Հուլիսի 12-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի, հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի, «Արև» թատրոնի գեղավեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր Արևիկ Յայլոյանի և «Արևային զանգակներ»-ի գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի ուղեկցությամբ, հետաքրքիր և ուրախ շրջագայություն ունեցան: Հետաքրքիր օրն սկսվեց աղոթքով. հասնելով Գեղարդավանք՝ արևները, Տեր Գրիգորի գլխավորությամբ, միասնաբար աղոթեցին, ապա «Արևային զանգակները», գեղարվեստական ղեկավար Մանուշ Հարությունյանի գլխավորությամբ, հնչեցրին հոգևոր երաժշտություն, որ ուրախություն և խաղաղություն պարգևեց վանքում ներկա ուխտավորներին:
Արևների հետաքրքիր օրը հետաքրքիր շարունակություն ունեցավ Գառնիի ջերմ հյուրատան հարկից ներս, ուր արև Սարգիսը գաթա, իսկ մյուս արևները Տեր Գրիգորի հետ միասին կաթնահաց պատրաստեցին: Արևները մասնակից եղան յուրօրինակ վարպետաց դասին և վայելեցին դասի քաղցր պտուղները՝ յուրահատուկ համով ու հոտով գաթան և կաթնահացը, որոնց գլխավոր բաղադրիչները սերը և ջերմությունն էր: Նշենք, որ Սարգիսը ապագա խոհարար է և իր համար մեծ ուրախություն էր գաթայի պատրաստման ողջ ընթացքը: Արևների հետաքրքիր օրն եզրափակվեց ուրախ ժամանցով, որ բարձր տրամադրություն, ժպիտ և դրական լիցքեր փոխանցեց նրանց:
Հատուկ հոգեբան, մանկավարժ Աննա Գևորգյանը նշեց, որ ծրագրի շրջանակում կայացավ ներառականությանն ուղղված հերթական շրջագայությունը. «Մինչ այդ հեռավար դասընթացներին մասնակից ավագ և միջին տարիքային խմբերի սաները ծանոթացել էին հայկական ավանդական գաթայի ծագմանը, տեսակներին, պատրաստման եղանակներին և զարդանախշերին, իսկ այսօր ծանոթացան, թե ինչպես է այն պատրաստվում»:
«Ուրախալի է տեսնել, որ «Արև երեխաներ» ՀԿ-ի ամեն մի ծրագիր նպաստում է արևների ներառականությանը և դրանցից յուրաքանչյուրը կենսական մի քայլ է, որ օգնում է մեր արևներին՝ կյանքի տարբեր ոլորտներում հանդես գալու որպես հասարակության հավասար անդամներ»,- ասաց Տեր Գրիգորը:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։