Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սեռական դաստիարակություն. առողջ կյանքի հիմքերը (մաս 3-րդ)

Դաունի համախտանիշով երեխաների սեռական զարգացումն ու դաստիարակությունը լուրջ և կարևոր թեմա է, որն անհանգստացնում է որ միայն ծնողներին, այլև տարբեր բնագավառների մասնագետներին: Այս հոդվածում խոսվում է այն մասին, թե ինչպես և ինչ է անհրաժեշտ սովորեցնել պատանիներին և աղջիկներին, ովքեր արդեն մեծացել են:
Մենք շարունակում ենք նյութերի հրապարակումըսեռական դաստիարակության վերաբերյալ (Մաս 1): Արդեն ծանոթացրել ենք ձեզ այն հիմնահարցերին, որոնք հնարավորություն են տալիս հասկանալու՝ ինչ է իրենից ներկայացնում սեռական դաստիարակությունը երեխայի զարգացման վաղ շրջանում: Այս հոդվածում հեղինակն անցում է կատարում հիգիենայի, սեռական նույնականացման և առանձնահատուկ երեխաների հետ հարաբերության սահմանների հիմնային թմաներից դեպի պոզիտիվ հաղորդակցման կառուցման, սոցիալական հմտությունների տիրապետման, ինչպես նաև դեռահասության շրջանում երեխաների զարգացման առանձնահատկությունների հարցերին:
Հաղորդակցում. հույզեր և զգացմունքներ
Սեռական դաստիարակության շրջանակում երեխայի հաղորդակցման ունակությունը, շփման նրբությունների նրա ընկալումը հատկապես կարևոր են և պետք է զարգանան հնարավորինս վաղ: Այդպիսի կարողությունների շարքին են դասվում, օրինակ, ընկերների հույզերը տարբերել կարողանալը և դրանց պատասխանելը կամ հասկանալը, որ դիմացինը ցանկանում է խորացնել շփումը, մտերմանալ:
Հաղորդակցման այս հմտությունները անհրաժեշտ կլինեն նաև, երբ հասունանա մեծացող երեխայի մարմնի հետ կատարվող փոփոխություններըքննարկելու կամ սահմանների մասին խոսելու պահը: Հարկ է նկատի ունենալ, որ ճիշտ ճանաչել դիմացինի հույզերը և պատասխանել դրանց հեշտ չէ մեզանից մեծ մասի համար, ինչ ասել այդ դեպքում զարգացման առանձնահատկություններ ունեցող մարդկանց վերաբերյալ: Ձեր երեխան կարող է դժվարություններ ունենալ հույզերն արտահայտելիս (կարող է հույզերն արտահայտել իրավիճակին ոչ համապատասխան) կամ այլ մարդկանց հույզերը հասկանալիս. հենց այստեղ է շատ հաճախ խնդիր առաջանում:
Ամենայն հավանականությամբ, դուք ստիպված կլինեք սովորեցնել երեխային, թե ինչպես կարող է արտահայտել իր զգացմունքները: Դա կարող եք անել հնարավորինս հաճախ արտահայտելով ձեր հույզերը ամենաանկեղծ և նպատակահարմար ձևով, եթե դրա համար իրական պատճառներ կան: «Ես տխուր եմ, որովհետև այսօր մոռացել էի ճաշս ինձ հետ վերցնել». սովորեցրեք երեխային ասոցացնել սեփական զգացմունքները որևէ իրադրության հետ, օրինակ՝ «Ի՞նչ էիր դու զգում, երբ մրցույթի հաղթող դարձար»:
Երբ իմ աղջիկ Աննան փոքրիկ էր, մենք «զգացմունքների խաղ» էինք խաղում. Ես դեմքիս տալիս էի ինչ-որ արտահայտություն, և նա պետք է գուշակեր, թե ես ինչ եմ զգում: Օրինակ՝ հորանջելը նշանակում էր, որ հոգնել եմ, ժպիտը՝ որ երջանիկ եմ, բաց բերանին մոտեցված ձեռքը՝ զարմանք: Հետո աղջկաս հերթն էր գալիս, և արդեն ես պետք է գուշակեի՝ ինչ է նա նկարագրում:
Խաղի նպատակն էր ընդլայնել նրա «զգացմունքների բառապաշարը», օգնել նրան օգտագործել միմիկաները և զգացմունքներն անվանել բառերով, երբ դրա անհրաժեշտությունը լիներ: Աննայի մեծանալուն համընթաց և սկսեցի ոչ միայն ցույց տալ նրան զգացմունքներ և հույզեր, այլև բացատրել, թե ինչու եմ հենց այդ զգացմունքը կամ հույզը նկարագրում:
Սոցիալական հմտություններ
Սեռական դաստիարակության ամենակարևոր նպատակն է՝ սովորեցնել մեր երեխաներին վստահորեն շփվել և հաղորդակցվել շրջապատող մարդկանց հետ: Այս նպատակին հասնելու համար կարևոր է հասկանալ, թե որքանով են տեղին ձեր սոցիալական հմտությունները այս կամ այն կոնկրետ իրավիճակում. հենց այստեղ են Դաունի համախտանիշով երեխաները առավել դժվարություններ ունենում: Որպես կանոն՝ սոցիալական հմտությունների տիրապետումը պահանջում է հստակ կանոններ և շարունակվում առանձնահատուկ մարդու ողջ կյանքի ընթացքում:
Զարգացման վաղ շրջանում երեխային սոցիալական հմտություններ պետք է սովորեցնենքմենք՝ ծնողներս: Այդ հասակում փոքրիկը կրկնօրինակում է մեր վարքը և վարվելակերպը: Նա լավ վարքաձևեր է սովորում՝ ինչպես ասել «շնորհակալություն», «խնդրեմ», «ներեցեք»՝ հետևելով մեզ: Քիչ ուշ նրան հնարավորություն է տրվում դրսևորելու իր կարողությունները գործնականում՝ զանազան իրավիճակներում: Աստիճանաբար, հենց որ երեխան սկսում է հասկանալ, որ իր քայլերը և բառերը այսպես թե այնպես ազդում են ուրիշների վրա և որ տարբեր իրավիճակներում տեղին են տարբեր վարքաձևեր, մենք կարող ենք անցնել նրա նպատակաուղղված ուսուցմանը: Ծնողների քայլերն այս փուլում կարող են վտանգավոր լինել:
1. Որոշե՛ք, թե կոկրետ ինչ սոցիալական հմտություն եք ցանկանում սովորեցնել երեխային:
2. Ցո՛ւյց տվեք սպասելի վարքը կամ դրա պատասխան արձագանքը:
3. Փորձարկե՛ք շփման հմտությունները կամ օգտագործեք դերային խաղեր անվտանգ միջավայրում՝ ընտանիքում և մտերիմ մարդկանց մասնակցությամբ: Մի՛ մոռացեք երեխային հետադարձ կապ տալ՝ հատկապես նշել, թե ինչն է ինքը ճիշտ արել և որն է կոնկրետ իր ձեռքբերումը:
Սակայն մի՛ մտածեք, որ եթե երեխան նմանատիպ «տնային հանձնարարության» ժամանակ կիրառում է սոցիալական հմտություններ, ապա անպայման կիրառի դրանք նաև «իրական կյանքում»: Դաունի համախտանիշ ունեցող շատ երեխաների մոտ խնդիրներ են լինում հմտությունների ընդհանրացման և փոխանցման հետ կապված, և այդ իսկ պատճառով նրանց անհրաժեշտ է մեծ փորձ անմիջապես միջավայրում՝ այլ մարդկանց հետ փոխհարաբերություններում: Նոր սոցիալական կարողությունը պետք է գործածվի ամենատարբեր իրավիճակներում և ամենատարբեր մարդկանց հետ:
Եթե գործնականում ինչ-որ բան այնպես չէ, ինչպես սովորելիս էր, քննարկեք իրավիճակը երեխայի հետ և համոզեք նրան, որ պետք է շարունակել սովորել: Բացատրե՛ք, որ հենց նա պետք է այլ կերպ վարվի, բայց զրույցը սկսեք և ավարտեք շեշտադրելով, թե ինչն է իր մոտ ամենից լավ ստացվում կոնկրետ իրավիճակում: Անպայմանորեն ընդգծեք երեխայի ճիշտ վարքաձևերը:
Ձեր պարապմունքներում կարող եք օգտագործել աշխատանքի հետևյալ տեսակները.
· Սոցիալական հմտությունների ներառում խաղերում: Ցանկացած խաղի ընթացք հրաշալի տարբերակ է սոցիալական հմտությունների ձևավորման և կիրառման համար: Օրինակ՝ վարվեցողութան կանոնները կարելի է սովորել տիկնիկներով կամ ցանկացած այլ խաղալիքով խաղալիս:
· Սոցիալական պատմություններ: Դրանք պարզ պատմություններ են, որոնք սովորեցնում են արձագանքել խնդրահարույց իրավիճակին: Դրանք ընդգրկում են նմանատիպ իրավիճակների նկարագություն, ապա՝ իրավիճակին ադեկվատ և անհրաժեշտ վարքի օրինակ, ինչպես նաև կերպարների արձագանք ոչ ադեկվատ վարքի դեպքում: Նմանատիպ շատ պատմություններ կարելի է գտնել ժողովրդական ամենահայտնի հեքիաթներում կամ մանկական հեղինակային ստեղծագործություններում:
· Սեղանի խաղեր: Այսօր խանութներում կարելի է զանազան սեղանային խաղեր գտնել, որոնք օգնում են կենտրոնացնել ուշադրությունը սոցիալական հմտություններին:
· Դերային խաղեր և սոցիոդրամա: Հրաշալի միջոց է սոցիալական հմտությունների ձևավորման համար: Դերային խաղի օգտագործումը թույլ կտա ձեր երեխային զգալու իր վարքի տարբեր հետևանքները առանց դրանք խաղից դուրս կիրառելու: Աշխատանքը կարող է լինել ինչպես խմբային, այնպես էլ անհատական՝ միայն դուք և ձեր երեխան:
Երեխայի մեծանալուն զուգընթաց պետք է շարունակել աշխատանք տանել նրա սեռական դաստիարակության, այլ մարդկանց հետ փոխհարաբերվելու կարողությունների ուղղությամբ: Այդ մասին է մեր հոդվածի հաջորդ մասը:
Դեռահասության շրջան
Երբ լրանա ձեր երեխայի 8 կամ 9 տարին (տղաների մոտ, որպես կանոն, ավելի ուշ), նա մուտք կգործի զարգացման մի փուլ, որն անվանում են դեռահասության շրջան: Արագ աճի այդ փուլը նախանշում է պատանեկության շրջանի մեկնարկը: Դա ֆիզիկական և հուզական զգալի փոփոխությունների ժամանակաշրջան է և քիչ դժվարություններ չի ստեղծում բոլոր երեխաների, այդ թվում և՝ Դունի համախտանիշով երեխաների համար:
Շատ ընտանիքների համար այս շրջանը դառնում է հիշեցում այն մասին, որ զարգացման առանձնահատկություններով իրենց երեխան մեծանում է և հասունանում մյուս բոլոր երեխաների նման: Հենց այդ ժամանակ կարող եք գնահատել, թե որտեղից է նա ստանում տեղեկատվություն սեռական դաստիարակության վերաբերյալ: Եթե մինչ այդ դուք այդ թեման չեք բարձրացրել, մի՛ անհանգստացեք. օգտագործե՛ք հասունացման շրջանը՝ որպես հնարավորություն ծանոթացնելու երեխային սեռական դաստիարակության հիմքերին և օգնեք նրան հասկանալ սեքսուալության հետ կապված հարցերը: Եթե դուք արդեն ներկայացրել եք երեխային հիմնական տեղեկատվությունը, անպայման կրկնեք անցածը, տարբեր իրավիճակների համար մշակեք հմտություններ և գիտելիքներ: Բայց պատրաստ եղեք այն բանին, որ շուտով նոր թեմաներ կառաջանան՝ կապված դեռահասության շրջանի և պատանեկության հետ:
Դեռահասության շրջանի էությունը
Սեռական հասունացման շրջանում նորմալ զարգացող երեխաների և զարգացման առանձնահատկություն ունեցող երեխաների միջև կարելի է առանձնացնել միայն մի քանի տարբերություն: Դունի համախտանիշով 11-12 տարեկան երեխաները ունենում են հասունացման այն նույն նախանշանները, ինչ սովորական երեխաները՝ աղջիկների մոտ կրծքի ձևավորում, մազակալում ցայլքի շրջանում, մարմնի սպեցիֆիկ հոտի առկայություն: Այդ պատճառով պետք է փոքր-ինչ շուտ սկսել տեղեկատվություն տրամադրել դեռահասության շրջանի առանձնահատկությունների մասին՝ հենց այն ժամանակ, երբ այդ մասին իմանում են մնացած բոլոր երեխաները: Աղջիկների համար, դա, որպես կանոն, 10 տարեկանն է, տղաների համար՝ 11-12:
Ուշադրություն դարձրեք, եթե ձեր երեխան ներառական դպրոց է հաճախում, զարգացման առանձնահատկությունների մասին զրույցն այնտեղ կարող է տարվել որոշակի բանալիներով. այնպիսի թեմաներ, ինչպիսիք են հիգիենան և խնամքը, կարող են մեծ հաշվով չքննարկվել, իսկ մյուսները ներկայացվել ընդհանուր ձևով: Սակայն Դաունի համախտանիշով երեխաներին անհրաժեշտ է փոխանցել ամբողջական տեղեկատվություն՝պարբերաբար քննարկելով որոշ դրույթներ, այդ պատճառով էլ ընդհանուր դասընթացը երեխայի համար կարող է բավարար չլինել:
Օրինակ իմ աղջիկը չորրորդ դասարանում արդեն որոշակի չափով գիտեր, թե ինչ է տալիս սեռական դաստիարակությունը, այնպես որ դասի ժամանակ նա միանում էր համադասարանցիներին: Աղջիկներին դեռահասության շրջանում իրենց զարգացման առանձնահատկությունների մասին ֆիլմ են ցույց տվել, բայց երբ ես Աննային հարցրեցի, թե ինչ են դիտել, նա պատասխանեց. «Աղջիկներն անընդհատ ծիծաղում էին»: Նա ուշադրություն էր դարձրել այն բանին, թե ինչ է կատարվում դասարնում, և բոլորովին չէր հիշել՝ ինչի մասին էր ֆիլմը:
Այդ ժամանակ առանձնահատուկ երեխաների հետ պետք է քննարկել հետևյալ թեմաները՝ մարմնի փոփոխություններ, հիգիենա և խնամք, սեքսուալության զգացում, հասարակության մեջ և միայնակ մնալիս ճիշտ վարքի կանոններ, սեփական անձնական տարածք և այլ մարդկանց անձնական տարածք, ում է պատկանում իմ մարմինը: Այդժամ պետք է քննարկել խնդիրներն ու դժվարությունները, որոնք կարող են առաջ գալ դեռահասների մոտ: Օրինակ՝ տղաների հետ հարկ է խոսել այն մասին, թե ինչպես պետք է վարվել, եթե հանկարծակի էրեկցիա է սկսվել, դա կօգնի նախապատրաստել նրանց նման իրավիճակների: Դասընթացի վերջին շրջանում աղջիկների հետ ես քննարկում եմ՝ ինչպես վարվել, եթե դաշտանը անսպասելի է սկսվել, իսկ հիգիենիկ միջոցներ ձեռքի տակ չկան: Բայց ես նրանց անմիջապես չեմ առաջարկում կոնկրետ լուծումներ. մենք միասին ենք դրանք գտնում՝ քննարկման արդյունքում:
Շարունակելի
Աղբյուրը՝ downsideup.org
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն