Հունիսի 23-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն այցելեց Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի Սան Ֆրանցիսկոյի Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Մեսրոպ քահանա Աշը: «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Տեր Հորը ներկայացրեց, թե ինչ ծառայություններից են օգտվում կենտրոն հաճախող արև երեխաները և ինչ նոր ծրագրեր են նախատեսվել կյանքի կոչել: Ծանոթանալով կենտրոնի գործունեությանը՝ Տեր Մեսրոպն ասաց. «Խորապես ներշնված եմ «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոնի կողմից կատարված աշխատանքով: Հնարավորություն ունենալով անմիջականորեն ականատես դառնալ կենտրոնի գործունեությանը՝ մեծագույն ակնածանքով եմ լցված արժանապատիվ Տեր Գրիգորի և կենտրոնի աշխատակազմի հանդեպ: Ձեր անմնացորդ նվիրումն ու ծառայասիրությունը արժանի է բարձր գնահատանքի և երախտագիտության: Սան Ֆրանցիսկոյի հայ համայնքը մեծ ոգևորությամբ կշարունակի կենտրոնի հետ համագործակցությունը՝ իր լուման ունենալով կենտրոնի կարևոր առաքելության մեջ: Մաղթում եմ հաջողություն, նորանոր ձեռքբերումներ և բեղմնավոր գործունեություն»:
Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, հիմնել է եկեղեցին հանուն մարդկության փրկության: Քրիստոսահիմն եկեղեցու անդամները կիսում են նույն հավատը, միասին աղոթում են և միասնական ուժերով կյանքի կոչում Աստծուն և մերձավորին սիրելու մեծագույն պատվիրանները: Չկա քրիստոնյայի համար ավելի մեծ երջանկություն, քան Աստծու հանդեպ ծառայությունն է, Նրա կամքի իրագործումը, որ սկիզբ է առնում մերձավորի հանդեպ ծառայությունից:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։