Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Զրույցներ հոգեբանի հետ․ մաս 2-րդ

Նախորդ հոդվածում սկսեցինք խոսել այն հիմնական խնդիրների մասին, որոնցով ծնողները դիմում են հոգեբանի։ Այս հոդվածում շարունակում ենք ներկայացնել ամենից հաճախ տրվող հարցերը։
«Ի՞նչ է կատարվում, երեք տարեկանի ճգնաժա՞մն է սկսվում։ Ինչպե՞ս վարվել երեխայի հետ։ Ինչպե՞ս սովորեցնել նրան ավելի հանգիստ արտահայտել հույզերը։»
Մոտավորապես երեք տարեկանում ճգնաժամ է սկսվում։ Երբեմնի հանգիստ փոքրիկը հանկարծ դառնում է համառ, ինքնագլուխ, չլսող ու հակառակվող։ Փոքրիկի ներաշխարհում փոփոխություններ են կատարվում, նա առաջին անգամ է իրեն բացահայտում որպես անհատի, առաջին անգամ է ծանոթանում սոցիալական նորմերին, սակայն դեռևս կարողանում է միայն ընդդիմանալ դրանց։
Ճգնաժամի հիմնական դրսևորումը նեգատիվիզմն է։ Այն պետք է տարբերել հակառակվելուց ու չլսելուց՝ մեծահասակների պահանջների հանդեպ բացասական ռեակցիայից, հակառակն անելու ձգտումից։ Երեխան դրանով կարծես ինքնահաստատվում է։ Հենց այդ պահից է սկսում անձի կայացումը։ Եթե այդ տարիքում մեծահասակն իրենը պնդի՝ ճնշելով երեխայի՝ իրեն շրջակա աշխարհից տարանջատելու ձգտումը, ապա կարող է կոտրել անհատականությունը հենց զարգացման սկզբում։ Միևնույն ժամանակ, եթե ամեն բան արվի երեխայի ցանկություններին տրվելով, ապա սեփական արարքների հանդեպ պատասխանատվությունը չի ձևավորվի։ Ինչպե՞ս վարվել։
Լավագույն բանը, որ մեծահասակները կարող են անել այդ փուլում, հարգելն է, հարգել երեխայի հույզերը, նրա ինքնուրույն լինելու ցանկությունը և ամեն բան ինքնուրույն անելու անզորությունը։ Երեխայի հետ «մեծահասակ» խաղալ (խոհարար, բժիշկ և այլն), ներգրավվել որոշակի աշխատանքներում (սեղան գցել, պայուսակը բերել և այլն) և հիանալ նրա պատրաստակամությամբ (մեծի նման ես և այլն), առաջարկել ինքնուրույն ըտրել (ինչ ուտել, հագնել և այլն) և ընդունել նրան, չփորձել ամեն բան անել նրա փոխարեն, խոսել նրա հետ այնպես, կարծես խոսում եք մի մարդու հետ, որի կարծիքը հետաքրքրում է ձեզ։ Պետք է սիրել երեխային և ցույց տալ, որ նա թանկ է ձեզ համար անգամ երբ համառում է, լաց է լինում կամ քմահաճություն անում։
Ծնողները պետք է տարբերեն չլսելն ու ինքնուրույնության պահանջը։ Երեխայի համար պետք է հստակեցնել թույլատրելիի սահմանները՝ հաշվի առնելով նրա տարիքն ու հնարավորությունները։ Կանոնները պահելու անհրաժեշտության հարցում հաստատակամություն և հետևողականություն դրսևորելով՝ ծնողները երեխայի համար կանխատեսելի միջավայր են ստեղծում, նա գիտի, որ կանոնի խախտումը հանգեցնում է ակնհայտ հետևանքների։ Այդ նրան ապահովության, պաշտպանվածության, կոմֆորտի զգացում է տալիս․ նա հստակ գիտի, որ իրեն թույլ չեն տա անել անթույլատրելին, իրեն պաշտպանում են և պահում։ Սահմանների բացակայությունը հանգեցնում է անվտանգության զգացման սպառմանը, դրան փոխարինելու է գալիս տագնապայնությունն ու իմպուլսիվությունը, որոնք արգելակում են զարգացումը։ Ընտանիքում վարքի կանոնները սահմանում են մեծահասակները՝ հիմնվելով առողջ բանականության վրա, հասկանալով, որ հասարակության մեջ նույնպես երեխան գործ է ունենալու կանոնների հետ, որոնք պետք է պահել։
