Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Սեր ունեցողն իր մեջ դրախտ է կրում»

Սեր ունեցողը մոռանում է իր «ես»-ը և առաջնորդվում Ոսկե օրենքով, որն ասում է. «Այն, ինչ ուզում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնը դուք արեք նրանց» (Մատթ.7:12): Ավետարանական պատգամների իրագործումն սկսվում է հանուն Աստծո փառքի իրագործված փոքր քայլերից: Քրիստոնյան, Անտուան դե Սենտ Էկզյուպերիի խոսքերով, չի հայցում Տիրոջից հրաշքներ և տեսիլքներ, այլ ուժ ամեն օրվա համար և իմաստություն՝ սովորելու փոքրիկ քայլերի արվեստը:

Հայ եկեղեցու սուրբ հարկից ներս կյանքի կոչված սոցիալական ծրագրերը ձևավորվում են հավատքի մեջ նախանձախնդիր համայնքների սիրո քայլերի շնորհիվ: Մայիսի 31-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հովհաննիսյան Սվետլաննային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սվետլաննան իր երկու զավակների հետ բնակվում է իր մայրիկի տանը, որ գտնվում է Աբովյան ք. Քանաքեռի 6-րդ փողոց, 25 բն. հասցեում: Նրա զավակներից կրտսերը՝ վեցամյա Արեգը, Դաունի համախտանիշ ունի: Փոքրիկի ծնունդից հետո հայրը լքել է ընտանիքը: Սվետլաննան նշեց, որ ինքը նոր է ընդունվել աշխատանքի, իսկ մինչ այդ ընտանեկան նպաստի և Արեգի հաշմանդամության գումարներով ու եղբոր օգնությամբ է փորձել հոգալ իրենց նվազագույն կարիքները: «Տղաս սրտի արատով է ծնվել, երկու ամսեկանում սրտի վիրահատություն է անցել, տարին մեկ անգամ ստուգումներ է անցնում, թոքերում բարձր ճնշում ունի, ինչի հետևանքով գրիպային վիրուսները ծանր է տանում»,- ասաց Սվետլաննան:

Արև Արեգը կենսուրախ բալիկ է, սիրում է նկարել, պարել, երգել, քույրիկի հետ խաղալ, եկեղեցի հաճախել: Այս տարի նա դպրոց է հաճախելու: «Շատ հաճախ եմ Արեգի հետ Ս. Պատարագի մասնակցում և աստվածային հրաշք է, որ տղաս սկսել է հստակ խոսել»,- ասաց Արեգի մայրը և շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

Ըստ հայրաբանության՝ սիրո մեջ ապրողներին և նրանց սերունդներին Տերն օրհնության է արժանացնում և հաջողությամբ պսակում նրանց կողմից ձեռնարկած սիրո քայլերը, քանի որ որտեղ սեր կա, այնտեղ Աստված կա, իսկ որտեղ Աստված է, այնտեղ կա ամեն տեսակ բարիք և օրհնություն: Սեր ունեցողն իր մեջ դրախտ է կրում, քանի որ մարդը դեռևս այս կյանքից է զգում դրախտը կամ դժոխքը:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն