Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սեռական դաստիարակություն. առողջ կյանքի հիմքերը (մաս 1-ին)

Մեր երեխաները մեծանում են ու փոխվում: Ծնողներին դժվար է լինում պատկերացնել, որ իրենց նորածին հրեշտակը երբևէ դառնալու է չենթարկվող չարաճճի, հետո` դժվար բնավորությամբ դեռահաս և վերջապես`հասուն մարդ իր տարիքային բոլոր առանձնահատկություններով, ուրախություններով և հոգսերով:
Մի անգամ ես առիթ ունեցա ներկա գտնվելու «Մտավոր խանգարումներ ունեցող երեխաների սեռական դաստիարակությունը» սեմինարին, որը վարում էր Պսկովի Բուժիչ մանկավարժության կենտրոնի աշխատակից Սվետլանա Անդրեևան` Ռուսաստանում նշյալ խնդրով զբաղվող քիչ մասնագետներից մեկը: Սեմինարին մասնակցում էին «մեծ երեխաների» մայրիկներ, ինչը զարմանալի չէ. նրանց տղաներն ու աղջիկները «հանկարծակի» մեծացել և հասունացել են, սկսել են ծագել կոնկրետ և բավականին լուրջ խնդիրներ. մայրիկներն ստիպված էին մոռանալ տագնապը:
Շփոթմունք և անտեղյակություն ծնողների շրջանում և խառնաշփոթ երեխաների գլխում. արդյունքում` վաղ տարիքում երեխայի սեռական դաստիարակության գրագետ համակարգի բացակայություն: «Քայլ արա» ամսագրում մենք հրապարակում ենք նյութերի շարք, որոնք հուսով ենք կօգնեն ավելի լավ հասկանալու` ինչ է իրենից ներկայացնում սեռական դաստիարակությունը և ինչու է այն արդեն հիմա անհրաժեշտ ձեր երեխային:
Մի անգամ իմ տասնմեկամյա աղջիկ Աննան, ով Դաունի համախտանիշ ունի, հարցրեց.
-Մայրի՛կ, ինչի՞ համար է հարկավոր սեքսը:
Ես անմիջապես հասկացա` պահը եկել է, և սկսեցի քաոսային մտածել` ո՞վ է նրա հետ խոսել սեքսի մասին, գուցե նրա քույրն է խոսքի մեջ այդ բառն օգտագործել, կամ գուցե ինչ-որ ֆիլմ է «իմ քննությունից դուրս մնացել»: Իսկ գուցե նա իմ գրքերն է գտել․ չէ՞ որ դրանցից բոլորը չէ, որ լավ են թաքցված:
-Մա~մ, ինչի՞ համար է հարկավոր կեքսը:
Նա այդ արտաբերեց այլ կերպ և հակարծ այդ պահին ես տեսա կեքսը, որը պատրաստել էի հարևանուհուս տանելու համար: Հանգիստ շունչ քաշեցի. քննությունն անորոշ ժամկետով հետաձգված է: Բայց այդ օրը ես հասկացա` սեփական երեխայի հետ զրույցում սեքսուալության թեման այնքան էլ թեթև չէ անգամ ինձ` սեռական դաստիարակության մասնագետի համար:
Ինչո՞ւ է անհրաժեշտ սեռական դաստիարակությունը
Ծնողների կամ մասնագետների հետ «սեքսուալություն» հասկացությունը քննարկելիս մենք հաճախ հասկանում ենք, որ տարբեր երևույթների մասին ենք խոսում: Այդ իսկապես շատ լայն հասկացություն է և անձի շատ կողմեր է ներառում: Այստեղ ներառված է մեր սեփական սեռի գիտակցումը և այն դերերն ու սպասումները, որոնք կապված են դրա հետ: Սեքսուալությունը ենթադրում է և այն, թե ինչպես ենք ընկալում մեր մարմինը և ինչպես ենք մեզ պահում, հարաբերվում ենք նույն, թե հակառակ սեռի ներկայացուցիչների հետ: Կարճ ասած` դա ինքդ քեզ բացահայտելու ակտիվ գործընթաց է. ըստ որում՝ մի ամբողջ կյանք ձգվող գործընթաց:
Մեզանից յուրաքնչյուրը սեռային հարցերին ծանոթացել է տարբեր կերպ, մեր ծնողները եղել են առաջինն ու գլխավորը կրկնօրինակման համար: Ավելի ուշ մեր կայացման վրա ազդել են հասկակիցները, ԶԼՄ-ները, կրոնական հայացքներն ու կյանքի փորձը: Զարգացման առանձնահատկություններով մարդիկ, այդ թվում և Դունի համախտանիշ ունեցողները, միշտ չէ, որ ունեն անգամ ոչ համակարգային սեռական դաստիարակություն ստանալու հնարավորություն: Ոչ ընկալելի նշանները, հայացքները, ակնարկները, բարի կատակները, որոնք այնքան տարածված են երեխաների ու դեռահասների շրջանում, շատ հաճախ հասկանալի չեն մեր երեխաների համար: Նրանց համար գրեթե չկան մասնագիտացված, հասանելի դիդակտիկ նյութեր և գրքեր: Մյուս կողմից էլ հետազոտությունները ցույց են տալիս` բռնության ենթարկվելու վտանգն առանձնահատուկ մարդկանց համար ավել շատ է, քան մյուսների: Նրանք անընդհատ կախված են ուրշներից, այդ պատճառով էլ սովորում են լինել զիջող, պասիվ, ամեն ինչին լուռ համաձայնող: Բացի այդ, նրանք միշտ չէ, որ կարող են սթափ, տրամաբանված մտածել և վտանգը ժամանակին հաշվի առնել: Հենց այդ պատճառներով էլ «առանձնահատուկ» երեխաներին հնարավորինս շուտ անհրաժեշտ է տալ նպատակաուղղված, համակարգված սեռական դաստիարակություն: Ցավոք, շատ ծնողներ խուսափում են այս անհարմար թեմայից և հետաձգում են դրան անդրադառնալու պահը:
Նրանցից ոմանք չգիտեն` ինչ և ինչպես ասել երեխային, ում դիմել խորհրդի համար: Ոմանք զբաղված են երեխայի` առավել մտահոգիչ խնդիրներով, և սեռական դաստիարակության հարցն ինքստինքյան մղվում է հետին պլան: Ոմանք էլ պարզապես երեխաների մոտ չեն տեսնում սեքսուալության դրսևորում. հայտնի է, որ որքան ծանր է ախտորոշումը, այնքան ավելի քիչ են ծնողները անհրաժեշտություն տեսնում այդ թեման բարձրացնելու: Պետք է խոստովանել և այն, որ մեզանից շատերն էլ չեն ստացել սեռական դաստիարակություն և պարզապես այդ ավելորդ են համարում, նույն կերպ, ինչպես ավելորդ են համարել մեր ծնողներն ու տատիկները:
Վաղ զարգացում. սեռական դաստիարակության հիմնական թեմաները
Երեխայի սկզբնական գիտելիքները սեռական հարցերի մասին հիմքեր են, որոնք կարելի է խորացնել և լրացնել նրա տարիքին համապատասխան:
Օրինակ` շատ դժվար է քննարկել ֆիզիկական փոփոխությունները, որոնք կատարվում են դեռահասի մարմնում, եթե նա չունի համապատասխան բառապաշար սեռական օրգանների վերաբերյալ: Այդ թեմայի շուրջ մտերմիկ քննարկումները կազատեն երեխային մեղքի, ամոթի զգացումներից, որոնք երբեմն նույնացվում են մարմնի հետ:
Բացահայտելով սեփական մարմինը
Բոլոր փոքրիկ երեխաներին հետաքրքիր է` ինչից է կազմված և ինչպես է գործում իրենց մարմինը: Երբ ձեր երեխան իմանա, որ քիթ, մատներ, ծնկներ ունի, թող իմանա նաև, որ ունի առնանդամ/հեշտոց, կուրծք և հետույք: Երեխային սովորեցրեք օգտագործել գրագետ բառեր իր սեռական օրգաններն անվանելու համար:
Եթե երեխան իր մարմնի ինտիմ հատվածներն անվանելու հստակ բառապաշար ունենա, նրա համար հեշտ կլինի խոսել բռնության մասին, եթե նման դեպք լինի:
