Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն»

Քրիստոսի առաքյալներից աստվածային սիրո քարոզիչ և սիրո առաքյալ սուրբ Հովհաննեսը պատգամում է, որ առանց սիրո անհնար է ճանաչել Աստծուն. եթե ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց ատում ենք մեր եղբորը, նշանակում է, որ չենք սիրում նաև Աստծուն. «Ով մնում է սիրո մեջ, նա միացած է մնում Աստծուն, և Աստված էլ՝ միացած նրան: Եթե Աստծո հանդեպ սերն այսպես կատարյալ է մեր մեջ, ապա դատաստանի օրը համարձակ կկանգնենք Աստծո դիմաց, որովհետև այս աշխարհում ապրում ենք ճիշտ այնպես, ինչպես Քրիստոսն Ինքն ապրեց» (Ա Հովհ. 2:3, 4:16-18): Շատ հաճախ մարդիկ իրենց կյանքում մոռանում են ամենագլխավորի՝ մերձավորի հանդեպ սիրո մասին: Սուրբ Գիրքն, առաջին նորադարձների կյանքը նկարագրելով, մատնանշում է այն սիրո ոգին, որով նրանք տարբերվում էին մյուսներից: Եվ Տերը դատաստանի օրը մարդկանց հարցնելու է, թե ինչպես են վերաբերվել մերձավորին. այցելե՞լ են հիվանդին, բանտարկյալին, կերակրել ու մխիթարե՞լ են կարիքավորին (Մատթ. 25:31-44):

Եկեղեցական համայնքային կյանքից ներս սիրո ոգին է, որ կյանքի է կոչում մերձավորին աջակցելու մի շարք ծրագրեր: Դեկտեմբերի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Հարությունյան Թեհմինեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը՝ չցանկանալով իր անունը նշել: Թեհմինեն իր ամուսնու և երկու զավակների հետ բնակվում է Արամուս գյուղի 10 փ. 10 տնակում, որը զուրկ է կենցաղավարության տարրական պայմաններից: Ընտանիքի կրտսեր զավակը՝ Անգելինան (5տ.), Դաունի համախտանիշ ունի: Թեհմինեն շնորհակալություն հայտնեց «Արև-երեխաներ» ՀԿ-ին և աջակից անձին՝ ուշադրության ու աջակցության համար:

«Սեր ունեցողն Աստծո կամքն է կատարում և աշակերտում Քրիստոսին. «Եթե դուք միմյանց սիրեք, դրանով մարդիկ կիմանան, որ դուք Իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:35), սա է մարդկանց ուղղված աստվածային պատգամը: Սերը չի մրցակցում, չի զրպարտում ընկածին, եղբորը զրկանքի մեջ չի թողնում, այլ կարեկցում և հոգ է տանում նրա մասին»,- ասել է Ս. Եփրեմ Ասորին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն