Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Աստվածպաշտությունը կայանում է առատ ողորմությամբ»

Մարտի 27-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Մնացականյան Նունեին (35 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Նունեն միայնակ է խնամում իր երկամյա դստերը՝ Հասմիկին, ով Դաունի համախտանիշ ունի: Նրա ամուսինը երեխայի ծնունդից հետո առաջարկել է կնոջը երեխային մանկատուն հանձնել և նրա մերժումը ստանալով՝ հրաժարվել է ընտանիքից: Նունեն իր արև Հասմիկի հետ բնակվում է մայրիկի տանը, որ գտնվում է Մուրացան 6 փ. 183 տ. հասցեում: «Փոքրիկս սրտի արատ ունի, նրան շունտավորել են և այժմ պատրաստում են սրտի վիրահատության: Ես չեմ կարողանում աշխատել, քանի որ զբաղված եմ երեխայի խնամքով, մայրս է միայն աշխատում: Փորձում ենք մեր կարիքները հոգալ մայրիկիս աշխատավարձի և երեխայիս տրամադրվող հաշմանդամության գումարներով: Շնորհակալ եմ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցուն և «Արև-երեխաներ» ՀԿ-ին այն բոլոր հոգևոր և նյութական աջակցությունների համար, որ ցուցաբերում են իմ ընտանիքին»,- ասաց Նունեն:

Աստծո կամքը տեսանելի է Նրա պատվիրաններում, որոնք և քրիստոնյան ջանում է կատարել: Մարդու փրկությունը պայմանավորված է իր մերձավորով. «Ոչ ոք թող չմտածի միայն իր մասին, այլ նաև իր ընկերոջ մասին» (Ա Կորնթ. 10:24): Աստծո հանդեպ սեր ունեցողը, հանուն մերձավորի բարիքի, պատրաստ է հրաժարվել իր ցանկություններից: Ըստ հայրաբանության՝ Պողոս առաքյալը չի հորդորում, որ մարդն իր օգուտը չփնտրի, այլ միայն այն դեպքում, երբ այն կարող է վնասել մերձավորին: Այս սկզբունքով առաջնորդվելու դեպքում մարդիկ իրապես կձևավորեն աստվածահաճո և երջանիկ հասարակություն: «Աստվածպաշտությունը կայանում է առատ ողորմությամբ, նեղության ու վշտի մեջ եղողներին այցելությամբ, այդպիսինն անիմանալի բարության վայելչությանը կարժանանա նաև երկրի վրա՝ իր բարեգործության փոխարեն առատ բարություն գտնելով»,- ասել է Ս. Հովհան Մանդակունին:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.