Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ողորմած մարդը նման է Աստծուն

Բազմաթիվ օրինակներով է հաստատված, որ երբ ողորմած մարդն աղոթքի է կանգնում, ապա նրա աղոթքն անարգել առ Աստված է բարձրանում: Ս. Իսահակ Ասորին այս ամենին հակառակ մատնանշել է, որ անողորմ ճգնավորն էլ նման է անպտուղ ծառի: Այս օրինակով սուրբը ցանկացել է ասել, որ որքան էլ մարդը մարմնական սխրանքներ գործի, բայց եթե նրա սիրտը խուլ լինի մերձավորի կարիքի հանդեպ, ապա նրա գործերն անպտուղ կլինեն: Ողորմած մարդը նմանվում է Աստծուն, քանի որ Աստված անսահման ողորմած է: Տիրոջ բնութագիրներից մեկն է ողորմած լինելը, երբ մարդն ողորմությամբ նմանվում է Աստծուն, ապա Աստված Իր հերթին նրան մեծ օրհնության է արժանացնում:

Նոյեմբերի 1-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հանեսյան Լիաննային (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Լիաննան ամուսնու և չորս զավակների հետ բնակվում է Արմավիրի մարզի Մայիսյան գյուղի 3-րդ փ., 68 տ. հասցեում: Զավակներից կրտսերը՝ Միքայելը (3 տ.), Դաունի համախտանիշ ունի: Հակոբյան ընտանիքի հայրը մշտական աշխատանք չունի, և երկու ամիս է, որ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն՝ արտագնա աշխատանքի: Լիաննան ասաց, որ երկու ամիս անց կծնվի իրենց հինգերորդ զավակը: Բազմազավակ ընտանիքը դժվարությամբ, բայց փորձում է իր կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և Միքայելին տրամադրվող հաշմանդամության գումարներով: Ընտանիքի մայրն իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքին՝ ուշադրության և աջակցության համար:

Հոգևոր պայքարի կարևորագույն պտուղներից մեկը ողորմած սիրտ ձեռք բերելն է: Սրբերի սիրտը սիրով և ողորմածությամբ էր «այրվում» ողջ արարչագործության՝ մարդկանց, կենդանիների, թռչունների և բնության հանդեպ: Այդպիսի սիրտն է ճշմարիտ նշանը նրա, որ մարդը հոգևոր կյանքում ճշմարիտ ընթացք ունի, այդպիսի սիրտ ունենալու համար մեծ ջանքեր են անհրաժեշտ: Ս. Հակոբոս առաքյալը գրել է, որ միայն խոսքերով հնարավոր չէ ողորմություն ցուցաբերել. «Ենթադրենք, որ կիսամերկ և օրվա հացի կարոտ մի եղբայր կամ քույր դիմեց ձեզ: Եթե ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք, Աստված ձեզ հետ լինի, տաքացե՛ք և կշտացե՛ք», և նրանց մարմնի համար անհրաժեշտ զգեստը կամ ուտելիքը չտա, ի՞նչ օգուտ ունի: Նույնպես էլ հավատն առանձին, առանց գործերի, մեռած է» (Հակոբ. 2:15-18):

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն