Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Սերն ու ողորմածությունն անբաժանելի են

Բոլոր առաքինությունների մեջ առանձնահատուկ տեղ ունի ողորմածության առաքինությունը, քանի որ ահեղ դատաստանին Տերը ողորմածներին է մեծագույն երանության արժանացնելու. «Եկե՛ք, Իմ Հո՛ր օրհնյալներ, և ժառանգեցե՛ք այն Արքայությունը, որ պատրաստված է ձեզ համար աշխարհի սկզբից ի վեր» (Մատթ. 25:31-46): Սերը մարդուն ողորմածության է մղում և ինչպես աղն է սննդին համ տալիս, այնպես էլ սերն է իրական արժեք տալիս այս առաքինությանը: Սերն ու ողորմածությունն անբաժանելի են: Ինչպես ողորմածությունն առանց սիրո, այնպես էլ սերն առանց ողորմածության սակավ արժեք ունեն Աստծո համար: Նույնն է պարագան հավատի առումով. ինչպես հավատն է մեռած առանց գործերի (Հակոբ. 2:26), այնպես էլ բարի գործերն առանց հավատի չեն կարող փրկել հոգին:

Նոյեմբերի 13-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու և «Արև-երեխաներ» ՀԿ-ի սոցիալական ծրագրերի շրջանակում, Փափազյան Արմինեին (45 տ.) դրամական օգնություն հանձնեց (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ մեր հայրենակցուհիներից մեկը, որը ցանկացավ անհայտ մնալ: Արմինեն իր տղայի և կրտսեր դստեր՝ Կարինայի հետ մայիսին Ռուսաստանի Դաշնությունից եկել է Հայաստան, որպեսզի տղան Հայոց բանակում ծառայի: Ընտանիքը բնակվում է ազգականի տանը, որ գտնվում է գ. Խարբերդ 21-րդ փ. 106/6 հասցեում: Կարինան (7 տ.) Դաունի համախտանիշ ունի, նա սիրում է երգել, պարել: Երեխայի ծնունդից հետո ընտանիքի հայրը լքել է ընտանիքը, որն այժմ ֆինանսական խնդիրներ ունի: «Ես չեմ կարողանում աշխատել, ընտանեկան նպաստ էլ դեռ չենք ստանում, ավագ դուստրս է Ռուսաստանի Դաշնությունից ժամանակ առ ժամանակ օգնում: Շնորհակալ եմ աջակից անձին՝ օգնություն ձեռք մեկնելու համար»,- ասաց Արմինեն:

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, ասում է. «Տվե՛ք, և Աստված կտա ձեզ. կտա լավ չափով, բերնեբերան, զեղուն առատությամբ» (Ղուկ.6:38): Իսկ սաղմոսերգու Դավիթն ասել է. «Երանի նրան, ով մտածում է աղքատի ու տնանկի մասին. փորձանքի օրը Տերը կփրկի նրան» (Սաղմ. 40:2): Աստծո խոսքը միշտ իրագործվում է, այդ են վկայում սրբերի վարքագրությունները: Մի տարի, որ ոչ բերքատու էր, Հայր Սավվան և մեկ ուրիշ վանական աղքատներին բաժանում են վանքում եղած վերջին պաշարները, մյուս վանականներն սկսում են տրտնջալ նրանց դեմ՝ նրանց արածն ավելորդ առատաձեռնություն համարելով: Սակայն երանելի հայրերը մխիթարում են նրանց՝ հորդորելով սպասել Բարձրյալի օգնությանը, որը չի ուշանում: Տիրոջ նախախնամությամբ վանքում շատ ավելի մթերք է գոյանում, քան նախկինում էր:

 

Կարինե Սուգիկյան

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published.