Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Ժամանակի մասին պատկերացումների ձևավորումը Դաունի համախտանիշ ունեցող երեխաների մոտ

Երեխաների համար կարևոր է ձևավորել գիտելիքներ տարվա եղանակների և օրվա մասերի մասին, ինչպես նաև հասկանալ սլաքավոր ժամացույցի աշխատանքի սկզբունքը։ Քանի որ Դաունի համախտանիշ ունեցող երեխաների համար ժամանակը որպես վերացական հասկացություն ընկալելը դժվար է, անհրաժեշտ է նրանց տրամադրել լրացուցիչ աջակցություն՝ հիմնվելով տեսողական նյութերի և նրանց անձնական փորձի վրա։

Տարվա եղանակներ

Տարվա եղանակների, դրանց բնորոշ առանձնահատկությունների և պարզ եղանակային երևույթների («ցուրտ է», «տաք է», «անձրև է գալիս», «ձյուն է գալիս» և այլն) մասին պատկերացումներ ձևավորելիս կարևոր է երեխաներին հնարավորություն տալ տարվա տարբեր եղանակներին անմիջականորեն ուսումնասիրել բնության օբյեկտները՝ խոտը, ծառերի ճյուղերն ու տերևները և այլն։ Օրինակ՝ կարելի է պարապմուքին  դույլով ձյուն բերել, թույլ տալ երեխաներին դիպչել դրան, դիտել, թե ինչպես է այն հալվում։Կերպարվեստի պարապմունքների ընթացքում կարելի է բամբակից պատրաստված «ձյուն» սոսնձել կտրված ճյուղի վրա, իսկ իսկական դեղնած աշնանային տերևները փակցնել նկարած ծառին կամ ներկել դրանք և ստանալ տպավորություններ թղթի վրա։

Արդյունավետ տեսողական միջոց է երեխաների հետ համատեղ պատրաստված «Տարվա եղանակներ» շրջանաձև պաստառը՝ մեծ շարժական սլաքով, որը պտտվում է շրջանաձև և ցույց է տալիս տվյալ եղանակին համապատասխան հատվածը, որտեղ պատկերված են բնության տվյալ եղանակին բնորոշ երևույթներն ու առանձնահատկությունները։

Ստացած գիտելիքների ամրապնդման նպատակով ծնողներին խորհուրդ է տրվում առօրյա կյանքում երեխաների հետ ուսումնասիրել բնության տարբեր երևույթներ՝ բողբոջած ճյուղեր, նոր աճած խոտ և այլն՝ այդ ամենը ուղեկցելով սեփական հուզական արձագանքով և համապատասխան մեկնաբանություններով։ Օրինակ՝ որպես տնային առաջադրանք կարելի է երեխաների հետ փոքրիկ ձնեմարդ պատրաստել, պահել այն սառցախցիկում, ապա մի քանի անգամ դիտարկել և քննարկել «Ձմեռ» թեման։

Օրվա մասեր

Օրվա մասերի վերաբերյալ պատկերացումները հստակեցնելու համար նույնպես անհրաժեշտ է կիրառել տեսողական նյութեր։ Ամենաարդյունավետ և երեխաների կողմից ամենասիրված տարբերակը նրանց սեփական լուսանկարների օգտագործումն է, որոնք արված են առօրյա, իրենց համար ծանոթ գործողությունների ընթացքում։ Դրանք կարող են արտացոլել օրվա տարբեր ժամերին կատարվող սովորական գործողություններ՝ լվացվելը, ատամները մաքրելը, հագնվելը, նախաճաշելը, սեղանի շուրջ զբաղվելը, հեռուստացույց դիտելը, զբոսնելը, լողանալը, քնելը և այլն։

Փորձը ցույց է տալիս, որ երեխայի սեփական լուսանկարների օգտագործումը զգալիորեն բարձրացնում է նրա հետաքրքրվածությունն ու մասնակցությունը, ինչի շնորհիվ ուսուցման արդյունքներն առավել արդյունավետ են լինում։Այս նյութի ամրապնդման համար նպատակահարմար է երեխաների հետ պատրաստել նաև «Օրվա մասեր» շրջանաձև պաստառ, որի գրպանիկներում կարելի է տեղադրել համապատասխան պատկերներ (օրինակ՝ աղջիկը սանրվում է, ճաշում է, լողանում է, քնում է), ինչպես նաև «առավոտ», «ցերեկ», «երեկո», «գիշեր» բառերով քարտեր՝ գլոբալ ընթերցանության նպատակով։ Պաստառը կարելի է լրացնել նաև այդ գործողություններին բնորոշ փոքրիկ պատկերներով՝ սանր, ապուրով ափսե, շամպուն, բարձ և այլն։

Ժամացույց

Սլաքավոր ժամացույցի աշխատանքի սկզբունքի ընկալումն անմիջականորեն կապված է օրվա մասերի մասին պատկերացումների ձևավորման հետ։ Որպես ցուցադրական և անհատական ուսումնական նյութ նպատակահարմար է օգտագործել շարժական սլաքներով խաղալիք ժամացույցներ։Միաժամանակ անհրաժեշտ է երեխաներին ծանոթացնել նաև իրական  ժամացույցների հետ, քննարկել դրանց նշանակությունն ու օգտակարությունը մարդկանց, ինչպես նաև հենց իրենց առօրյա կյանքում։

Ստացած գիտելիքներն ամրապնդվում են գրաֆիկական առաջադրանքների միջոցով, երբ երեխաներին առաջարկվում է, օրինակ, գունավորել ժամացույցը, նկարել սլաքները կամ թվերով քարտերը փակցնել համապատասխան տեղերում։

Օգտակար կլինի, եթե յուրաքանչյուր երեխա ունենա իր սեփական ձեռքի ժամացույցը՝ խոշոր և հստակ թվանշաններով, ինչը կօգնի ավելի հեշտ ընկալել ժամանակի մասին պատկերացումները։

 

Ռուսերենից թարգմանությունը՝  Վալյա Գրիգորյանի

 

Նյութի աղբյուր՝

Серия «Ребенок с синдромом Дауна и особенности его развития».

Подготовка к школе детей с синдромом Дауна. Методическое пособие.

Под общей редакцией Н. А. Урядницкой.

Благотворительный фонд «Даунсайд Ап».

Москва, 2012.

Թողնել մեկնաբանություն

Your email address will not be published. Required fields are marked *