Հոկտեմբերի 25-ին, Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի ունեցավ «Արև-երեխաներ» ՀԿ-ի «Արև» թատրոնի «Ջելսոմինոն և խաբեբաների աշխարհը» ներկայացումը՝ ըստ իտալացի գրող Ջաննի Ռոդարիի համանուն հեքիաթի։ Ներկայացումը դիտելու էին եկել «Արև-երեխաներ» ՀԿ-ի բազմաթիվ բարեկամներ ու աջակիցներ։ Ներկա էր նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
«Արև» թատրոնի սաներն իրենց անմիջական, անկեղծ ու հուզական դերակատարմամբ սեր, ջերմություն և դրական լիցքեր փոխանցեցին հանդիսատեսին՝ ստեղծելով անմիջական կապ բեմի և դահլիճի միջև։
Ջաննի Ռոդարիի հեքիաթի հիման վրա ստեղծված բեմադրությունը խորհրդանշական անդրադարձ էր մարդու ներաշխարհում ընթացող պայքարին, կասկածների ու վախերի հաղթահարմանը և ստեղծագործական ուժի արթնացմանը։ Ներկայացման գաղափարական շերտերի և բեմադրության ստեղծագործական մտահղացման մասին խոսեց «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արևիկ Յայլոյանը. «Ցանկանում էի, որ այս բեմադրությունն իր մեջ կրի թերապևտիկ տարր և ներկայացնի մարդու մեջ տեղի ունեցող ամենօրյա պայքարի մասին, որը նկատելի չէ արտաքին աշխարհին, թերևս մարդն էլ այն երբեմն չի նկատում»։
Նրա խոսքով՝ մարդու կասկածներն ու վախերը կարող են միահյուսվել արտաքին աշխարհից եկող անվստահությանն ու քննադատությանը՝ աստիճանաբար սահմանափակելով սեփական կարողությունների հանդեպ հավատը և խոչընդոտելով ստեղծագործելու ազատությանը։ «Բեմադրության մեջ հեքիաթի կերպարները հնարավորություն են տալիս անդրադառնալու մարդու ներաշխարհի տարբեր ասպեկտներին՝ մտքերին, ներքին ձայնին, ինտուիցիային, իր մեջ ապրող երեխային և բնավորության այն գծերին, որ մշտապես շարժման մեջ են։ Դրանք հաճախ անտեսանելի են մնում ոչ միայն շրջապատի, այլև հենց մարդու համար։ Դրանք ճանաչելու և հասկանալու համար անհրաժեշտ են կամք, ուշադրություն և սեփական ներաշխարհին անդրադառնալու պատրաստակամություն։ Ժամանակակից վազքի մեջ դա դարձել է ճոխություն, և մարդը շատ անգամ վրիպում է դրանից»,– ընդգծեց ռեժիսորը՝ հավելելով, որ այս թեմաների շուրջ զրույցներ է ունեցել թե՛ երեխաների, թե՛ ծնողների հետ։
«Բեմադրության առանցքային կերպար Ջելսոմինոն խորհրդանշում է արվեստը՝ լինի դա կինոն, գրականությունը, թատրոնը, թե նկարչությունը, որոնց շնորհիվ Աստված խոսում է մեզ հետ, դառնում է դեպի մեզ և դիպչում մեր սրտին՝ մեզ վերադարձնելով մեզ: Արվեստի միջոցով մեր ներքին ուժերը կարող են արթնանալ վայրկենապես»,– նշեց Արևիկ Յայլոյանը՝ բացատրելով, որ ներկայացումը հենց այդ ակնթարթի գեղարվեստական պատկերումն է։ Արվեստի հետ հանդիպումը շարժման մեջ է դնում մարդու ներքին ուժերը, արթնացնում ստեղծագործական կարողությունները և օգնում պայքարելու կասկածների ու վախերի դեմ, որոնք բեմադրության մեջ մարմնավորում են ծովահենները։
Այսպիսով, ինչպես ներկայացրեց Արևիկը, բեմադրությունը դիտողին հրավիրում է բացահայտելու իր ներաշխարհը, ճանաչելու ներքին հակասությունները և գտնելու այն ուժը, որ կարող է օգնել հաղթահարելու դժվարությունները։ Սակայն ներքին խաղաղությունն ու ինքն իր հետ համերաշխությունը, ինչպես ընդգծում է բեմադրության գաղափարական ուղերձը, մեկ անգամ ձեռք բերված և անփոփոխ վիճակ չեն։ Մարդը մշտապես գտնվում է ներքին պայքարի, հաղթահարման և երբեմն նաև նահանջի ընթացքի մեջ։
Ռեժիսորի համար առանձնահատուկ կարևորություն ունի նաև այն հանգամանքը, որ այս գործընթացը տեղի է ունենում ոչ միայն մեծահասակների, այլև արև երեխաների կյանքում. «Նրանց ներաշխարհում ևս կարող են ծագել կասկածներ, վախեր ու ներքին պայքարներ, որոնց հաղթահարման ճանապարհին շրջապատի աջակցությունը, հասկացված լինելու զգացումը և արվեստի հետ հանդիպումը կարող են նշանակալի դեր ունենալ։ Բեմադրությունը արևների կողմից նաև հրավեր է յուրաքանչյուր հանդիսատեսի՝ մի պահ կանգ առնելու առօրյա շտապողականության մեջ, լսելու ինքն իրեն և ուշադրություն դարձնելու սեփական ներաշխարհին։ Մեր ներաշխարհին անդրադառնալը չպետք է դառնա ճոխություն, այլ լինի բնականոն ընթացք, քանի որ դա հիգիենայի պարագա է մարդու ներքին աշխարհի համար»,– իր խոսքը եզրափակեց Արևիկ Յայլոյանը։
«Արև» թատրոնի սաների անկեղծ ու անմիջական խաղն արժանացավ դահլիճի ջերմ ընդունելությանն ու երկարատև ծափահարություններին: Ներկայացման ավարտին Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ, «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր Արևիկ Յայլոյանին, թատրոնի սաներին ու նրանց ծնողներին՝ կարևորելով նրանց նվիրվածությունն ու համատեղ աշխատանքի արդյունքը։ «Տասը տարի առաջ ոչ ոք չէր հավատա կամ պատկերացնի, որ Դաունի համախտանիշով երեխաները, բեմ դուրս գալով, հանդես կգան թատերական ներկայացմամբ։ Այսօր դա իրականություն է, ինչը կրկին փաստում է, որ նրանք կարող են։ Վստահաբար նրանց ավելի մեծ բեմերում կտեսնենք»,– ասաց Տեր Հայրը։
Տեր Գրիգորը շնորհակալություն հայտնեց նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին, որ, չնայած զբաղվածությանը, մշտապես ներկա է եղել արև երեխաների ներկայացումներին ու միջոցառումներին՝ իր ներկայությամբ քաջալերելով երեխաներին։ Այնուհետև ներկաներին իր խոսքն ուղղեց Անահիտ Մանասյանը՝ շնորհավորելով Տեր Գրիգորին, «Արև» թատրոնի գեղարվեստական ղեկավարին և սաներին՝ ներկայացման հաջողության առիթով։
«Կիրակի երեկոն հաճելի ձևաչափով անցկացրինք՝ շնորհիվ «Արև» թատրոնի դերասանական կազմի։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Տեր Գրիգորին, որ իր կարևոր առաքելությամբ շատերի կյանքերն է փոխել՝ նպաստելով, որ հասարակական միջավայրը փոխի իր ընկալումները մարդկանց առանձնահատկությունների հանդեպ։ Իրականում բոլորս ենք առանձնահատուկ և նման չենք միմյանց։ Կարևոր է, որ հասարակական միջավայրում իրականություն դարձնենք փոփոխությունների ընկալումը՝ նկատի ունենալով մեր առանձնահատկությունները, հարգենք ու սիրենք միմյանց, այսինքն՝ սիրենք բազմազանությունը»,– նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։
«Արև» թատրոնի սաներն իրենց բեմական ներկայությամբ ևս մեկ անգամ ապացուցեցին, որ ստեղծագործական ներուժը սահմաններ չի ճանաչում, իսկ հասարակության իրական առաջընթացը սկսվում է յուրաքանչյուր մարդու առանձնահատկությունները հարգելուց, նրա հնարավորություններին հավատալուց և ինքնադրսևորվելու համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելուց:
Կարինե Սուգիկյան

Մեկնաբանությունները անջատված են։