Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Թյուր պատկերացումներ Դաունի համախտանիշի մասին

Դաունի համախտանիշ ունեցող մարդկանց մասին թյուր պատկերացումներն ու նախապաշարմունքներն անհամար են։ Նրանց համարում են մտավոր հետամնաց և կրթվելու անկարող։ Հաճախ պնդում են, որ նրանք ընդունակ չեն իսկական կապվածություն զգալու, որ ագրեսիվ են կամ, ընդհակառակը, մշտապես ամեն բանից գոհ են։ Հետազոտություններն ու կուտակված փորձը վկայում են, որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների ինտելեկտուալության գործակիցը համապատասխանում է զարգացման հապաղման միջին աստիճանին։

  1. Դաունի համախտանիշը հիվանդություն է, որը պետք է բուժել։

Դաունի համախտանիշը գենետիկ վիճակ է՝ պայմանավորված է մարդու բջիջներում հավելյալ քրոմոսոմի առկայությամբ։ Ավելորդ 47-րդ քրոմոսոմի պատճառով ֆիզիոլոգիական մի շարք առանձնահատկություններ են ի հայտ գալիս, և երեխան ավելի դանդաղ է զարգանում, քան նրա տարեկիցները։

Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ հիվանդ չեն․ նրանք չեն «տառապում» Դաունի համախտանիշով, «վարակված» չեն դրանով և «դրա զոհը չեն»։

  1. Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ ընդունակ չեն որևէ բան սովորելու։

Այդ թյուր պատկերացման արմատները հատուկ, մասնագիտացված հաստատություններում կատարված հետազոտությունների մեջ են, բայց չէ՞ որ այդպիսի պայմաններում ցանկացած երեխա էլ չի կարողանա բնականոն զարգանալ, քանի որ զրկված է ծնողների սիրուց՝ երեխայի համար հիմնական խթանից։ Ապրելով ընտանիքում՝ «անհեռանկարային» երեխան մեկ տարեկանում ինքնուրույն նստում է, երկու տարեկանում քայլում է, երկուսուկես տարեկանում՝ ուտում գդալով, առաջին բառերն արտաբերում, չորս տարեկանում՝ դրսևորում բնավորության գծերը։

Դաունի համախտանիշով երեխան սովորում է օգնել տանը, պատրաստ է մանկապարտեզ, հետագայում՝ դպրոց գնալուն, օտար լեզվով խոսելուն, համակարգչային հմտություններ յուրացնելուն ու սպորտով զբաղվելուն։

  1. Դաունի համախտանիշ ունեցող երեխան ծնողների հակահասարակական վարքի պտուղն է։

Իհարկե ոչ։ Համախտանիշի առաջացումը կախված չէ ո՛չ բնակության վայրից, ո՛չ կլիմայական տարածքից, ոչ էլ սոցիալական որևէ շերտի պատկանելուց։ Այն կախված չէ նաև ծնողների կենսակերպից, նրանց առողջությունից, սովորություններից, ազգային ու ռասսայական պատկանելիությունից։

Ծնողներն ունենում են քրոմոսոմների նորմալ հավաքակազմ և ոչ մի կերպ մեղավոր չեն։

  1. Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ վտանգավոր են հասարակության համար։

Ասում են, որ Դաունի համախտանիշով մարդկանց հատուկ է սեռական ագրեսիան, անադեկվատ պահվածքը, տրամադրության հաճախակի փոփոխությունները՝ բարեսրտությունից մինչև կատաղություն, սակայն այդ խորին մոլորություն է։ Ընդհակառակը, Դաունի համախտանիշ ունեցող մարդիկ կարող են անկեղծ ու անաչառ սիրո օրինակ ցույց տալ, քանի որ ընկերասեր են, քնքուշ ու գորովալից։ Նրանցից յուրաքանչյուրը, սակայն, իր բնավորությունն ու տրամադրությունն ունի, ինչպես մեզ ծանոթ սովորական մարդիկ։

Մենք չենք ճանաչում հանցանք գործած Դաունի համախտանիշով որևէ մարդու։ Իսկ դո՞ւք։

  1. Հայաստանում Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն ավելի քիչ են, քան Եվրոպայում։

Եվրոպայում Դաունի համախտանիշ ունեցող անձինք ապրում են ընտանիքում և ներռված են պետական աջակցության ծրագրերում, հասարակությունն էլ նրանց վերաբերվում է  որպես իրավահավասարի։ Հայաստանում, ցավոք, ցայսօր էլ ընտանիքները հրաժարվում են Դաունի համախտանիշով ծնված երեխայից՝ նրան թողնելով ծննդատանը։ Փոքրիկը հայտնվում է մասնագիտացված հաստատությունում։ Այդպիսով թյուր պատկերացում է ձևավորվում, թե Հայստանում Դաունի համախտանիշով մարդիկ ավելի քիչ են, քան արտասահմանում։

  1. Իմ ընտանիքում երբեք այդպիսի դեպք չի պատահի։

Դաունի համախտանիշով երեխա կարող է ծնվել ցանկացած ընտանիքում՝ անկախ սոցիալական դիրքից, կրթվածության աստիճանից ու այլ գործոններից․ այն գենետիկ պատահականություն է։

  1. Ավելի լավ է Դաունի համախտանիշ ունեցող երեխաները պահվեն մասնագիտացված հաստատություններում մասնագետների հսկողության ներքո։

Հատուկ եզրույթ կա, որը բնութագրում է, թե ինչ է տեղի ունենում երեխայի հետ հատուկ կենտրոնում՝ հոսպիտալիզմի համախտանիշ։ Այն անձնային և հոգեկան զարգացման խանգարում է, որն առաջանում է մորից բաժանման և հատուկ հաստատությունում մնալու պատճառով։ Հոսպիտալիզմը բացասական հետք է թողնում երեխայի անձնային բոլոր ոլորտների վրա՝ արգելակելով նրա ինտելեկտուալ, հուզական և ֆիզիկական զարգացումը։ Այդ ոչ մի կապ պայմանավորված չէ Դաունի համախտանիշի առկայությամբ կամ բացակայությամբ։

Թողնել մեկնաբանություն