Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ծաղկազարդի տոնի պատգամ

Մեծ ու մանուկ զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու,

Մանկան պարզությամբ և ջինջ ուրախությամբ լեցուն այս օրը՝ Ծաղկազարդի տոնին, սիրով շնորհավորում եմ բոլորիդ և գոհություն հայտնում բարեխնամ Աստծուն բոլոր մանուկների համար, որ աննկարագրելի սիրով ու ջերմությամբ են լցնում մեր՝ մեծերիս կյանքը:

Երեխաներն Աստծու պարգևն են, Նրա անչափելի ողորմության դրսևորումն անկախ մեր արժանիքներից: «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին գալ ինձ մոտ և արգելք մի՛ եղեք նրանց» (Մարկ. 10:14). Տեր Հիսուս Քրիստոս սիրով ու քնքշանքով էր ընդունում Իր մոտ բերված մանուկներին՝ ընդգծելով, թե որքան կարևոր է, որպեսզի երեխաները դեռևս մանուկ հասակից հաղորդակից լինեն Աստծուն և քրիստոնեական դաստիարակություն ստանան: Ուստի նրանք այն կարևոր ասպարեզն են, որտեղ ծնողները խիստ պատասխանատու հոգևոր աշխատանք ունեն կատարելու: «Դաստիարակելով երեխաներին, այժմյան ծնողները դաստիարակում են մեր երկրի ապագա պատմությունը, նշանակում է` նաև աշխարհի պատմությունը»,- ասել է հայտնի մանկավարժ Անտոն Մակարենկոն, և մերօրյա աշխարհին նայելով, ցավոք, փաստում ենք, որ մարդկությունը ձախողել է այս կարևորագույն հարցում. մարդիկ հոգում են իրենց առողջության, գիտելիքների, լավ կրթության մասին, իսկ հոգով մնում են դատարկ, անդաստիարակ ու բարոյական նորմերին անգիտակ: Հոգ տանելով մեր զավակների ֆիզիկական մարմնին ու մտքին, մենք մոռանում ենք ամենակարևորի՝ հոգու մասին, որը մարդուն մարդ դարձնողն է: Իսկ դաստիարակությունն այն հոգևոր ու բարոյական հիմքն է, որի վրա պիտի ձևավորվի անձնավորությունը, այն բարի սերմն է, որ ծնողները պիտի ցանեն մանկան հոգում՝ հիշելով, որ երկնքում՝ Աստծու առջև հայտնվելով, Տերը մեզնից ոչ թե մեր զավակների դիպլոմներն է հարցնելու, այլ սիրո հիման վրա կառուցված դաստիարակությունը, որ տվել ենք նրանց. «Մեծացրե՛ք նրանց Տիրոջ խրատով և ուսումով» (Եփես. 6:4):

Ծնողական առաքելության մեջ հաջողելու համար հարկ է հիշել, որ երեխաները մեր հոգու արտացոլանքն են, և նրանց թերությունները, բնավորության վատ գծերն ու կամակորությունները հաճախ մեր մեղավոր սովորույթների ու կրքերի արդյունքն են: Երեխաները մեր՝ ծնողներիս օրինակով են սովորում և հաճախ ուղղակի պատճենում են մեր վարքը: Ուստի Աստվածահաճո և առաքինի վարքն այն անգնահատելի հարստությունն է, որ կարող ենք փոխանցել մեր զավակներին: Դեռ վաղ մանկուց սովորեցնենք նրանց ճանաչել, սիրել ու վստահել մեզ անչափ սիրող, խնամող ու բարի Աստծուն: Սովորեցնենք չարը զանազանել բարուց, կեղծիքը՝ ճշմարտությունից: Զգուշացնենք մեղավոր աշխարհի գայթակղություններից՝ սովորեցնելով, թե ինչպես կարելի է դրանք հաղթահարել: Քաջալերելով բարի սովորությունները, սովորեցնենք հաղթահարել չար հակումները, որպեսզի նրանց միայնակ ու անզեն չթողնենք դրանց դեմ հանդիման: Սիրելով երեխային ու միայն բարին կամենալով՝ անպայման սովորեցնենք, որ յուրաքանչյուր հարցում կան թույլատրելիի սահմաններ, որ երբևէ

չպետք է հատվեն, որպեսզի ցավ չպատճառվի ո՛չ իրենց, ո՛չ շրջապատին: Եվ, ի վերջո, սովորեցնենք նրանց ունկնդիր լինել այն սքանչելի, բնատուր դաստիարակին, որ յուրաքանչյուր մարդու պարգևվում է Արարչի կողմից և կոչվում է խիղճ: Երեխաների հոգում զարգացնենք սերը, բարությունը, ազնվությունը, կարեկցելու, ամաչելու կարողությունը, հեզությունը, երախտագիտության, պատասխանատվության զգացումը և նրանց Քրիստոսի հոգատար խնամքին հանձնենք՝ վստահ լինելով, որ բարի զավակներ կմեծանան առաջին հերթին Աստծու, ապա և մեզ համար և Տիրոջ փառավոր գալստյան օրը նրանց շուրթերից հնչող «օվսաննա»-ները, հավիտենության մեջ տարածվելով, այլևս ուրիշ ոչնչի չեն փոխվի:

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.