Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ոսկե օրենքը» քրիստոնյայի կյանքից ներս

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես և դո՛ւք արեք նրանց, որովհետև ա՛յդ իսկ են Օրենքն ու մարգարեները» (Մատթ. 7:12), այս պարզ խոսքերով Քրիստոս ողջ մարդկության համար հաստատեց «Ոսկե օրենքը»: Մինչ Քրիստոս մի շարք մտածողներ արտահայտել են նման միտք, բայց ի տարբերություն Տիրոջ խոսքի՝ նրանք ժխտողականություն են արտահայտել: Օրինակ՝ հրեա փիլիսոփա և պատմաբան Փիլոն Ալեքսանդրացին ասել է՝ այն, ինչ չես սիրում, մի արա ուրիշին: Չինացի ուսուցիչ, քաղաքական գործիչ և փիլիսոփա Կոնֆուցիոսին երբ հարցրին, թե կա այնպիսի մի խոսք, որ կարող է յուրաքանչյուր մարդու համար օրենք համարվել, նա պատասխանեց. «Փոխադարձ վերաբերմունքը. ինչ չես ցանկանում քեզ համար, այն մի արա ուրիշին»: Եկեղեցու հայրերից Ս. Հովհան Ոսկեբերանը, «Ոսկե օրենքը» մեկնելով, ասել է, որ Տերը հորդորում է առաքինի կյանքով ապրել. «Նա չասաց՝ ինչ ցանկանում ես Աստծուց քեզ համար, այն արա քո մերձավորին, որպեսզի դու չընդդիմանաս և չասես, թե ինչպես է դա հնարավոր, Նա Աստված է, իսկ ես՝ մարդ: Քրիստոս ասաց՝ ինչ ցանկանում ես քեզ համար քեզ հավասար որևէ մեկից, նույնը դու արա նրան: Տերը արտասովոր բան չպահանջեց, այլ այն, ինչ պահանջում է բնությունը. ցանկանո՞ւմ ես, որ հարգեն քեզ, դու ինքդ հարգիր, ցանկանո՞ւմ ես սիրելի լինել, ինքդ սիրիր»:

«Ոսկե օրենք»-ի գործածության արդյունքում են կյանքի կոչվում եկեղեցական համայնքային կյանքից ներս իրականացվող սոցիալական ծրագրերը: Փետրվարի 12-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Նաիրային (47տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր եկեղեցու համայնքի անդամներից մեկը, որը չցանակացավ իր անունը նշել: Նաիրան Դաունի համախտանիշ ունեցող իր տասնմեկամյա որդու՝ Արմանի հետ բնակվում է Րաֆֆու 111/24ա հանրակացարանում: «Տղաս, թույլ դիմադրողականություն ունենալու պատճառով, հաճախակի է հիվանդանում թոքաբորբով: Այժմ նրա բուժման համար պահանջվող դեղորայքի մի մասն եմ կարողացել գնել, քանի որ Արմանի խնամքով զբաղված լինելով՝ չեմ կարողանում աշխատել, իսկ ընտանեկան նպաստի և տղայիս հաշմանդամության թոշակի գումարները բավարարում են միայն, որ մասամբ հոգամ մեր նվազագույն կարիքները»,- ասաց Նաիրան: Արմանը սովորում է Նուբարաշենի թիվ 11 հատուկ դպրոցում: Նա մեծ ուրախությամբ և ոգևորությամբ է հաճախում «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն: Նաիրան շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից անձին՝ ցուցաբերած օգնության համար:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *