Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սեռական դաստիարակություն. առողջ կյանքի հիմքերը (մաս 2-րդ)

Հպումը մարմնի ինտիմ հատվածներին
Բազմաթիվ երեխաներ զարմանալիորեն շուտ են բացահայտում, որ սեռական օրգաններին հպվելը հաճույք է պատճառում: Սովորաբար այդ պատահաբար է ստացվում, նրանք չեն ունենում հաճույք զգալու նպատակ, շարժառիթը պարզ հետաքրքրասիրությունն է և մարմինը բացահայտելու գործընթացը: Որոշ երեխաների համար այդ պասիվ ժամերին, գիշերային քնից առաջ կամ անսովոր ուժեղ զգացմունքներ, տագնապներ ունենալիս հանգստանալու տարբերակ է, օրինակ` երբ ընտանիքում այլ երեխա է հայտնվում կամ ծնողները ամուսնալուծվում են: Ձեռնաշարժություն հասկացությունն օգտագործվում է, երբ սեռական օրգաններին հպումները նպատակ ունեն սեռական հաճույք կամ օրգազմ առաջացնելու: Ձեռնաշարժությունը սկսվում է, որպես կանոն, սեռական հասունացումից առաջ (դեռահասության շրջան): Ի դեպ, կան երեխաներ, ովքեր ձեռնաշարժությամբ չեն զբաղվում, և այդ նույնպես նորմալ է:
Խնդիրը ոչ թե ինքնին ձեռնաշարժությունն է, այլ այն, որ մտավոր խանգարումներ ունեցող երեխաները հաճախ զբաղվում են դրանով հասարակական վայրերում կամ անհարմար պահի: Եթե դուք ազդակ եք ստացել, պետք է անհապաղ խոսել երեխայի հետ, ըստ որում՝ բաց, հանգամանալից, հստակ ու պարզ: Երեխան պետք է իմանա, որ սեռական օրգաններին ձեռք տալ կարելի է, բայց միայն այն ժամանակ, երբ մենակ է: Այդ նշանակում է, որ պետք է տեղափոխվել որոշակի տեղ և դուռը փակել: Եթե ձեր երեխան անմիջապես չհասկանա այն, ինչ ասում եք, անմիջապես տարեք նրան սենյակ, բայց մի գործածեք բացասական արտահայտություններ և մի բարկացեք նրա վրա: Հիշեք, որ որոշ երեխաներ միանագամից չեն հասկանում հասարակական և մասնավոր վայրերի տարբերությունը:
Եթե ինտիմ պահվածքը դրսևորվում է հասարակական վայրում, բացատրեք երեխային, որ նա իրեն շատ սխալ է պահում և փորձեք շեղել, ուղղորդել նրա էներգիան դեպի այլ զբաղմունքներ: Եթե նման պահվածքը կրկնվի, անհրաժեշտ կլինի հետևողականորեն վերահսկել երեխային: Միայն թե փորձեք ձեր արձագանքներում հետևողական լինել, այլապես կշփոթեցնեք փոքրիկին: Չմոռանաք բացահայտել և վերացնել սեռական օրգաններին դիպչելու ֆիզիկական պատճառները, եթե այդպիսիք կան՝ վարակներ, անհարմար հագուստ, գրգռվածություն օճառից կամ այլ միջոցներից:
Մենակ մնալու իրավունք
Մեծամասնության համար ինքն իր հետ միայնակ մնալը սովորական երևույթ է: Եթե ձեզ մի փոքր ժամանակ է հարկավոր ինքներդ ձեզ համար, հեշտությամբ գտնում եք այն` արթնանում եք փոքր-ինչ շուտ, քանի դեռ տունը աղմուկով չի լցվել, կամ աշխատանքից հետո երկար եք մնում որևէ մեկի հետ զրուցելու համար:
Մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար անձնական կյանքը կարծես արտոնություն լինի: Մեծանալով` նրանք այն աստիճան են հարմարվում, որ իրենց մենակ մնալու իրավունքը խախտվում է, ընդհանրապես չեն ընկալում «անձնական» բառը, չեն հասկանում դրա իմաստը: Այդ պատճառով էլ հասարակության մեջ նրանք կարող են իրենց անպատշաճ կերպով պահել:
Ուստի «անձնական» բառը պետք է երեխային հնարավորինս շուտ բացատրել` երեք-չորս տարեկանում:
Ամենից լավ տարբերակը իրավիճակի մոդել ստեղծելն է, այն խաղալը:
Երբ իմ երեխաները փոքր էին, նրանք մշտապես անտեսում էին մեր տանը անձնական տարածք սահմանելու փորձերը: Այդ սովորական իրավիճակ է, առավել դժվար է հարմարավետ միջավայր ստեղծել փոքր բնակարաններում: Աստիճանաբար ես հասկացա, որ նրանք պարզապես կրկնում են իմ իսկ պահվածքը: Ես սկսեցի ինձ այնպես պահել, ինչպես ցանկանում էի, որ իրենց պահեն երեխաներս` դուռը ծեծում էի և սպասում, որ թույլ տան իրենց սենյակ մտնել, իսկ երբ երեխաները ներխուժում էին իմ սենյակ, խնդրում էի այլևս այդպես չանել: Երբ սրբիչ էի բերում իրենց համար լոգասենյակ, նրանց հետ խոսում էի դռան հետևից` այն չբացելով: Եթե իմ օգնության կարիքն էր լինում, օգնում էի և անմիջապես գնում: Մենք այլևս չէինք խոսում ինտիմ հարցերից սեղանի շուրջ կամ հյուրասենյակում, այդ նրանք տատիկից են սովորել: Աստիճանաբար Աննան սկսեց ասել` ես ցանկանում եմ մենակ մնալ, իսկ այդ արդեն մեծ քայլ է:
Որոշ ժամանակ աղջիկս ստիպված եղավ սկոլիոզի համար կորսեթ կրել: Նա շատ արագ սովորեց այն հագնել և հանել, բայց այդ անում էր շատ անհարմար վայրերում. նա կարող էր վերնաշապիկը հանել հենց դպրոցի բակում: Շուտով ես հասկացա` ինչու է այդպես լինում. տանը մենք երբեք նշանակություն չենք տվել այն բանին, թե որտեղ ենք հագնում կորսեթը: Անհրաժեշտ էր նորից անդրադառնալ անձնական տարածքի թեմային և համոզվել, որ տանը նա այդ անում է կամ լոգասենյակում, կամ իր ննջասենյակում, ըստ որում` դուռը փակ: Քննարկեցի իրավիճակը դպրոցի մասնագետների հետ, նրանք հասկացան` ինչ ենք մենք ուզում, և սկսեցին նույնությամբ վարվել:
Գործում ենք միասնական
Երբ փոքրիկն սկսում է հաճախել մանկապարտեզ կամ դպրոց, սեռական դաստիարակության գործընթացին միանում են մասնագետները: Հիշե՛ք, նրանց արժեքները և աշխատանքային մեթոդները պետք է համաձայնեցված լինեն ձերի հետ: Մի մայրիկ շատ վրդովված էր, երբ իմացավ, որ դպրոցում որդուն թույլ են տալիս ձեռնաշարժությամբ զբաղվել զուգարանում, չնայած տանը այդ անելը կտրականապես արգելված էր: Արժեքները տարբե՞ր են: Այո: Երեխան շփոթության մե՞ջ է: Ամենայն հավանակությամբ` այո:
Դուք որպես ծնող կարող եք արյունավետ գործել, եթե՝
· հասկանում եք սեփական արժեքները և կարող եք քննարկել դրանք այն մարդկանց հետ, ովքեր երեխայի կողքին են,
· պատմեք մասնագետներին` ինչպես եք տանը լուծում տալիս այս կամ այն հարցին,
· հասկանում եք, ընդունում և օգտագործում եք երեխայի հետ վարվելու արդյունավետ մոտեցումներ, որոնք առաջարկում են մասնագետները,
· առանձնացնում եք պահերը, երբ ուսուցումը առավել բարդ է լինում:
Անպայմանորեն պատմեք մասնագետներին երեխայի սեռական դաստիարակության ընթացքում գրանցած հաջողությունների և ձախողումների մասին, որպեսզի միմիյանցից սովորեք` ինչպես վարվել կամ կարողանաք ուղղել սխալները: Սակայն մի՛ մոռացեք, որ երեխայի բարօրությունը պետք է առաջին տեղում լինի, երբ կազմվում են զարգացման ծրագրեր, ընտրվում են աշխատանքի կոնկրետ տեխնիկաներ և մեթոդներ:
Կապվածություն և սահմանների զգացում
Զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների համար բարդ է հասկանալ այն ամենը, ինչը կապված է զգացմունքների արտահայտման և թույլատրելիի սահմանների հետ: Այդ ունի մի քանի պատճառ:
Մեր երեխաները վաղ տարիքից սովորում են, որ իրենց սահմանները միշտ խախտվում են:
«Առանձնահատուկ» երեխան հաճախ ինվազիվ թերապիայի կարիք է ունենում: Շարժողական զարգացման մասնագետը մանիպուլացնում է երեխայի մարմինը, նրա վերջույթները, իսկ լոգոպեդը օգտագործում է բերանի օրալ խթանման օրինակներ, որպեսզի երեխան խոսի: Ծանոթ և անծանոթ մարդիկ անվերջ փորձում են քաշքշել երեխայի թուշիկները, ձեռք տալ փորիկին, քաշել ականջը կամ պարզապես գրկել․ չէ՞ որ
«Դաունի համախտանիշ ունեցող երեխաները այնքա՛ն քաղցրիկ ու նուրբ են»: Երբ այդպիսով անձնական սահմանները պարբերաբար խախտվում են, երեխան չի հասկանում ինչն է կարելի, իսկ ինչը` ոչ: Իր կամքից անկախ` նա սկսում է ներխուժել այլ մարդկանց անձնական սահմաններից ներս:
Հասարակության վերաբերմունքը զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց սեքսուալության հանդեպ մինչ օրս մնում է խեղաթյուրված: Միֆերն այն մասին, որ մտավոր խանգարումներ ունեցող մարդիկ «ասեքսուալ» են, «հիպերսեքսուալ» կամ «հավերժ երեխաներ», խանգարում են երեխայի տարիքին համապատասխան սեռական դաստիարակությանն ուղղված գրագետ մարտավարություն ձևավորելուն:
Տասներեքամյա տղայի մայրիկը պատմում էր, որ որդին ոչ ադեկվատ ձևով է արտահայտում մարդկանց հանդեպ իր հույզերը և զգացմունքերը: Ավելի ուշ նա խոստովանեց, որ տղան սիրում է ընտանեկան հավաքույթների ժամանակ իր ծնկներին նստել, և ինքը դեմ չէ դրան: Երեխայի գլխում խառնվել են սահմանների և զգացմուների մասին ընկալումները, ինչն էլ հանգեցրել է նման պահվածքի:
Սեփական զգացմունքների արտահայտման և սահմանների կանոնները հաճախ կախված են լինում տվյալ պահից և մշակութային առանձնահատկություններից, այդ պատճառով երեխային այդ ամենը սովորեցնելը դժվար է:
Երբ իմ աղջիկը տեղափոխվեց միջնակարգ դպրոց, նկատեցի, որ նա ջանում է իր սերը նոր ընկերուհիների հանդեպ ցույց տալ ֆիզիկապես` անդադար գրկելով նրանց և համբուրելով: Ես հերթական անգամ զրուցեցի նրա հետ այն մասին, որ զգացմունքներն արտահայտել կարելի է զանազան ձևերով, այդ թվում և խոսքերով: Մենք անգամ կազմեցինք տարբեր հպումների ցանկ, որտեղ ներառված էին թեթև ընկերական ձեռքսեղմումը, «հինգ տուր»-ը, ուսին թմփթմփացնելը և այլն: Պատկերացրեք իմ զարմանքը և շփոթմունքը, երբ ծննդյան տարեդարձներից մեկի ժամանակ նկատեցի` ինչպես են աղջիկները համբուրում միմյանց այտը: Եվ իմ Աննան, ով սովորել էր հեռավորություն պահպանել, նրանց միջավայրում իրեն շատ անհարմար էր զգում: Ես հասկացա, որ մինչ այդ նա պարզապես կրկնում էր ընկերուհիների վարքը, և միջին դպրոցում նրա պահվածքը բոլորովին ընդունելի էր:
Ահա ևս մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեր երեխային հասկանալ զգացմունքների արտահայտման նրբությունները և թույլատրելիի սահմանները
· Առօրյա կյանքում հնարավորինս վաղ մտցրեք մշտական կանոններ, որոնք կվերաբերեն հպումներին և թույլատրելիի սահմաններին: Եթե երեխան իր զգացմունքները և հույզերն արտահայտում է առանց որևէ խոչընդոտի, կանոնները պետք է շատ հեշտ լինեն: Օրինակ` ձեռքսեղմումը, գլխով անելը, բարեհամբույր խոսքերը հարմար են հեղինակավոր մարդկանց ողջունելիս: Ընտրեք մեկ մեթոդ և անընդհատ աշխատեք դրանով: Որոշեք, թե ինչ անընդունելի գործողություններից եք ցանկանում հետ պահել երեխային և մտածեք այդ գործողություններին փոխարինող երկու-երեք տարբերակ: Հիշե՛ք, որ նպատակը ոչ թե երեխայի այս կամ այն պահվածքը բացառելն է, այլ այն առավել տեղին դարձնելը:
· Հարգեք ձեր երեխայի ընտրելու իրավունքը, թույլ տվեք, որ նա որոշի` ում հանդեպ ունեցած զգացմուներն է ցանկանում ցույց տալ, անկախ այն բանից` ազգական է նա, ընկեր թե մասնագետ:
· Քննարկեք մասնագետների հետ ձեր կողմից սահմանված կանոնները, վարքականոնները և նպատակները, որոնք ցանկանում եք իրականացնել: Հետևողականությունն ուսուցման և կանոնների յուրացման հարցում կնպաստեն հաջողությանը:
Մոտ հեռավորություից
Այն մարդկանց, որոնք պարբերաբար բավականին մոտ հեռավորությունից շփվում են երեխաների հետ` ծնողներին, բժիշկներին կամ օգնականներին, խորհուրդ է տրվում հետևյալը։
Երեխան պետք է տարբերի հպման այդ տեսակը մյուսներից և չվախենա դրանից: Այս կանոնները կարելի է կիսել վստահելի մասնագետների հետ, որոնք օգնում են փոքրիկին մանկապարտեզում, դպրոցում կամ հիվանդանոցում:
1. Մինչև դիպչելը թույլտվություն հարցրեք:
Այդ կօգնի զարգացնել երեխայի անձնական տարածք ունենալու զգացումը: Օգտագործեք խոսքի մասնավոր տոն` խոսեք ավելի նուրբ, ցածր ու փափուկ: Եթե երեխան չի խոսում, նրան ժամանակ տվեք տվյալ իրավիճակում իր վերաբերմունքն արտահայտելու: Նախ հարցրեք, հետո դիպչեք:
2. Նկարագրեք, թե ինչ եք անում։
Նույն հանդարտ, փափուկ տոնով պատմեք, թե ինչ եք պատրաստվում անել և միջամտության ընթացքում շարունակեք խոսել: Անպայման բացատրեք, թե ինչ և ինչու եք անում: Այդ կստիպի երեխային հարցեր տալ, գործընթացում իրեն ներառված զգալ, ևս մեկ անգամ կամրապնդի մարմնի մասերի վերաբերյալ նրա իմացությունը և նրան ապահովության զգացում կտա:
3. Գլխավոր նպատակներից մեկը երեխային գործընթացի ակտիվ մասնակից դարձնելն է: Եթե նրան հիգիենայի կանոններ եք սովորեցնում, պետք է ձգտեք, որ նա ինքնուրույն լվացվի, իսկ դուք ընդամենը վերահսկեք գործընթացը` սպասելով վարագույրի հետևում:
4. Բոլոր պրոցեդուրաներն ավարտելուց հետո խոսեք երեխայի հետ, նկարագրեք, թե ինչ եք արել և ինչու: Օրինակ`
«Մենք հենց նոր միասին լողացրինք քեզ, հիմա մաքուր ես և պատրաստ ես օրդ սկսելուն»:
Շարունակելի
Աղբյուրը՝ downsideup.org
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.