Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Թույլ տվեք հարստությանն անարգել ընթանալ»

Աստված յուրաքանչյուր մարդու ազատ ընտրության հնարավորություն է պարգևել, և աշխարհի երեսին չկա մի մարդ, որի առջև բաց չլինի դեպի փրկություն և դեպի կործանում տանող ուղիները: Այսինքն՝ մարդն անկախ իր վիճակից, կարող է ազատորեն ընտրել այդ ուղիներից որևէ մեկը: «Ձեր առջև եմ դնում կյանքն ու մահը, օրհնություններն ու անեծքները: Ընտրի՛ր կյանքը, որպեսզի ապրեք դու և քո սերունդը» (Երկրորդ Օրենք 30:19),-ասում է Տերը: Թե՛ հարստությունը, թե՛ աղքատությունը, թե՛ կրթվածությունը, թե՛ հիվանդությունը և թե՛ առողջությունը կարող են մարդուն փրկել կամ կործանել՝ կախված նրանից, թե ինչ ընտրություն կանի մարդը: Օրինակ՝ հարստություն ունեցողին Ս. Բարսեղ Մեծը հետևյալ փրկարար ընտրությունն է առաջարկում՝ բացեք ձեր գանձարանները և թույլ տվեք հարստությանն անարգել ընթանալ՝ ինչպես մի մեծ գետ, որը հազարավոր վտակներով ոռոգում է բարեբեր հողը, թույլ տվեք հարստությանը տարբեր ուղիներով մուտք գործել աղքատների տներ: Ջրհորներում ջուրը դատարկվելով ավելի լավն է դառնում, իսկ լքված ջրհորում ջուրը նեխում է, այդպես էլ լճացած հարստությունն է անօգուտ, իսկ նրա շարժումը և ձեռքից ձեռք անցնելը հանրօգուտ է և պտղաբեր:

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի համատեղ իրագործված սոցիալական ծրագրերին իրենց աջակցությունը բերող անձինք ընտրում են այն ուղին, որ հանրօգուտ է և պտղաբեր: Հունիսի 5-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Լիանա Հանեսյանին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Բազմազավակ Հակոբյան ընտանիքը բնակվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 3-րդ փ., 68 տ. հասցեում: Չորս զավակներից կրտսերը՝ Միքայելը (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ընտանիքի մայրը՝ Լիանան, պատմեց, որ Արև Միքայելը շատ ակտիվ երեխա է, սիրում է պարել, քույրերի և եղբոր հետ խաղալ: Հակոբյան ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, և բազմազավակ ընտանիքը դժվարությամբ, բայց փորձում է իր կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և Միքայելին տրամադրվող հաշմանդամության գումարներով: Լիանան իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին՝ ուշադրության և աջակցության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.