Դեկտեմբերի 18-ին «Արև-երեխաներ» ՀԿ-ի մեծ ընտանիքը «Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրում մասնակցեց ամանորյա տոնախմբությանը: Ուրախ անակնկալներով լի օրը մեծ ուրախություն էր պատճառել արևներին: Հեքիաթի հերոսները, հանդիսավոր օրը տոնական խաղերով ամբողջացնելով, տոնական բարձր տրամադրություն պարգևեցին արևներին: Հաջորդ առանձնահատուկ նվերը արևներին մատուցեց նրանց սիրելի բարեկամը՝ սիրված երգչուհի Սոֆի Մխեյանը: Երգչուհու կատարումների ներքո արևները հայտնվեցին իրենց սիրելի պարային աշխարհում:
Ողջ երեկոյի ընթացքում ամանորյա ջերմ ու անկեղծ մաղթանքները պարուրել էին արևների մեծ ընտանիքին: Արևների ուրախությունը կրկնապատկվեց, երբ ժամանեցին սպասված և սիրելի հյուրերը՝ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը: Նրանք իրենց ներկայությամբ առավել ջերմացրին ընտանեկան մթնոլորտը՝ հեքիաթային աշխարհ նվիրելով արևներին: Ինչպես միշտ, այս անգամ էլ Ձմեռ Պապը ձեռնունայն չէր եկել, նա նվերներ էր պատրաստել իր թոռնիկների համար:
Այնուհետև բոլորին սպասում էր տոնական սեղանն ու համեղ հյուրասիրությունը: Տոնախմբության կազմակերպիչներն ամեն ինչ արեցին, որ ամանորյա տոնախմբությունն արևների համար դառնա պայծառ, հանդիսավոր, ուրախ և անմոռանալի: Տոնական և ուրախ օրվա ավարտին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ և «Արև-երեխաներ» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց արևների հավատարիմ բարեկամներին՝ «Վանա լիճ ռեզորթ» ռեստորանային համալիրի հիմնադիրներին՝ ամերիկաբնակ տեր և տիկին Սամվել Աղաջանյանին ու Էդիտա Շիգանյանին և տնօրենին՝ Սյուզի Մանուկյանին՝ արևներին ամանորյա ուրախ նվեր մատուցելու համար:
Բոլոր նրանք, ովքեր արևների հետ կիսեցին ամանորյա ուրախությունը, կրկնակի ուրախություն ապրեցին. արևները, սեր ստանալով, առատորեն սեր բաշխեցին բոլորին:
Կարինե Սուգիկյան
Մեկնաբանությունները անջատված են։