Բացի այդ, բառապաշարն օգնում է երեխային ճիշտ և հստակ նկարագրել այն, ինչ կատարվում է իր հետ հիվանդանալու ժամանակ: Մեկ ԲԱՅՑ` մարմնի ինտիմ հատվածների հետ ծանոթացումը պետք է կատարել առանձին վայրերում, օրինակ` երբ երեխան լոգանք է ընդունում կամ զգեստափոխվում է իր սենյակում:
Արդեն վաղ տարիքում փոքրկին օգտակար է հասկանալ, որ մարմինն իրեն է պատկանում և պետք է հոգ տանել մարմնի մասին: Սովորեցրեք երեխային լվացվել և հոգ տանել իր մասին, այդ թվում նաև` ինտիմ հատվածների մասին: Դուք պետք է աստիճանաբար կրճատեք ձեր մասնակցությունը այդ ընթացքում` թույլ տալով երեխային ինքնուրույն պատասխանատվություն կրել լվացվելու և իրեն կարգի բերելու համար:
Երբ երեխայի հետ ուսումնասիրում եք մարմինը, մ՛ի մոռացեք պատմել նրան, որ մարմնի ինտիմ հատվածներն ընդունված չէ բացել հասարակական վայրերում: Դուք կարող եք խրախուսել երեխայի բնական համեստությունը` նրան լոգանքից հետո սրբիչով փաթաթելով, զգեստափոխելով նրան միայն որոշակի սենյակներում: Որոշեք նման տեղեր ձեր բնակարանում` քննարկելով փոքրկին հետ:
Երբ երեխան յուրացնի մարմնի հետ կապված բառապաշարն ու վարքականոնները, բացատրեք նրան, որ իր մարմնի ինտիմ հատվածներին ոչ ոք չպետք է դիպչի: Քննարկեք նաև այդ կանոնի բացառությունները` այց բժշկի մոտ, լոգանք կամ այլ հանգամանքներ, որ կախված են ձոր ընտանիքից և փոքրիկի ախտորոշումից: Համոզվեք, որ երեխան հասկացել է` կոնկրետ ում նա կարող է դիմել, եթե որևէ մեկը խախտի իր ինտիմ սահմանները:
Վերոնշյալ հարցերում ձեզ կօգնեն նաև մարմնի մասերի, սեռերի միջև տարբերությունների և ճիշտ վարքականոնների մասին նկարազարդ գրքերը: Օգտագործե՛ք պահերը, որոնք կարող են ամեն օր ծագել. օրինակ` երբ երեխան հագնվում է, խնդրե՛ք նրան դուռը փակել: Եթե նա մերկացնում է մարմնի ինտիմ հատվածները հյուրասենյակում կամ խոհանոցում, հիշեցրե՛ք նրան, որ այդպես անել չի կարելի:
Սեռերի միջև տարբերությունները
Բազմաթիվ մեծահասակներ կարող են հիշել, թե ինչ հետաքրքրությամբ էին իրենք ուսումնասիրում իրենց մարմինը այնպիսի խաղերի ժամանակ, ինչպիսիք են «Ցույց տուր ինձ, իսկ ես` քեզ» կամ «Այց բժշկին»: Ճիշտ է, մտավոր խանգարումներով երեխաներին այդպիսի հետաքրքրասիրությունը կարող է անսպասելի եզրակացությունների հանգեցնել: Մի մայրիկ պատմում էր, որ իր աղջիկը հաճախում էր մանկապարտեզ, որտեղ մեկ ընդհանուր զուգարան կար: Նա ուշադրություն էր դարձրել, որ աղջիկներն ու տղաները զուգարանից տարբեր կերպ են օգտվում, որովհետև մի անգամ տանը մայրը տեսել էր, թե ինչպես է երեխան փորձում կանգնած դիրքով միզել: Բարեբախտաբար հասցրել է կանգնեցնել փորձարկումը, բայց այդ նշան է եղել, որ ճիշտ ժամանակն է բացատրել աղջնակին` ինչ է նշանակում աղջիկ լինել: Այլ մայրիկ պատմում էր, որ որդին անսպասելի բռնում էր իր կուրծքը, ընդ որում, ամենաանհարմար պահերին. հավանաբար այդպիսով նա արտահայտում էր իր զարմանքը մարմնի մասի վերաբերյալ, որն իր մոտ բացակայում էր:
Շարունակելի
Աղբյուրը՝ downsideup.org
Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն