիչը հայտնվում է կանոնավոր կերպով, ապա նույնիսկ օրինախախտ ուղևորները սովորում են տոմսով երթևեկել: Օրենքը սահմանում է, որ երթևեկելիս պետք է վճարել, և տոմսով երթևեկելն ավելի քիչ խնդրահարույց է, արդյունքում՝ հարմար:

Երեխան իրեն ավելի վստահ և պաշտպանված է զգում, եթե նրան սովորեցնում են կանոններին հետևել: Իհարկե, պետք չէ նախօրոք այդ կանոնները սահմանել երեխայի համար, որովհետև նա մեծանում է, զարգանում, փոխվում են նրա պահանջները, հոգեբանական և սոցիալական խնդիրները: Բայց համաձայնեք, որ շատ կարևոր է, որպեսզի երեխան կանոններին հետևելու փորձ ձեռք բերի: Այն մարդը, որը վարժվում է սահմանված նորմերն ու կանոնները պահպանելուն, նոր իրավիճակում հայտնվելով, փորձում է հասկանալ տվյալ իրավիճակում ի ՞նչ կարգ ու կանոն է սահմանված, ի՞նչն է կարելի, ի՞նչը՝ ոչ, ինչպե՞ս պահել իրեն, որ ավելի հանգիստ զգա: Ցանկացած երեխա պետք է սովորի, թե ինչպես իրեն ճիշտ պահել, բայց դա արժե, քանի որ համապատասխան պահվածքը հեշտացնում է նրա և՛ սոցիալական, և՛ անհատական շփումը: Երեխան չի ծնվում ճիշտ և հասարակության մեջ ընդունելի վարքագծով: Վարքագծի հմտությունները ձևավորվում են աստիճանաբար, և դուք կարող եք այդ հարցում օգնել ձեր փոքրիկին, եթե նրան առաջադրվող ձեր պահանջները լինեն հասկանալի և նրա ուժերի սահմաններում: Սակայն նրան կշտամբել և պատժել կանոնները խախտելու համար, արդեն նվաստացուցիչ կլինի նրա համար:

Մի օրինակ պատմեմ ձեզ Դաունի համախտանիշով ծնված աղջնակ Յուլյայի և նրա 26-ամյա քրոջ՝ Մաշայի հարաբերությունների մասին:

Մի օր, երբ նրանք տանը մենակ էին, և Յուլյան հանձնվել էր Մաշայի խնամքին, որպեսզի վերջինս նրան հետևի, Յուլյան, շապիկը հանելով, ջրով լի դույլ ու կտոր է վերցնում և գնում աստիճանները լվանալու: Մաշան, նստած տեղից վեր չկենալով, նրան ասում է, որպեսզի շապիկը հագնի, որ չմրսի: Յուլյան չի արձագանքում և շարունակում է իր գործը: Մաշան մի քանի անգամ, կրկին առանց տեղից վեր կենալու, կրկնում է, հետո նույնիսկ բարձրացնում ձայնը, ապա միայն վեր կենում, փորձում հագցնել շապիկը, սակայն փոքրիկը դիմադրում է:

Մեկ այլ դեպք նրանց մասնակցությամբ: Քույրերը զբոսանքից վերադառնում են տուն: Յուլյան վերցնում է սոսնձով լի տուփիկը և փորձում այն լցնել սեղանի վրա: Մաշան բացականչում է, որ չի կարելի, սակայն Յուլյան շարունակում է: Մաշան մոտենում և խիստ կերպով վերցնում է սոսինձը՝ ասելով. «Ասացի՝ չի՛ կարելի»: Յուլյան սկսում է լաց լինել՝ պահանջելով սոսինձը վերադարձնել: Մի քանի րոպե անց Մաշան Յուլյային տանում է իր մոտ, և մեղմ ու կարեկից ձայնով ասում. «Դու կփչացնեիր սեղանը, եթե ես սոսինձը չվերցնեի քո ձեռքից: Հաջորդ անգամ, եթե դու սեղանը չփչացնես, ես քեզ այն կտամ: Իսկ հիմա գուցե միասին նկարե՞նք»: Յուլյան համաձայնում է. «Նկարենք»: Քույրերը սկսում են միասին նկարել:

Առաջին իրավիճակում Յուլյան անում է այնպես, ինչպես ինքն է ուզում՝ ուշադրություն չդարձնելով Մաշայի խոսքին: Մյուս կողմից՝ Մաշան ինքն էլ միայն ասում է և անգամ պարզ չէ՝ դա խնդրանք է, թե հրահանգ, բայց նա ինքը ոչ մի գործողություն չի ձեռնարկում: Այս իրավիճակում ուժեղ կողմը Յուլյան է, քանի որ նա է որոշում ինչ հագնել և ինչով զբաղվել: Մաշան, ի հակադրումն քրոջ, չի գիտակցում, որ նա է որոշումներ ընդունողը, նա մեծն է, և քրոջը նրա խնամքին են թողել:

Հարց է առաջնում, թե Յուլյան ինչպե՞ս կարող է վարժվել, որ մեծերի պահանջները պետք է կատարել:

Քույրերի միջև հակասությունը բոլորովին այլ տեսք է ստանում սոսնձի հետ կապված իրավիճակում: Մաշայից շատ ժամանակ և խոսքեր չպահանջվեցին, որպեսզի պարզ և հստակ բացատրի Յուլյային, թե.

1. Ինչ չի կարելի անել:

2. Ինչու չի կարելի անել:

3. Յուլյային ոչ մի պարագայում թույլ չեն տա սոսինձը քսել սեղանին:

4. Յուլյային կտան սոսինձ, եթե նա այն քսի թղթին, ոչ թե սեղանին:

5. Յուլյային կարեկցում են, բայց որոշումը փոխել չեն պատրաստվում:

6. Յուլյայի պահվածքը նրան վատը չի դարձնում, և քույրը ուրախ է նրա հետ համագործակցելու, այս դեպքում՝ նկարելու:

Նմանօրինակ դեպքերում երեխայի համար հեշտ կլինի յուրացնել, որ ինքը ստիպված է լինելու ենթարկվել մեծերի որոշ անհրաժեշտ պահանջներին:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.