Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704

«Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն»

Մայիսի 24-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Սարգսյան Ռուզաննային (55 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Սարգսյան ընտանիքը բնակվում է Նուբարաշեն Ա-7 տարածքի 13 հողակտորում՝ տարրական կենցաղավարության պայմաններից զուրկ երկու սենյականոց տնակում: Տիկին Ռուզաննան չորս զավակ ունի, որոնցից ավագը՝ Նվերը (30 տ.), Դաունի համախտանիշ ունի: Ընտանիքի հայրը՝ Արցախյան հերոսամարտի մասնակից Սարգսյան Մանվելը, մահացել է քսաներկու տարի առաջ: Ռուզաննան նշեց, որ տղաներից երկուսն առողջական խնդիրներ ունեն, և նրանցից մեկը բուժվելու նպատակով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, ինքը ևս առողջական խնդիր ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում բժշկի դիմել:

Սարգսյան ընտանիքն անհատ բարերարի կողմից տրամադրած շինանյութով փորձում է փոքր տուն կառուցել: «Մեր տնակի դիմաց փոքր տուն ենք կառուցում, և եղբայրս օգնում է մեզ շինարարության մեջ, բայց գումար չունենալու պատճառով՝ չենք կարողանում տանիքի կառուցումն ավարտել՝ այնտեղ տեղափոխվելու համար: Աղջիկս և մյուս տղաս են ժամանակ առ ժամանակ աշխատում, իսկ Նվերին հատկացվող հաշմանդամության և երեք կամ վեց ամիսը մեկ միանվագ նպաստի գումարներով փորձում ենք միայն մեր նվազագույն կարիքները հոգալ»,-ասաց Ռուզաննան և շնորհակալություն հայտնեց աջակից Վարդանյան ընտանիքին՝ իր ընտանիքի հանդեպ ուշադրություն և հոգածություն ցուցաբերելու համար:

Արև Նվերը շատ հոգատար և աշխատասեր զավակ է: Նա մի շարք նախասիրություններ ունի. թեև կարդալ չգիտի, բայց սիրում է գրքերի նկարները նայել, սիրում է երգել, պարել, սկսել է հաճախել «Արև-երեխաներ» ՀԿ-ի Արևի թատրոն և ցանկանում է դերասան դառնալ: Նվերը նաև շատ աստվածասեր է և ի զարմանս շատերի՝ մանրամասնորեն պատմում է մանուկների Աստվածաշնչի նկարների պատմությունները: «Ես շատ եմ սիրում Աստծո հետ խոսել, իմ ամենամեծ ցանկությունն է Աստծուն տեսնել, ես զգում եմ Նրան իմ սրտում և աղոթում եմ Աստծուն, որ ինձ բժշկի»,- ասաց Նվերը:

Քրիստոսի առաքյալներից ամենափոքրը և ամենասիրելին՝ Հովհաննեսը, իր կյանքի վերջին տարիներին՝ արդեն զառամյալ տարիքում, անընդհատ կրկնում էր՝ զավակնե՛րս, սիրեք միմյանց: Երբ աշակերտները հարցնում են նրան, թե ինչո՞ւ է նա այդ խոսքերն իրենց հաճախակի կրկնում: Նա պատասխանում է՝ եթե դա կատարեք, ամեն ինչ կատարած կլինեք: Առաքյալի կարճ պատասխանն իր մեջ կարևոր ճշմարտություն է պարունակում, այն, որ քրիստոնեական սերը մերձավորի հանդեպ սկիզբն է առաքինի կյանքի և հուսալի միջոցն Աստվածճանաչողության: Քրիստոնյա անհատը դեռ մանկուց գիտելիքներ է ստանում Աստծո մասին, իսկ գիտելիքներն իրական Աստվածճանաչության միջոց կարող են համարվել, եթե կյանք դառնան: Չոր և վերացական հասկացողությունն Աստծո մասին

իրենք իրենցով, առանց գործունեության անկյանք են, ինչպես հավատն առանց գործերի, ինչը ունեն չար ոգիները «և սարսափում են» (Հակոբ. 2:19): Կենդանի Աստվածճանաչողությունը հնարավոր է միայն սիրո միջոցով: Առաքյալն ասում է. «Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն» (Ա Հովհ. 4:8):

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն