Հունիսի 20-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն այցելեց Ավետիսյան ընտանիքին, ուր մեծանում է Դաունի համախտանիշ ունեցող արև աղջնակը՝ ութամյա Էլիզան: Տեր Գրիգորի հետ ընտանիքին էին այցելել Նուբարաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Բարդուղիմեոս քահանա Հակոբյանը և Դաունի համախտանիշ ունեցող 23-ամյա Արթուրի մայրը՝ տիկին Աղավնին:
Արև Էլիզան մեծ ոգևորությամբ դիմավորեց հյուրերին՝ ուրախությամբ ցույց տալով իր պարանոցի խաչը, որ այդ օրն իր կնքահորից էր նվեր ստացել: Փոքրիկը հյուրերի հետ ծանոթանալուց անմիջապես հետո անցավ իր նախասիրություններից մեկին. այս անգամ տիկին Աղավնիի սմարթֆոնով սկսեց իր սիրելի մուլտֆիլմը դիտել: Ընտանիքի հետ ջերմ զրույցի ընթացքում տիկին Աղավնին իր փորձառությունից կարևոր խորհուրդներ տվեց երիտասարդ ծնողներին Էլիզայի կրթության հետ կապված, ապա նաև անդրադարձան այն խնդիրներին, որոնց այսօր հանդիպում են Դաունի համախտանիշ ունեցող երեխաները և նրանց հարազատները:
Էլիզան ծնվել է սրտի արատով, երկու ամսեկանում նա սրտի բարդ վիրահատություն է անցել, որ լուծել է երեխայի սրտի հետ կապված խնդիրները:
«Երբ ծնվեց մեր Էլիզան և տեղեկացանք, որ նա Դաունի համախտանիշով է ծնվել և սրտի արատ ունի, ծանր ապրումներ ունեցանք, ամուսինս պսորիազով հիվանդացավ, բայց մեր փոքրիկի օգնությամբ աստիճանաբար հաղթահարեցինք ծանր ապրումները: Հրաշք բալիկ է մեր Էլիզան, իր նմանը միայն ինքն է, որտեղ էլ որ գտնվի, իր ներկայությամբ ուրախություն է պարգևում բոլորին: Նա ամեն օր աղոթում է Աստծուն իր հայրիկի առողջության համար: Երբ մեզ հարցնում են, թե ինչ խնդիր ունի երեխան, երբևէ չենք խուսափել ասելուց, որ մեր բալիկը Դաունի համախտանիշ ունի: Վերջին շրջանում առիթ ունեցա ծանոթանալու Դաունի համախտանիշ ունեցող երկու երեխաների ծնողների հետ, բայց դադարեցրի նրանց հետ շփումս՝ տեսնելով, թե ինչպես են խուսափում իրենց երեխաների նկարները սոցցանցում դնելուց: Տրանսպորտում էլ ստիպված եղա մի կնոջ կոպտել, ով Դաունի համախտանիշով երեխա ուներ և խղճաց ինձ՝ ասելով, որ հասկանում եմ քեզ»,- ասաց Էլիզայի մայրը՝ Անժելան (33 տ.):
Հոգատար ծնողները Էլիզային սրտի վիրահատությունից հետո բազմաթիվ մասնագետների մոտ են տարել, որպեսզի երեխան ժամանակին քայլի և խոսի: Էլիզան շատ անմիջական է, սիրում է բակում խաղալ, ազատ շփվում է իր հասակակիցների հետ: Նա սովորում է Երևանի թիվ 11 հատուկ դպրոցի երկրորդ դասարանում:
«Երեկ Էլիզան ինձ ասաց՝ մամա ես քեզ շատ եմ սիրում, ասա ինչի՞, երբ հարցրեցի՝ ինչո՞ւ, պատասխանեց՝ որովհետև ինձ կյանք ես տվել»,-պատմեց Անժելան:
Էլիզան իր նորածին քրոջ, ծնողների, տատիկի, հորաքրոջ և նրա երկու աղջիկների հետ բնակվում է Նուբարաշեն 11 փ. 11/14 բն. հասցեում: Տեր Գրիգորը բազմանդամ ընտանիքին որպես օժանդակություն հանձնեց գումար (50 000 դրամ), որ տրամադրել էր համայնքի անդամ Արմեն Բաղդասարյանը: Տեր Հայրը շնորհակալություն հայտնեց երիտասարդ ընտանիքին, որ արև Էլիզան ընտանիքում է մեծանում և ոչ մանկատանը՝ ստանալով ընտանեկան սեր և ջերմություն:
Կարինե Սուգիկյան