Օգոստոսի 18-28-ը Վանաձորում և Երևանում անցկացվեց «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 9-րդ միջազգային փառատոնը, որ կրում էր «Միասին կարող ենք» կարգախոսը: Միջազգային փառատոնի շրջանակներում հանդես եկան նաև «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ»-ը (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան): Նշենք, որ փառատոնի համերգային ծրագրերին ներառված էին խոցելի խմբի երաժիշտներ, որոնք իրենց կատարումներով հաստատեցին, որ իրենք ստեղծագործական մեծ ներուժ ունեն և միասին կարող են: Օգոստոսի 27-ին Ս. Աննա և Ս. Կաթողիկե եկեղեցիների տարածքում «Արևային զանգակներ»-ը կոմիտասյան կատարումներով ազդարարեցին օրվա համերգային ծրագրի բացումը: Մեծ էր արևների ուրախությունը, նրանց ոգևորությունն ու անմիջական կատարումները համակել էր ներկաներին՝ եկեղեցու տարածքը լիացնելով կոմիտասյան շնչով: «Արևային զանգակներ»-ի ջերմ կատարումները նախորդեցին հայտնի դաշնակահար, միջազգային բազմաթիվ մրցույթների դափնեկիր Հայկ Մելիքյանի ելույթին:
«Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի միջազգային փառատոնն ամենամյա իրադարձություն է, որը հոգևոր և մշակութային ժառանգությունը վերարժևորելու, այլ երկրների ժողովուրդների հետ մշակութային երկխոսություն ծավալելու և դրա համատեքստում ինքնաճանաչման և ազգային գիտակցության բարձրացման հրաշալի առիթ է:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։