Արև երեխաներ
Գրեք մեզ՝ downchildren@gmail.com
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

Մեծագույն արվեստը հոգու սրբությանը հասնելն է

Ըստ Տիրոջ հորդորի՝ քրիստոնյան ամեն օր պետք է ձգտի կատարելության. «Կատարյա՛լ եղեք դուք, ինչպես ձեր երկնավոր Հայրն է կատարյալ» (Մատթ. 5:48): Եկեղեցու հայրերն այս մասին ասում են, որ մարդն ամենուր՝ թե՛ ընտանիքում, թե՛ աշխատանքային, ընկերային և այլ միջավայրերում, կարող է հասնել սրբության ու կատարելության և կարող է հասնել խոնարհության, համբերության ու սիրո միջոցով: Ամեն օրը պետք է ապրել որպես նոր սկիզբ, ապրել նոր խանդավառությամբ, սիրով, աղոթքով և լռությամբ: Մեծագույն արվեստը հոգու սրբությանը հասնելն է:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, աջակցում է այն ընտանիքներին, որտեղ մեծանում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաներ: Նոյեմբերի 9-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ավետիսյան Մարոյին (50 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Տեր և Տիկին Արտաշէս և Հերմանս Բէմպեյաններն իրենց սանիկի՝ Լուսին Մարոյի մկրտության առթիվ:

Տիկին Մարոն Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի էր եկել որդու՝ Սարգիս Նալբանդյանի հետ (11 տ.), ով Դաունի համախտանիշ ունի: Սարգիսն իր ծնողների և քրոջ հետ բնակվում է Արշակունյաց 135-Բ շենք 18 բն. հասցեում: Նա սովորում է Երևանի թիվ 12 հատուկ դպրոցում, սիրում է երգել, պարել, թատերական ներկայացումների մասնակցել: «Սարգիսը սրտի արատով է ծնվել, ութ ամսականում վիրահատվել է և առ այսօր բժիշկների հսկողության ներքո է: «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի աջակցությամբ տղաս բուժստուգումներ անցավ և պարզվեց, որ նա նաև վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարում ունի և պետք է բուժումներ ստանա: Շնորհակալ եմ «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին ու աջակից Բէմպեյան ընտանիքին՝ ուշադրության և հոգածության համար»,- ասաց Սարգիսի մայրը:

Տիկին Մարոն ևս առողջական խնդիրներ ունի, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում բժշկի դիմել: «Ամուսինս մշտական աշխատանք չունի՝ մեկ շաբաթ առաջ ստիպված եղավ մեկնելու արտագնա ախատանքի: Այժմ միայն դուստրս է աշխատում, նա անցյալ տարի ավարտել է Եվրոպական ակադեմիայի տնտեսագիտական ֆակուլտետը»,- ասաց նա:

Ս. Գրիգոր Նարեկացու հայրը՝ Խոսրով Անձևացին, անհրաժեշտ է համարում ոչ միայն ողորմություն գործել, այլև՝ մեծ փափագով խնդրել Աստծուց, որ բացի մեր միտքը՝ առատապես հորդորվելու ողորմածության սիրով, որպեսզի պատշաճ ժամին արժանի լինենք փոխարենն ստանալու Երկնքի Արքայությունում:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն