Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ճշմարիտ քրիստոնյայի կյանքում հավատն ու սերն անբաժանելի են

Դեկտեմբերի 25-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ալեքսանյան Հասմիկին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Չորս հոգուց բաղկացած Ալեքսանյան ընտանիքը բնակվում է Մալաթիա-Սեբաստիա Բ-1 թաղ. Րաֆֆու փ. 77շ., բն.33 հասցեում: «Տղաս՝ Կարապետը (15 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ամուսինս 2-րդ խմբի հաշմանդամ է և ի վիճակի չէ աշխատելու, միայն դուստրս է աշխատում, իսկ իր վաստակած աշխատավարձով, ամուսնուս և տղայիս հաշմանդամության գումարներով դժվարանում ենք հոգալ մեր նվազագույն կարիքները»,- ասաց ընտանիքի մայրը:

Տիկին Հասմիկը պատմեց, որ Կարապետը սիրում է երաժշտություն լսել, հիմնականում լսում է ժողովրդական, ազգագրական երաժշտություն, իսկ որոշ երգեր էլ արդեն կարողանում է երգել, սիրում է նաև դաշնամուր և դհոլ նվագել: Ընտանիքի մայրն իր գոհունակությունը հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Պողոս առաքյալը գաղատացիներին ուղղված նամակում նշում է, որ Քրիստոսին միանալուց հետո կարևոր է սիրով գործի դրված հավատը (Գաղ. 5:6): Գործուն հավատը նշանն է նրա, որ այն կենդանի է: Ճշմարիտ հավատը մարդուն առաջնորդում է դեպի սեր, քանի որ ճշմարիտ քրիստոնյայի կյանքում հավատն ու սերն անբաժանելի են: Սիրով շաղախված հավատն իր մեջ ահռելի ուժ ունի, այն արժանանում է աստվածային օրհնության և ականատես լինում հրաշքների: Սիրով կյանքի կոչված հավատն իր մեջ կրում է պատվիրանների ամբողջությունը՝ Հակոբոս առաքյալի այն խոսքի համաձայն, որ ասում է. «Ի՞նչ օգուտ այն մարդուն, որ ասում է, թե հավատ ունի, երբ հավատն արտահայտող գործեր չունի: Մի՞թե այդպիսի հավատը կարող է փրկել նրան: Թերևս մեկն առարկի՝ ասելով. «Մարդ կա, որ հավատ ունի, մարդ էլ կա, որ գործեր ունի»: Այդպիսի մեկին ես կպատասխանեմ. «Եթե կարող ես, ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի: Իսկ ես իմ գործերո՛վ կարող եմ քեզ ցույց տալ իմ հավատը»» (Հակոբ. 2:14,18):

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *