Հոկտեմբերի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու երիցատան դահլիճում «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արևի» թատրոնի սաներն ու նրանց ծնողները, «Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում, դիտեցին «Նարնիայի քրոնիկոնը» ֆանտազիոն ժանրի յոթ վեպից բաղկացած պատումի երրորդ վեպի՝ «Արքայազն Կասպիան»-ի հիման վրա նկարահանած ֆիլմը:
Ֆանտազիոն ժանրի հերթական ֆիլմն արևները դիտեցին մեծ հետաքրքրությամբ, ապա «Արևի» թատրոնի գեղավեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը երեխաների հետ քննարկեց, թե ինչ ներքին փոփոխություններ էին ապրել առաջին և երկրորդ ֆիլմերի նույն կերպարները, ինչ մարտահրավերներով էր ֆիլմը տարբերվում առաջինից և ինչպես էին գլխավոր կերպարները դրանք հաղթահարում:
Քննարկումից հետո թատրոնի գեղարվեստական ղեկավարն արևներին հանձնարարեց՝ ընթերցելու Լուիս Քերոլի «Ալիսը հրաշքների աշխարհում» վիպակը, ինչից հետո նրանք դիտելու են նաև ֆիլմը: «Ինձ համար կարևոր է, որ երեխաները վիզուալից բացի գրական գործերին էլ ծանոթանան, ինչը նպաստում է նրանց մոտ մտածողության, խոսքի և հաղորդակցական կարողությունների ձևավորմանն ու զարգացմանը, բարոյական արժեքների ձեռքբերմանը»,- ասաց Արևիկը:
«Արվեստը՝ զարգացման ուղի» ծրագրի շրջանակում հերթական ֆիլմի դիտումը «Արևի» թատրոնի սաներին բարոյական դաս տալուց զատ սովորեցրեց մտածել, մարզել հիշողությունն ու ուշադրությունը, զարգացնել երևակայությունը:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։