Հունիսի 15-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևային զանգակներ» համույթը «Սօս-Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հրավերով «Հաղթանակ» զբոսայգում մասնակից եղավ բարեգործական համերգին, որ կազմակերպել էր «Ազնավուր» հիմնադրամը: «Արևային զանգակներ»-ի (գեղարվեստական ղեկավար՝ Մանուշ Հարությունյան) կատարմամբ ներկաներն ունկնդրեցին Շառլ Ազնավուրի գործերից և հայկական ժողովրդական երգեր: Արևներն իրենց կատարումներով ուրախություն պատճառեցին ներկաներին և կրկնապատիկ ուրախություն ապրեցին. ողջ համերգային ծրագրի ընթացքում պարեցին՝ շատերին մասնակից դարձնելով իրենց ուրախությանը: Բարեգործական համերգը նաև ներառական նպատակ ուներ. «Սօս-Մանկական Գյուղեր»-ի երեխաները հաղորդակցվեցին և ծանոթացան զբոսայգի այցելած երեխաների հետ: «Սովորաբար, մեր արևների համար են միշտ աջակցության ծրագրեր ու համերգներ կազմակերպվում, այս անգամ մեր արևներն իրենց աջակցությունը բերեցին և օգտակար եղան այլ երեխաների»,- ասաց «Արևային զանգակներ»-ի գեղարվեստական ղեկավարը:
«Ազնավուր» հիմնադրամի հովանավորությամբ արևներն ու «Սօս-Մանկական Գյուղեր»-ի երեխաները օգտվեցին հյուրասիրությունից, ցանկությամբ դեպքում նաև՝ զբոսայգու խաղային ատրակցիոններից: Համերգային ծրագրի ողջ հասույթը տրամադրվեց «Սօս-Մանկական Գյուղեր»-ում բնակվող կյանքի դժվարին իրավիճակում գտնվող երեխաներին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։