Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

«Արև-երեխաներ» ՀԿ այցելեցին արևների սիրելի ու սպասված ընկերները

«Արև-երեխաներ» ՀԿ այցելեցին արևների սիրելի ու սպասված ընկերները

Հունիսի 20-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնը հյուրընկալել էր Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի հոգևոր սպասավոր Տեր Վազգեն քահանա Մովսիսյանին, երեցկնոջ Սյուզն Մովսիսյանին և ուխտավոր հավատացյալներին: Արդեն երկրորդ տարին է, որ Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմը, առաջնորդ Տ. Հովնան արք. Տերտերյանի օրհնությամբ, մեծ աջակցություն է ցուցաբերում «Արև-երեխաներ» ՀԿ-ին՝ դառնալով արև երեխաների բարեկամն ու ընկերը:

Կենտրոնում արև երեխաների բարեկամները ծանոթացան կենտրոնի կողմից մատուցվող ծառայություններին, իրագործված աշխատանքներին և գալիք ծրագրերին։ «Արևային զանգակներ»-ն իրենց համերգային ծրագրով ուրախ անակնկալ մատուցեցին  իրենց սիրելի ու սպասված ընկերներին: Տեր Մովսեսն արև երեխաներին, նրանց ծնողներին և կենտրոնի աշխատակիցներին փոխանցեց Հովնան Սրբազանի օրհնությունը, մաղթեց, որ Տիրոջ օրհնությամբ կենտրոնը նորանոր հաջողություններ գրանցի իր գործունեության մեջ՝ ուրախություն պարգևելով իր բոլոր բարեկամներին ու ընկերներին:

«Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն իր և արև երեխաների անունից  կրկին անգամ որդիական խոնարհումը բերեց և շնորհակալություն հայտնեց Հովնան Սրբազանին՝ համագործակցության և տարիների աջակցության ու օրհնության համար, նաև երախտագիտության խոսք ուղղեց Տեր Վազգենին և իր համայնքին՝ այցելության և աջակցության, նաև ապագայում առավել ամուր համագործակցության համար:

Քրիստոնյայի համար բարի գործը հավատի բնական արտահայտությունն է: Այս մասին Հակոբոս առաքյալն ասել է՝ ինչպես հավատն առանց գործերի մեռած է, այնպես էլ միայն բարի գործերն առանց հավատքի չեն փրկում հոգին (Հակոբ. 2:14-18):

 

Կարինե Սուգիկյան