Արև երեխաներ
Զանգահարեք մեզ՝ +37491 047704
Նվիրաբերել

Արևները օդաչու Ռոբերտ Չոբանյանի հետ բացահայտեցին երկինքն ու ավիացիան

Արևները օդաչու Ռոբերտ Չոբանյանի հետ բացահայտեցին երկինքն ու ավիացիան

Սեպտեմբերի 6-ին օդաչու Ռոբերտ Չոբանյանը հյուրընկալվել էր «Արև-երեխաներ» ՀԿ-ի կենտրոն և հանդիպում ունեցել արևների հետ՝ նրանց հետ անցնելով  փոքրիկ մի ճամփորդություն ավիացիայի աշխարհով: Հանդիպումն անցավ ջերմ ու անմիջական մթնոլորտում. արևները ոչ միայն ծանոթացան օդաչուի մասնագիտական գաղտնիքներին, այլև հնարավորություն ունեցան լսելու հետաքրքիր պատմություններ թռիչքների մասին: Օդաչուն ներկայացրեց ինքնաթիռի հիմնական մասերը՝թևերը, շարժիչները, ֆյուզելաժը (իրանը) և բացատրեց, թե դրանցից յուրաքանչյուրն ինչ նշանակություն ունի թռիչքի  ընթացքում: Արևների համար հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես է ինքնաթիռը կարողանում բարձրանալ երկինք, պահպանել հավասարակշռությունը և անվտանգ  թռչել մեծ հեռավորություններ:

Ռոբերտ Չոբանյանն անդրադարձավ նաև ինքնաթիռի  լույսի գաղտնիքներին՝ նշելով, թե դրանք ինչպես են օգնում օդաչուներին և օդանավի անձնակազմին կոմնորոշվելու երկնքում, հատկապես գիշերային թռիչքների ժամանակ: Երեխաները ծանոթացան նաև այն աշխատանքին, որ ապահովում է յուրաքանչյուր թռիչքի անվտանգությունը: Օդաչուն ներկայացրեց մի կարևոր գաղափար ևս, որ ավիացիան միայն օդաչուի մասնագիտություն չէ, այլ մեծ ու համախմբված  թիմի աշխատանքը և որ յուրաքանչյուրն իր կարևոր դերն ունի ընդհանուր գործում: Անդրադարձ եղավ եղանակի ազդեցությունը ավիացիայի  վրա, խոսվեց, թե ինչպես են մասնագետները նախապես ուսումնասիրում եղանակային պայմանները և որոշումներ կայացնում թռիչքի անվտանգությունն ապահովելու համար:

Ողջ հանդիպման ընթացքում արևները քայլ առ քայլ բացահայտեցին երկինքն ու ավիացիան՝ անմոռանալի մի օր ապրելով ավիացիայի աշխարհում: Հանդիպումն ավարտվեց հարց ու պատասխանով, և Ռոբերտ Չոբանյանն առավել ակտիվություն ցուցաբերած արևներին նվերներ փոխանցեց: «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց օդաչու Ռոբերտ Չոբանյանին, որ հետաքրքիր մատուցմամբ արևներին նոր գիտելիքներ ու տպավորություններ փոխանցեց ավիացիայի աշխարհից, բացահայտեց նրանց հետաքրքրությունները, ընդլայնեց աշխարհընկալումը և խթանեց հավատ սեփական հնարավորությունների նկատմամբ:

 

Կարինե Սուգիկյան