Մեծահասակները պետք է չմոռանան, որ հաճախ տարիքային ճգնաճամի վառ դրսևորումները պայմանավորված են այն բանով, որ ծնողները ժամանակին չեն նկատել երեխայի մեծանալը և չեն հասկացել, որ պետք է շատ բան փոխեն նրա հետ շփման հարցում։ Հարաբերություններում փոփոխություններն ավելի դրամատիկ են լինում այն ընտանիքներում, որտեղ ուշադրության կենտրոնում երեխան է։
Ճգնաժամն անցողիկ է, և ճիշտ մոտեցման դեպքում 4-5 տարեկանում երեխայի վարքն ավելի ադեկվատ է դառնում։
«Կատարյալ երեխաներ չեն լինում, արդեն սովորել եմ գլուխ հանել որոշ խնդիրներից, իսկ թե տագնապայնության դեպքում ինչ անեմ, չգիտեմ։»
Ծնողներն օգնության են դիմում, երբ վախը ճնշում է երեխային, նրա ակտիվությունը, նախաձեռնողականությունը և հաճախ հանգեցնում է անօգնականության։ Մի վախը պայմանավորված է լինում տարիքով (վախ անծանոթ մարդկանցից, միջատներից, մթությունից, հրեշներից, կտրուկ ձայներից և այլն), այդ դեպքում վախը բնական երևույթ է, որը վկայում է երեխայի երևակայության և մեծանալու մասին, նա սկսում է հասկանալ, որ աշխարհն այնքան էլ ապահով չէ։ Տարիքային վախը վաղ թե ուշ անցնում է, ավելի հեշտ է անցնում, երբ ծնողները կարողանում են չանտեսել, չծաղրել և ֆիզիկապես ու հուզականորեն երեխայի կողքին լինել։ Ասել նրան, որ զգում են, որ նա վախենում է, որ նրա կողքին են․․․
Այլ բնույթի վախը (վախ բժշկից, արյան հետազոտության նմուշ վերցնելուց, ռենտգենից և այլն) այսպես թե այնպես կապված է մարմնի հետ։ Այդ դեպքերում հարկավոր է կանխավ խոսել երեխայի հետ, նրան նախապատրաստել, բացատրել, թե ինչ է կատարվելու, խաղալ իրավիճակը տիկնիկի օգնությամբ կամ էլ միասին պատմություն հորինել։
Երեխայի հետ սենյակում մնալու հնարավորություն գտեք, եթե ագամ լաց է լինում և ընդդիմանում, նրան մի նախատեք դրա համար։ Ձեր խնդիրը նրան աջակցելն է, պետք է այնպես անել, որ նա հնարավորինս թեթև տանի միջամտությունը։
Կարևոր է նաև, որ կարողանաք հաղթահարել ձեր հույզերը՝ կապված երեխայի վախի հետ, ծնողների հանգստությունն ու լավ տրամադրվածությունը երեխային շատ են պետք։
Ուշադրություն դարձրեք, այն վախերը, որոնք ժամանակավոր են, տարիքային բնույթի, բնական են և վկայում են երեխայի հոգեկան զարգացման մասին։ Լինում է, սակայն, նաև այլ տեսակի վախ՝ նևրոտիկ։ Դրա հիմքում տրավման է, հոգեկան ցնցումը, դաժանությունը հարաբերություններում, ընտանեկան վեճերը, ինչպես նաև երեխայի բարձր տագնապայնությունը։
Ծնողները, որոնք ունեցել են կամ ունեն նևրոտիկ վախ, զայրանում են երեխայի վրա, ինչն ավելի է ուժեղացնում տագնապը, արդյունքում երեխան այլևս չի համարձակվում բարձրաձայնել իր վախի մասին։ Իսկական նևրոտիկ վախը զարգանում է հենց այն դեպքում, երբ երեխան ստիպված է լինում լռել և չի կարողանում պատմել իր վախի մասին։ Այդ տեսակ վախն ինքնուրույն չի անցնում, հարկավոր է դիմել մասնագետի (հոգեբանի, հոգեթերապևտի) և փոխել դաստիարակման ոճը։
«Լավ է, որ երեխան ագրեսիվ չէ, ոչ ոքի չի նեղացնում, սակայն միաժամանակ պետք է, չէ՞, սովորել պնդել սեփական կարծիքը, շփվել այլ երեխաների հետ։ Ինչպե՞ս այդ սովորեցնել։»
Կան երեխաներ, որ ակտիվ հետազոտողներ են (սկզբում անում են, հետո մտածում), կան երեխաներ էլ, որ ակտիվ դիտորդներ են (նախ մտածում են, յոթն անգամ չափում, մեկ անգամ կտրում), այսինքն փորձի կուտակումը տարբեր կերպ է լինում։ Այդ պետք է հաշվի առնել և չակնկալել, որ երեխա-դիտորդը բուռն ակտիվություն ցուցաբերի իր համար բարդ իրավիճակում։ Անհանգստացնող է, եթե երեխան խուսափում է հասակակիցների հետ շփումից, չափից շատ զգայուն է քննադատության հանդեպ, չի պաշտպանում ինքն իրեն։
Երեխան սովորում է պաշտպանել իր տեսակետը, դրսևորել իրեն՝ ընտանիքում իր հանդեպ հարգանք զգալով, այն իրավիճակներում, որոնցում ծնողները հաշվի են առնում նրա կարծիքը։ Ծնողներից մեկի տագնապայնությունն անգամ կարող է ճնշել երեխայի՝ հասակակիցների հետ խաղալու կամ նորը բացահայտելու բնական ցանկությունը։ Փոքրիկը սովորում է այլ երեխաների հետ շփվել, երբ, օրինակ, տեսնում է, թե ինչպես է ծնողը խաղահրապարակում կոնֆլիկտային իրավիճակում լուծում առաջարկում։ Մի խոսքով՝ ծնողները կարող են օգնլ երեխային հասակակիցների հետ շփման դրական փորձ ստանալ, կարող են սովորեցնել դեռևս վաղ տարիքից նրան հասարակական կյանքում ներգրավելով։
«Այսօր մի դեպք է պատահել, և շատ անհանգիստ եմ։ Նախկինում այդպիսի բան չի եղել։ Ի՞նչ անեմ, որ չկրկնվի։»
Ագրեսիվություն։ Գուցե բոլոր ծնողներն էլ այս կամ այն չափով բախվել են այդ խնդրին։ Երեխան զայրանում է ձեզ վրա, վիրավորում է այլ երեխայի, ցավեցնում է կենդանիներին, ցուցադրաբար կոտրում է խաղալիքը և այլն։ Այդ պահվածքի պատճառները տարաբնույթ են ու բազմաթիվ։ Կարևոր է, որ այն չամրապնդվի և չդառնա երեխայի՝ իր հույզերն արտահայտելու հիմնական ձևը, չխանգարի շրջապատի հետ նորմալ հարաբերությունների հաստատմանը։ Պետք է պարզել ագրեսիվության պատճառը, հասկանալ, թե ինչն է ցասում առաջացրել կամ վիրավորել երեխային։ Հնարավոր է նաև, որ երեխան ինչ-որ իրավիճակներում բացասական հույզեր չի ապրում, չի իմանում ինչպես խաղա կամ էլ խոսքի ձևավորված չլինելու պատճառով հետաքրքրություն չի ցուցաբերում։ Այդ դեպքերում ծնողների խնդիրը երեխայի պահվածքը փոխելու համապատասխան միջոցներ առաջարկելն է՝ կախված պատճառից։
«Երեխաս շատ նյարդային է, 3,5 տարեկան է, հաճախ է գլուխը խփում պատին կամ հատակին։ Շատ քմահաճ է, դիպչում է ամեն բանի, հատկապես հեռուստացույցին, կոտրում է ամանեղենը, տեղում չի նստում, չի լսում իր հետ խոսողին։»
Չափազանց մեծ ակտիվություն։ Շարժուն, ակտիվ և զգայուն երեխաներն ավելի շատ են հակված վարքային պոռթկումների։ Քանդել-կոտրելով երեխան արտահայտում է իր բացասական հույզերը՝ ձանձրույթը, հոգնածությունը, տագնապը, զայրույթն ու խանդը․․․ Այդ դեպքում ծնողները պետք է պարզեն, թե ինչու է երեխան փորձում ուշադրություն գրավել և բավարարեն երեխայի պահանջմունքը կամ էլ նրան սովորեցնել այլ կերպ արտահայտել իր հույզերը։
Կարևոր խնդիրը բացասական վարքի պատճառը հասկանալն է, հարկավոր է ճանաչել այն հույզը կամ պահանջմունքը, որի վրա ուշադրություն է հրավիրում երեխան, և օգնել նրան բավարարել այն։
Երեխայի քմահաճության և սանձարձակության մեկ այլ պատճառ կարող է լինել ծնողների հուզական վիճակի փոփոխության հանդեպ զգայունությունը։ Այլ կերպ ասած՝ երեխան կարող է տարբեր ձևերով (հիմնականում՝ վատ) հայտնել որևէ բան, և ծնողները պետք է հասկանան, թե ինչ։
«Երեխան խանդում է եղբորը և ագրեսիվ վարք դրսևորում։ Նրան մշտապես ցույց ենք տալիս, որ իրեն ու եղբորը հավասար ենք սիրում, բայց միևնույնն է նեղանում է։ Եղբոր ձեռքից խլում է ամեն բան, կծում է նրան։ Ի՞նչ անել այդ դեպքերում։»
Նոր երեխայի ծնունդը կարող է դրամատիկ լինել ավագների համար։ Անհանգստացնող է, եթե 18 ամսական և ավելի մեծ երեխան ընդհանրապես չի խանդում։ Երկու տարեկան երեխաներն այդ ուղիղ են արտահայտում՝ գաղտնի մոտենում են անկողնուն և հարվածում նորածնին, եթե ծնողները չեն հասցնում կանգնեցնել նրան։ Ավելի մեծ երեխաները փորձում են զսպել խանդը։
Ավագ երեխան լիովին բնական խանդ է զգում, քանի որ առաջին անգամ տեսնում է, թե ինչպես են ծնողները հիանում ոչ միայն իրենով, այլև այլ երեխայով։ Պետք չէ սփոփել ինքներդ ձեզ, որ հավասար սիրով եք սիրում երեխաներին։ Սկզբում մայրը տարված է լինում նորածնով, այդ պատճառով էլ հայրը պետք է պգնի ավագ երեխային հաղթահարել դժվար շրջանը։
Երեխայի խանդն արթնանում է նաև այն ժամանակ, երբ փոքրիկն սկսում է քայլել, պաշտպանել իրեն և իր խաղալիքները։ Վեճն ու ծեծկռտուքը բնական են և որոշ ժամանակ անց երեխաներն աստիճանաբար սկսում են միասին խաղալ, սակայն դեռևս արդիական է մնում սեփական տարածքի տարանջատումը, ծնողների ուշադրության համար մրցակցելը։
Պետք է, որ ավագ երեխան իր տարածքն ու խաղալիքներն ունենա, որոնք հասանելի չեն փոքրին։ Եթե ծնողները հասկանում են, որ մեծ երեխայի ագրեսիվությունը կապված է տագնապային վիճակի և բնական մրցակցության հետ և ոչ թե դաժանության, եթե նրանք իսկապես կարեկցում են նրան և օգնում հարմարվել նոր իրավիճակին, ապա այդ դրսևորումներն ավելի հեշտ են անցնում։
Կարևոր է հասկանալ, որ քույրերն ու եղբայրներն իսկապես մրցակցում են, պայքարում են ուշադրության, ծնողների ժամանակի ու հոգատարության համար, նրանք դեռ պետք է սովորեն պայմանավորվել՝ մրցակցելով միմյանց հետ։ Միևնույն ժամանակ նրանք նաև «բախտակից ընկերներ» են, քանի որ ծնողները չեն կարող ամբողջովին պատկանել իրենցից որևէ մեկին։ Բացի այդ, կան մեծահասակների կյանքի ոլորտներ, որոք ծնողները փակ կպահեն և՛ մեկի, և՛ մյուսի համար։
Եթե ծնողների հարաբերությունն ամուր է և առողջ, ապա երեխաները կարող են հավակնել նրանց ժամանակի մի մասին միայն՝ հոգատարությանն ու ուշադրությանը։ Եղբայրների ու քույրերի հարաբերություններում էլ պետք է լինի մի անկյուն, որը փակ կլինի ծնողների, մեծահասակների համար։ Միևնույն ժամանակ անհրաժեշտ է ժամանակ հատկացնել նաև ամբողջ ընտանիքի համար, ընդ որում՝ կարևոր է, որ յուրաքանչյուր անդամն ունենա իր սեփական և ընտանեկան ժամանակը։
Աղբյուրը՝ downsideup.org Թարգմանությունը՝ Լիլիթ Մուրադյանի

Թողնել մեկնաբանություն