Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Մարդկային փոխհարաբերության երջանկաբեր ուղին

Մարդկային ողջ կյանքը հիմնված է փոխհարաբերությունների վրա, որոնք սահուն ու հարթ են ընթանում, եթե իրենց հիմքում ունեն աստվածային սերը, քանի որ այդ սերն ունեցողը համբերատար է, չի հպարտանում, չի նախանձում, անպատշաճ վարմունք չի ունենում, միայն ինքն իր մասին չի մտածում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը (Ա Կորնթ. 13:4-7): Քրիստոսի հետևորդն ամենուր՝ լինի ընտանիքում, հասարակության մեջ և եկեղեցու համայնքի մեծ ընտանիքից ներս, ձգտում է իր կյանքը կառուցել աստվածային անշահախնդիր սիրո հիմքի վրա:

Մայիսի 1-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Ավետիսյան Արամին (40 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ): Ավետիսյան երիտասարդ ընտանիքը բնակվում է Նուբարաշեն 11 փ. 11/14 բն. հասցեում: Ընտանիքի երկու զավակներից ավագը՝ Էլիզան (10 տ.), Դաունի համախտանիշ ունի: Արև Էլիզան սովորում է Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի չորրորդ դասարանում: Կենսուրախ Էլիզան մի շարք նախասիրություններ ունի. հաճախում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն, սիրում է նկարել, պարել՝ իր շուրջը սեր, ուրախություն ու ջերմություն տարածելով: Ընտանիքի հայրն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

Ս. Հովհան Ոսկեբերանը նշում է, թե ինչպես է ձևավորվում մարդկային փոխհարաբերության երջանկաբեր ուղին. «Թող յուրաքանչյուր ոք ինքն իր մասին խորհի՝ ինչպես է վերաբերվում իրեն, այդպես էլ թող վերաբերվի իր մերձավորին: Ոչ ոք իրեն չի նախանձում, չարը չի կամենում, այլ իրեն առավել է գերադասում և ջանում է ամեն ինչ իր օգտին անել: Եթե այսկերպ տրամադրվենք ուրիշների հանդեպ, ապա վերջ կդրվի ամեն աղետի, թշնամության և հափշտակություն: Իրականում ո՞վ իրենից ինչ-որ բան կխլի: Ոչ ոք, ավելի շուտ հակառակը կլինի: Իրապես, ո՞վ ինքն իր հանդեպ հիշաչար կլինի, ո՞վ կբարկանա իր վրա: Մի՞թե մենք չենք ներում մեզ ամեն ինչում, եթե այսկերպ տրամադրվենք մեր մերձավորների հանդեպ, ապա վերջ կդրվի հիշաչարությանը: Գուցե ասես՝ մի՞թե հնարավոր է սիրել մերձավորին ինչպես ինքդ քեզ: Եթե այս պատվիրանը ոչ ոք իրագործած չլիներ, ապա քո մտածումն արդարացի լիներ, իսկ եթե իրագործել են, ապա ակնհայտ է, որ այն չենք կատարում մեր անփութության պատճառով: Մյուս կողմից Քրիստոս չպատվիրեց անհնարին ոչինչ, շատերը եղան, որ պատվիրանների կատարման մեջ գերազանցեցին, իսկ ո՞վքեր էին նրանք՝ Պողոսը, Պետրոսը, սրբերի ողջ դասը: Սակայն եթե ասեմ, որ նրանք սիրում էին իրենց մերձավորներին, ապա ոչ մի կարևոր բան չեմ ասի, նրանք սիրում էին իրենց թշնամիներին այնպես, ինչպես մեկ ուրիշը չի կարող այդպես սիրել իր մերձավորին»:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.