Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Որտեղ կա սեր, այնտեղ կա Աստված

Աստվածային սերն անսահման է և անփոփոխ: Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդը պետք է հատի եսասիրության սահմանը, որպեսզի կարողանա տեսնել իր շուրջը գտնվողներին: Աստվածային սերն օգնում է մարդուն ուշադիր լինել և նկատել դիմացինին ու նրա կարիքը: Շատ հաճախ մարդիկ, միայն իրենց մասին մտածելով, իրենց են համարում կյանքի կենտրոնը: Երբ օրենքի ուսուցիչներից մեկը Քրիստոսին հարցրեց՝ ո՞վ է իմ ընկերը, Տերն ի պատասխան պատմեց «Բարի սամարացու» առակը՝ ցույց տալով, որ քո ընկերը նա է, ով քո կարիքն ունի և այդ պահին նա է քո կյանքի կենտրոնը: «Ով սեր ունի, նա իր ներսում Աստծուն ունի: Որտեղ սեր կա, սխալները սակավանում են, իսկ որտեղ սեր չկա, նույնիսկ առաքինությունները դառնում են թերություններ: Ամբողջ աշխարհի հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ է աշխարհի բոլոր լեզուներն իմանալ, կամ էլ՝ միայն սեր ունենալ: Սեր ունենալով՝ ընդհանուր լեզու ենք ունենում՝ համաշխարհային լեզու, որով կարող ենք հաղորդակցվել բոլոր մարդկանց հետ ողջ աշխարհում»,- ասել է Հայր Գաբրիել Աթոսացին:

Փետրվարի 19-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Հարությունյան Մանուշակին (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տիկին Մանուշակն իր դստեր՝ Գրետայի (17 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան 11 շ., 7 բն. հասցեում: Գրետան Դաունի համախտանիշ ունի: Երգ ու պար սիրող արև Գրետան մասնակցում է «Արև-երեխաներ» ՀԿ-ի կազմակերպած դասընթացներին, նաև պատրաստվում է հաճախել Արևի թատրոն: Տիկին Մանուշակը, առողջական խնդիրներ ունենալով, աշխատում է, սակայն իր նվազագույն աշխատավարձով դժվարանում է տան վարձը վճարել և իրենց նվազագույն կարիքները հոգալ: Նա շնորհակալություն հայտնեց աջակից անձին՝ օգնության ձեռք մեկնելու համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն