Մարտի 14-ին «Արև երեխաներ» ՀԿ-ի սաներն ու նրանց ծնողները, ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և հատուկ հոգեբան, մանկավարժ, վարքային թերապիստ Աննա Գևորգյանի ուղեկցությամբ, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը դիտեցին «Երգեհոնային հեքիաթներ. ճամփորդություն երգեհոնի կախարդական աշխարհ» համերգ-ներկայացումը:
Հեքիաթային սյուժեները, խաղերն ու կատակները, զվարճալի և ինտերակտիվ զրույցները արևներին տեղափոխեցին երևակայական ճամփորդության՝ բացահայտելով երգեհոնի կախարդական աշխարհը: Նրանք լսեցին երգեհոնային ստեղծագործություններ, հետաքրքիր ձևաչափով ծանոթացան գործիքի կառուցվածքին. երգեհոնը ունի սիրտ, թոքեր, ձայնալարեր, որ խողովակներն են, որոնք եթե առողջ են, լավ երաժշտություն է հնչում, երգեհոնը ունի նաև ընկերներ, որ երգեհոնահարներն ու կոմպոզիտորներն են:
Արևները երաժշտական հեքիաթային աշխարհում ապրեցին հագեցած ու հիշարժան օր՝ ծանոթանալով երգեհոնի յուրահատուկ հնչեղությանն ու երաժշտական արվեստին: Համերգ-ներկայացումը մեծ ուրախություն պարգևեց արևներին, նաև հնարավորություն՝ նոր փորձառություն ձեռք բերելու և շփվելու արվեստի տվյալ դրսևորման հետ: Բացի ջերմ ու ոգեշնչող մթնոլորտից համերգ-ներկայացումը նաև ներառական միջավայր էր ձևավորել, ստեղծել հավասար հնարավորություններ՝ օգնելով զարգացնել երեխաների ստեղծագործական ու ճանաչողական կարողությունները:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։