Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Փոքրիկին պետք է հիվանդանոց պառկեցնել

Դժվար թե գտնվի մի երեխա, որ երբևէ չի հիվանդացել: Երբեմն լուրջ բուժում և վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Ինչպե՞ս այդ իրավիճակը հաղթահարել առանց վախի և հուսահատության: Վիրահատության նախապատրաստվելու ժամանակ մեծ դեր ունի հոգեբանական գործոնը: Բնականաբար ծնողի անհանգստությունը, երեխայի առողջության և վիրահատության ընթացքի հետ կապված, այդ ընթացքում ավելի արտահայտված է: Ի՞նչ անել, արդյոք ճի՞շտ է երեխայի մոտ ցույց չտալ ապրումներդ, պահել ներսումդ: Մյուս կողմից՝ երեխաները շատ զգայուն են: Իրադրության լրջությունը չհասկանալով՝ նրանք զգում են մոր լարվածությունը, որը փոխանցվում է նրանց՝ հայտնի անգլիացի հոգեբան Դ. Վիննիկոտի խոսքերով ասված՝ «մատների ծայրերի միջոցով»: Եվ եթե դա այդպես է, ու երեխան այդքան զգայուն է, ապա նա կարող է զգալ նաև այդ անհանգստության նվազելը: Ծնողների համար շատ կարևոր է հոգ տանել իրենց մասին և աշխատել կողքին մի մտերիմ մարդ ունենալ, որը կկիսի իրենց անհանգստությունը և կօգնի վախը հաղթահարել: Դա կարող է լինել ընտանիքի շրջապատից կամ այլ ծնողներ, որոնք եղել են նմանօրինակ իրավիճակում:

Իհարկե, այն փաստը, որ երեխային վիրահատություն է նշանակված, միշտ էլ անհանգստություն է ծնողների համար, բայց ձեզ կարող է օգնել այն միտքը, որ դա անհրաժեշտ է և կօգնի երեխային, և եթե միջոցներ չձեռնարկեք, ապա երեխայի վիճակը կբարդանա: Ինչպե՞ս օգնել երեխային հաղթահարել այդ ամենը: Շատ ավելի լավ է, երբ մայրը կարող է երեխայի հետ հիվանդանոցում լինել, իսկ եթե դա չի թույլատրվում, լավ կլիներ հիվանդանոց տանել նրա սիրելի խաղալիքները: Երբ ամեն ինչ ավարտված լինի, չմոռանաք խաղալիքները վերցնել, որպեսզի երեխայի վիճակը թեթևացնեք, երբ նա վերադառնա տուն, քանի որ դա երեխայի համար էլ հեշտ չէ: Տուն վերադառնալուց հետո նրա համար շատ կարևոր է տեսնել իր «ընկերներին», այսինքն՝ այն խաղալիքները, որոնք նրան սատարել են հիվանդանոցում:

Երբ երեխան հիվանդանոցում է, կանոնները պարտադիր պահեք, երբեք բաց մի թողեք խոստացված հանդիպումները. դրանք շատ կարևոր են ցանկացած տարիքի երեխայի համար: Հիվանդանոցային պայմաններում երեխայի լացը միանգամայն նորմալ երևույթ է: Ծնողները պետք է քաջություն ցուցաբերեն, զինվեն համբերությամբ և, հաշվի չառնելով երեխայի լացը, հաղթահարեն այդ փորձությունը: Պետք չէ մտածել, որ երբ երեխան, հորն ու մորը տեսնելով, լաց է լինում, ուրեմն ավելի լավ է ընդհանրապես չգնալ, որպեսզի նրան չվշտացնել: Դա սխալ տեսակետ է: Նույնիսկ, եթե երեխան լալիս է ծնողներին տեսնելիս, կամ նրանց հեռանալուց, երբ ինքը մնում է հիվանդանոցում, միևնույն է, դա ավելի լավ է, քան նրան ընդհանրապես զրկել տեսակցությունից՝ պատճառաբանելով հուզմունքը: Եթե մայրիկը չի կարողանում իր անհանգստությունը զսպել, ապա կարևոր է հիշել, որ երեխայի համար ավելի լավ է տեսնել արտասվող մորը, քան անհանգստանալ նրա բացակայությամբ: Կարելի է փոքրիկին բացատրել, թե դուք ինչպես եք անհանգստանում նրա համար, ինչի կամ ում վրա եք դնում ձեր հույսը: Բացատրեք նրան իր առողջության կարևորությունը, և այդ պարագայում ցանկացած երեխա կպայքարի իր առողջության համար:

 

Կիրտոկի Ա. Ե., Ռոստովա Ն. Վ.

«Երեխան ծնվել է Դաունի համախտանիշով. հոգեբանի զրույցներ»

Ռուսերենից թարգմանեց Մարգարիտ Զիրեցյանը

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.